Երբ կյանքը հավերժանում է սիրով

  • 11.06.2024
  • 0
  • 302 Views

Մարդիկ կան, որոնք իրենց անցած ճանապարհով, գիտակցական կյանքով ու թողած ժառանգությամբ մի քանի կյանքի հետք են թողնում։ Ապրում են ու գործում անդադար, իրենց ուսերին տանելով հազար հոգս ու  ծրագիր։ Այդ նվիրյալներից էր իմ լավ բարեկամ Սերգո Երիցյանը, որ անցյալ տարի հրաժեշտ տվեց երկրային կյանքին՝  բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ թողնելով անկատար։

Հատկապես վերջին տարիներին կարծես զգալով, որ շատ քիչ ժամանակ ունի,  մի ծրագիրը չավարտած՝ նախաձեռնում էր մյուսը։ Ու այդ ամենի հիմքում լրագրողական պրպտումն էր՝ գտնել ու հանրության դատին հանձնել մինչ այդ չուսումնասիրված թեմաներ, մոռացված արժանավոր անհատների մասին պատմել ու ֆիլմեր նկարահանել, մասնագիտական գրքեր հրատարակել ու ձեռնարկներ կազմակերպել, ցուցահանդեսներ բացել ու նկարիչների  հավաքներ նախաձեռնել։ Իսկ Թումանյանի ժառանգության հանրայանացումն ու բացառիկ հրատարակությունների լույս աշխարհ գալը նրա անտրտունջ ջանքերի արգասիքն էր։

Իր բոլոր կոչումներից զատ սիրում էր հասարակ ՄԱՐԴ լինել,  գնահատում էր ընկերությունը, ընտանիքն ու հայրենիքը եւ այդ ամենը շաղկապող սերը։ Նա միանգամից մի քանի կյանք էր ապրում՝ լրագրողական, հասարակական-քաղաքական, դասախոսական ու գիտական, հանրային ու գրական, եւ այդ ամենը կատարում էր մեծ սիրով, անկեղծ նվիրվածությամբ ու մասնագիտական բարձր մակարդակով։ Դա էր նրա հաջողության բանալին։

Այսօր նա կդառնար 67 տարեկան։ Սակայն նրա ապրած օրերն ու տարիները մի քանի անգամ ավելին են, նրա թողած գրքերը, ֆիլմերը, հաղորդումներն ու հոդվածները շատ ավելի երկար են ապրելու, ավելի երկար են կրթելու ու լուսավորելու, կան ու մնալու են այն աղբյուրը, որ մշտապես հոսելու է ու չի կտրվելու։ Նրա չնկարահանած ֆիլմն այսօր իրականություն է դառնում՝ միայն թե առանց իր ֆիզիկական մասնակցության։

«Իմ ճանապարհը նորից կանցնեի» ասում էր Սերգոն մեր վերջին զրույցում՝ հաստատապես համոզված լինելով թումանյանական խոսքի արժեքը.

«Անց ենք կենում… միայն անմահ

Գործն է խոսվում՝ լավ ու վատ,

Ա՜խ երանի՝ ով մարդ կգա,

Ու մարդ կերթա անարատ»։

Նա մարդ եկավ, ու ՄԱՐԴ մնաց՝ նվիրյալ։

Հակոբ Ասատրյան

Պրահա

11.06.24

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում