2024 թվականի սեպտեմբերի 1-ին Ժնեւում Puplinge Classique(Պյուպլանժ կլասիկ) փառատոնը կնշի իր 15-ամյակը: Այն կեզրափակվի մեծ Գալա համերգով Victoria Hall համերգասրահում: Այս բացառիկ իրադարձությունը կմիավորի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներին, արվեստագետներին և հեղինակավոր նվագախմբերին՝ արտացոլելով այն երաժշտական բազմազանությունն ու գերազանցությունը, որոնցով հայտնի է փառատոնը:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Շվեյցարիայի ֆրանսիական երիտասարդական նվագախումբը հանդես կգան դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ:
Այս համագործակցությունը խոստանում է տարբեր խորհրդանշական ստեղծագործությունների նուրբ մեկնաբանություններ՝ առաջարկելով գեղեցիկ և զգայուն երաժշտական փորձառություն բարձրաճաշակ ունկնդրի համար:
Ելույթ կունենա նաև «Sine Nomine Quartet»-ը, որը հայտնի է դասական ծրագրի ճշգրիտ և մանրակրկիտ մեկնաբանությամբ: Մենակատարներից պետք է նշել դաշնակահար Ֆրանսուա-Քսավյե Պուազային և կլարնետահար Դամիան Բախմանին: Նրանք աչքի են ընկնում կատարողական արվեստի բազմազանությամբ և գեղեցկությամբ, ընտրված ստեղծագործությունների վիրտուոզությամբ ինչպես նաև արտահայտիչ մեկնաբանությամբ։ Նրանց անհատական կատարողական արվեստը միահյուսվելով նվագախմբերին ստեղծում են երաժշտական անմոռանալի հնչեղություն:
Այս երեկոն կնշանավորվի նաև շվեյցարացի երգչուհի Էլինա Դունիի մասնակցությամբ, ում գրավիչ և հուզիչ ձայնը կհարստացնի գալա ծրագիրը՝ հուզական խորություն և ոճային բազմազանություն հաղորդելով այս երաժշտական տոնակատարությանը։ Նա կկատարի ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շարլ Ազնավուրի LA BOHÈME երգը, ում կձայնակցի հանդիսատեսը:
2024-ը հատկանշական է, քանի որ ողջ ֆրանկոֆոն աշխարհը տոնում է մեծն Շարլ Ազնավուրի 100-ամյակը: Համերգը կայանալու է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության և Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո: Puplinge Classique-ի 15-ամյակի այս տոնակատարությունը մարմնավորում է փառատոնի շարունակականությունը՝ խթանելու դասական երաժշտությունն իր ողջ բազմազանությամբ և հարստությամբ:
Այս փառատոնի շրջանակներում առաջին «Հայկական երեկոն» տեղի է ունեցել 2013 թվականին, երբ ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց այս համագործակցության հիմքը դրած փառատոնի հայկական համերգաշարի համակարգող Անի Գասպարյանը, 2013-ից մինչեւ 2017 թթ Հայաստանի պետական կամերային նվագախումբը շարունակել է ելույթներ ունենալ տարբեր միջազգային ճանաչում ունեցող հայ և շվեյցարացի մենակատարների մասնակցությամբ, այդ թվում՝ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի։
Այնուհետեւ ելույթներ են ունեցել հայկական տրիոներ, քառյակներ, ազգային եւ դասական գործիքներով մենակատարներ, ինչպես օրինակ հիշատակման է արժանի քանոնահար Նարեկ Գազազյանի եւ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի մասնակցությամբ ելույթները։ Ի դեպ նրանց համագործակցության սկիզբը դրվել է այս փառատոնում՝ 2018 թվականին։
Վերջում ավելացնենք, որ Puplinge Classique փառատոնի հիմնադիրներն են դաշնակահար Ֆրանսուա-Քսավյե Պուազան, որը նաեւ գեղարվեստական տնօրենն է եւ կլարնետահար Դամիան Բախմանը։ Նրանք փառատոնը հիմնել են Ժնեւի մերձակա Puplinge ավանում։
Orer.eu
Sarasate, Zigeunerweisen opus 20, Diana Adamyan, violon (youtube.com)
2014 թվականի Գալա համերգը Վիկտորիա հոլում