Իվան Դորնը կմիանա «Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիային․ արտիստը Երևանում կանցկացնի աշխատարան

  • 27.07.2026
  • 0
  • 12 Views

Հայտնի երգիչ, երաժիշտ, պրոդյուսեր և նորարարական երաժշտական նախագծերի հեղինակ Իվան Դորնը կմասնակցի «Նոթեյշնս» (Notations) միջազգային երաժշտական լաբորատորիային։ Հուլիսի 28-ին, ժամը 20:00-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կկայանա հանդիպում և երաժշտական սեսիա արտիստի հետ։

Իվան Դորնը ժամանակակից ուկրաինական երաժշտության ամենաազդեցիկ և ինքնատիպ ներկայացուցիչներից է։ Նա հայտնի է իր փորձարարական մոտեցմամբ, ժանրային սահմանները հատող երաժշտությամբ և նոր ձևաչափեր ստեղծելու ձգտմամբ։ Իր ստեղծագործություններում Դորնը համադրում է փոփ, ֆանկ, էլեկտրոնային երաժշտություն, ջազ, սոուլ և այլ ուղղություններ՝ ձևավորելով սեփական յուրահատուկ երաժշտական լեզուն։

Երաժիշտը նաև հայտնի է իր բազմակողմանի գործունեությամբ՝ որպես կատարող, պրոդյուսեր և ստեղծագործական նախագծերի հեղինակ։ «Նոթեյշնս»-ի շրջանակում Իվան Դորնը մասնակիցների և հանդիսատեսի հետ կկիսվի իր ստեղծագործական փորձով՝ խոսելով երաժշտության ստեղծման գործընթացի, արտիստի մտածողության, ձայնային որոնումների և ժամանակակից երաժշտական միջավայրի մասին։ Հանդիպման կարևոր մասը կլինի ջեմ սեշն ձևաչափը, որի ընթացքում երաժիշտները և մասնակիցները հնարավորություն կունենան միասին ստեղծագործելու՝ վերածելով հանդիպումը կենդանի երաժշտական փորձառության։

«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան այս տարի անցկացվում է «Ծեսեր» (Rituals) խորագրի ներքո և միավորում է 111 արվեստագետի, երաժշտի, հետազոտողի և կատարողի 27 երկրից։ Լաբորատորիային նախորդել է միջազգային բաց հայտ, որին մասնակցելու համար դիմել էին գրեթե 250 արվեստագետներ աշխարհի ավելի քան 38 երկրներից։

Փառատոնի և լաբորատորիայի ընթացքում մասնակիցներն աշխատում են նոր երաժշտական, ձայնային և միջդիսցիպլինար նախագծերի ստեղծման վրա։ «Նոթեյշնս»-ի ծրագրում ներառված են համերգներ, DJ սեթեր, ինստալյացիաներ, պերֆորմանսներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, քննարկումներ և աշխատարաններ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում