Միջազգային լրագրողների խումբը Տաթևում. այցելություն «ՏաԹևեր»ճոպանուղի և Տաթևի վանական համալիր

  • 10.06.2024
  • 0
  • 120 Views

Հունիսի 8, 2024 թ.: Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին`«ՏաԹևերը», և միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և լուսավորչական կարևոր կենտրոններից մեկը համարվող Տաթևի վանական համալիրը այս շաբաթ հայտնվեցին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու տարեցտարի զարգացող գաստրոտուրիզմը բացահայտելու նպատակով մի խումբ լրագրողներ միջազգային հեղինակավոր պարբերականներից այս շաբաթ այցելել են Հայաստան՝ ծանոթանալու հայկական աշխարհի տեսարժան վայրերին, պատմամշակութային և հոգևոր կենտրոններին:

Հունիսի 7-ին միջազգային լրագրողական խումբը Տաթևում էր: Ճոպանուղուց օգտվելիս հյուրերը հնարավորություն ունեցան վայելու Որոտանի կիրճի պանորամիկ տեսարանը, «Սատանի կամուրջի» և Տաթևի Մեծ անապատի վրայով անցնող տպավորիչ թռիչքը, որի վերջին հանգրվանը 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրն է: Ճոպանուղու ամենաբարձր կետում (320 մ) հյուրերին սպասվում էր գաստրոնոմիկ փորձառություն` կազմակերպված «Չեչիլ» ՍՊԸ-ի կողմից, որը ներկայացնում է հայկական ավանդույթները, արհեստը, ժառանգությունն ու նրբագեղությունը ժամանակակից աշխարհում:

Թռիչքից հետո լրագրողական խումբը շրջայց կատարեց Տաթևի վանական համալիրում, ծանոթացավ Տաթևի դարավոր պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած դերին, ինչպես նաև տարածաշրջանի հետաքրքիր փաստերին, թվերին ու իրադարձություններին, այցելեց վանական խցեր և միջնադարյան Ձիթհանի թանգարանը:  

Իսկ ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ վերաբացված ՏաԹևաՏուն Միրհավի կողմից ռեստորանում հյուրերը բացահայտեցին հայկական խոհանոցի գաղտնիքները, ավանդական ուտեստների համն ու հոտը:

 «Սա առաջին անգամ չէ, երբ «ՏաԹևեր» ճոպանուղին և Տաթևի վանական համալիրը հայտնվում են միջազգային լրատվամիջոցնորի ուշադրության կենտրոնում: Տաթևը Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Այսօր ճոպանուղի է այցելում երկրի յուրաքանչյուր հինգերորդ հյուրը։ Դրա շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ. համեմատ աճել է 17 անգամ։ Հուսով ենք, միջազգային լրատվամիջոցների այցելություններն ու անդրադարձը կխթանի այս միտումը և աշխարհի տարբեր անկյուններից ավելի ու ավելի շատ մարդիկ կկարողանան բացահայտել այս եզակի ուղղությունը», – ասում է ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:

«ՏաԹևերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին և 13 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելու, երկու անգամ ճանաչվել է աշխարհում լավագույնը՝ ըստ World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության: Առաջին անգամ «ՏաԹևերը» հաղթել է 2021-ին, երկրորդ անգամ 2023-ին՝ գերազանցելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին:

«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը: «ՏաԹևեր»-ը կառավարում է Impulse Business Management ընկերությունը։  

***
Impulse Business Management-ը Հայաստանում հյուրանոցային և զբոսաշրջային ենթակառուցվածքների ոլորտում ակտիվների կառավարող ընկերություն է: Ընկերության պորտֆելում ընդգրկված են այնպիսի նախագծեր, ինչպիսին են աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹևեր»ը, Սրճարան#2 սոցիալական սրճարանը, «Տուն Արմենի» հյուրանոցային համալիրը, Հայաստանի ամենաերկար պարանայգին՝ Վերևը, Դիլիջանի քաղաքային զբոսայգին և այլն:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում