Կոմիտասի ծննդյան 155 ամյակին նվիրված համերգ-ցուցահանդես Քարդիֆում և Լոնդոնում

  • 10.06.2024
  • 0
  • 656 Views

Քլինգեն Երգչախումբը և Մշակութային Ասոցիացիան՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան և Ուելսի Հայ համայնքային կենտրոնի հովանու ներքո շաբաթ օրը՝ 2024 թվականի հունիսի 8-ին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Սուրբ Գերման եկեղեցում առաջին անգամ ներկայացրեց լայնածավալ համերգ-ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: Միջոցառման հեղինակն ու ղեկավարն էր մաեստրո Սիփան Օլահը։

Երաժիշտները և  հանդիսատեսների մի խումբ Լոնդոնից այցելեցին Ուելսում Քարդիֆ քաղաքի Խաղաղության տաճարի այգի, ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Քարդիֆում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողին:

Ուելսի Հայ Համայնքային Կենտրոնի (ACCW) հիմնադիր Ջոն Թորոսյանը ներկայացրեց  հիշատակի Խաչքարի կանգնեցման պատմությունը, որն իր նախաձեռնությամբ տեղադրվել է   Խաղաղության տաճարի պարտեզում 2007 թվականին՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Անուհետև Լոնդոնից ժամանած այցելուների խումբը զբոսնեց քաղաքի կենտրոնում՝ այցելելով Քարդիֆի ամրոցը, Ուելսի Թագավորական երաժշտական ակադեմիան և մի շարք այլ պատմամշակութային վայրեր:

Սուրբ Գերմանի եկեղեցու սրահում տեղի ունեցավ ընդունելություն-հյուրասիրություն և ցուցահանդես, որին հաջորդեց համերգ պատմական Սուրբ Գերման եկեղեցում:

Ցուցահանդեսում ներկայացված էին 18-ից 19-րդ դարի Օսմանյան կայսրության տարածքում հայ ոսկերիչների ձեռքով պատրաստված արծաթյա զարդեր, արվեստի յուրահատուկ նմուշներ։ Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում  Կոմիտասի ձեռագրերի, ձայնագրությունների և գրքերի, նոտաների ու խազերի բացառիկ ցուցահանդեսը։ Կարճ դասախոսությամբ հանդես եկավ ցուցահանդեսի կազմակերպիչ, նկարչուհի Մարիամ Թորոսյանը՝ որը բնակվում և ստեղծագործում է Քարդիֆում։

Միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ Սիփան Օլահը ՝ դիրիժոր/տենոր/դաշնամուր, համերգի ղեկավար, Եվգենյա Տերենտիևան՝ դաշնամուր, Հայարփի Եղիկյանը՝ սոպրանո, Նարինե Մալխասյանը՝ սոպրանո, Էլվիրա Մարգարյանը՝ սոպրանո, Հելեն Ռոթշելը՝ մեցցո-սոպրանո, Հակոբ Ջեք Մուրադյանը – հոբոյ, հանդես եկան սոլո կատարումներով։

Համերգին իրենց մասնակցությունը բերեցին նաև  Քլինգեն երգչախմբը և վոկալ անսամբլը։  Եվս մեկ հիանալի նախաձեռնություն իրականություն դարձավ՝  հայ երաժշտական ժառանգության մեծագույն գիտակի, նրա անմահության մաքրագործված և հղկված  պատառիկները փրկողի, պարզապես հանճարեղ կոմպոզիտորի՝ Կոմիտասի անմահ երաժշտական ​​ժառանգությունը մեկ համերգում ներկայացնելու։

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթ ունեցավ Կոմիտասի և նրա թողած թանկագին մշակութային ժառանգության մասին։ Նա կարևորեց Ուելսի հասարակության և հայ ժողովուրդների միջև ամուր կապը, համագործակցությունն ու բարեկամությունը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Քլինգեն Երգչախմբին և Մշակութային ասոցիացիային՝ գլխավորությամբ մաեստրո Սիփան Օլահի և Ուելսի Հայ համայնքային կենտրոնին՝ մեծն Կոմիտասի երաժշտության պրոֆեսիոնալ ներկայացման և ավելի քան 22 ստեղծագործությունների կատարումների համար։

Ուելսի Հայ Համայնքային Կենտրոնի (ACCW) հիմնադիր Ջոն Թորոսյանը հոբելյանական այս բացառիկ միջոցառման համար հատուկ Կոմիտասի անվան շքանշան-մեդալներ հանձնեց մաեստրո Սիփան Օլահին և Նորին Գերազանցություն դեսպան Վարուժան Ներսեսյանին։ Ջոն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց KCCA-ին հայ երաժշտությունն ու արվեստը  Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում ներկայացնելու և հանրահռչակելու շարունակական և նվիրված աշխատանքի համար։

Ուրախ ենք նշել, որ միջոցառման հյուրեր էին Սթիվեն Թոմասը, Հայր Նիկոլասը և Լեյբորիստ պատգամավոր Սթիվեն Դաութին, ինչպես նաև  հայ և ուելսցի երաժշտասեր հանդիսատեսը:

Սա փայլուն հնարավորություն էր առաջին անգամ ականատես լինելու Ուելսում Կոմիտասին նվիրված մեծամասշտաբ համերգ-ցուցահանդեսին և վայելելու գեղեցիկ Քարդիֆ քաղաքը։

Անցյալ ամիս՝ մայիսի 18-ին, Կոմիտասին նվիրված նույն համերգ-ցուցահանդեսը տեղի էր ունեցել Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում, որը KCCA-ի հերթական անմոռանալի միջոցառումներից էր՝ համագործակցությամբ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Սուրբ Սարգիս եկեղեցու։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում