67 տարեկան հասակում երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պետական և հասարակական գործիչ Սերժ Սրապիոնյանը։
Նա ծնվել է 1957 թվականին Արտաշար գյուղում։ Ստացել է բանասիրական կրթություն։ 1987-2013 թթ. եղել է ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։ 2013 թ. սեպտեմբերի 28-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 16-ը ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Այսօր ֆեյսբուքյան տարածքում անվանի գիտնականի կորուստը սգում են նրա հարյուրավոր ուսանողներ ու գործընկերներ։
Ինչպես գրել է ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Ջանոյանը՝ «Մեծ ցավ և կորուստ է մեր ազգի և ընտանիքի համար, ցավակցություններս ընտանիքին և հարազատ-բարեկամներին։ Պարոն Սրապիոնյան այդպես էլ չհասցրեցիք տեսնել մեր երազած, ուժեղ ու լուսավոր հայրենիքը։ Լավագույներն են հեռանում կյանքից։ Ձեր մաքրած և պայքարած հոգուն հանգստություն և խաղաղություն։ Աստծո լուսերում լինեք»։
Համազգայինի Երևանի գրասենյակը հրապարակել է. «Ցավով տեղեկացանք, որ երկարատև ծանր հիվանդության պատճառով կյանքից վաղաժամ հեռացել է գրականագետ, մեր ժամանակների բացառիկ մտավորական Սերժ Սրապիոնյանը։
Նա այն եզակի անհատներից էր, ով ոչ միայն ազգային մտածողության, ազգային արժեհամակարգի կրողն էր, այլև՝ այդ մտածողությունը սերունդներին փոխանցողն ու սերմանողը։ Հավատում ենք, որ նրա դաստիարակած սերունդն իր հետքն է թողնելու ապագայի կերտման պատասխանատու գործում։
Ցավակցում ենք ընտանիքին, հարազատներին ու ընկերներին, կիսում՝ կորստյան ծանր վիշտը։Աստված լույսերի մեջ պահի հոգին»։
Բանասեր Դավիթ Գյուլզադյանը գրում է. «Մարդու հեռացումը կյանքից ինքնին ցավալի իրողություն է, բայց երբ հեռացողը մշակույթիդ համար անձնուրացորեն ոգորող մեկն է, կրկնապատկվում է ցավը:
Միշտ չէ, որ համընկել են մեր հայացքները Հայաստանի` աշխարհաքաղաքական այս կամ այն տիրույթում տեղայնացվելու հարցում, բայց գիտեմ, որ նրա հայացքները համոզմունքի արտահայտություն էին: Պարտավոր եմ նկատել տալ, որ առավել ընդգրկուն առումով Սերժի հեռացման ողբերգականությունն այն է, որ նոսրանում է սեփական մշակույթին խորքային գնահատմամբ տեր կանգնող անհատների բանակը…
Խաղաղությո՛ւն հոգուդ, Սե՛րժ Սրապիոնյան»։
Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը գրել է. «ՍԳԱԿԻՐ, ՎՇՏԱԿԻՐ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ, ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ՍԵՐԺԻՆ ՃԱՆԱՉՈՂՆԵՐԻՆ
Սիրելի՛ Ռոզա,
Լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական ընկեր, այնուհետև գործընկեր, ինձ համար շատ սիրելի պետական-հասարակական գործիչ, մտավորական, դասախոս ու հրապարակախոս, իմ լավ բարեկամ Սերժ Սրապիոնյանի հետ։ Նա վիրահատությունից հետո լավատեսորեն և խորը հավատով էր խոսում, պնդում, որ դաժան հիվանդությունը տեղի է տալիս, որ իրեն լավ է զգում, որ ինքը կհաղթահարի, բայց, ավա՜ղ․․․
Ի՞նչ բառերով ցավակցեմ և ի՞նչ ասեմ՝ լեզուս պապանձվել է, միտքս՝ մթագնել, հոգիս հուզախռով է։ Անհավատալի և ծանր իրավիճակի մեջ ենք հայտնվել՝ հատկապես Սփյուռքի նախարարության աշխատակիցներս։
Ինչպե՞ս Սերժի մասին գրենք կամ խոսենք անցյալ ժամանակով։
Խորապես վշտակցում եմ մեզ բոլորիս, քանզի նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն Սրապիոնյան ընտանիքի, հարազատների, մերձավորների, գործընկերների, այլև բոլոր նրանց համար, ում թանկ է Սերժ Սրապիոնյան բազմավաստակ մտավորականը։ Նա հայրենասեր անհատ էր, սիրված դասախոս, ազգային արժեքներ կրող և տարածող գրականագետ, հմուտ մանկավարժ, ով ուսանողների բազում սերունդներ է կրթել ու դաստիարակել, զինել Հայ գրականության, մայրենի լեզվի մասին խոր գիտելիքներով, Հայրենիքն ու ժողովրդին ամեն ինչից վեր դասելու, Հայոց եկեղեցուն անմնացորդ ծառայելու վեհ գաղափարներով։
Բոլորս էլ լսում և տեսնում էինք , թե որքա՜ն ցավ ու անսփոփ վիշտ էր կուտակված նրա հոգում, ինչպիսի՜ տառապանք էր ապրում, երբ խոսում էր մեր Հայրենիքի համար նահատակված երիտասարդների, նրանց ընտանիքների, որբացած երեխաների, գերեվարվածների, ծանր իրավիճակում հայտնված հայրենի եզերքի մասին:
Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի։ Նրա կազմակերպչական ունակությունները, առաջնորդի հատկանիշներն ի հայտ եկան դեռևս ուսանողական տարիներից, երբ առաջնորդում էր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆալուլտետի ուսանողությանը։ Սերժ Սրապիոնյանի հետ կողք-կողքի հինգ տարի շարունակ մշակեցինք ու նախաձեռնեցինք բազում ծրագրեր՝ Հայրենիք-Սփյուռք գործակցությունը զարգացնելու համար։ Նա իր ողջ էությամբ, անձնուրաց նվիրումով աշխատեց, չխնայեց ժամանակն ու ջանքերը արևմտահայերենի պահպանության և զարգացման, Սփյուռքը Հայրենիքին առավել մոտեցնելու, Հայաստանի, Արցախի և հատկապես Սփյուռքի հայրենանվեր, ազգօգուտ մշակութային ծրագրերի արդյունավետ իրականացման համար։
Նա իր խորը և բազմակողմանի գիտելիքներով, հրապարակային տպավորիչ և ուսանելի ելույթներով, հռետորական անուրանալի արվեստով ոգևորում, ուժ էր տալիս իր հայրենակիցներին, զորաշարժի էր ենթարկում մարդկանց, նպաստում Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։
Որպես գրող, հրապարակախոս՝ նրա գործերը ազգային և հայրենասիրական պաթոսով լեցուն էին։
Հզոր մտավորականն ամեն օր Բարձրյալից խնդրում էր, որ խաղաղություն պարգևի մեր Հայրենիքին և կրկնում էր չարենցյան բանաձևումը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Սակայն, դաժան մահն անժամանակ ընդհատեց ընկերասեր ու մարդասեր, հայրենասեր ու ազգասեր իմ թանկագին ընկերոջ կյանքի երկրային պատմությունը: Նա ի Տեր ննջեց և այսուհետ որպես պահապան հրեշտակ ապավեն կլինի իր ընտանիքին, հայրենակիցներին։
Հայտնում եմ նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախկին աշխատակիցների անսահման հարգանքն ու խոնարհումը Սերժ Սրապիրոնյանի պայծառ հիշատակին։
Թանկագի՛ն, սիրելի՛ հարազատներ, Ռոզա, Գոհար, Շավարշ, սիրելի, սիրելի որդի, սգում եմ ձեզ հետ միասին, կիսում ձեր վիշտը։ Թող լույս իջնի Սերժ Սրապոնյանի՝ հայրենասեր հայորդու շիրիմին։ ‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի և վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››: Անկեղծ ցավակցությամբ և խոնարհումով ՝ Հրանուշ Հակոբյան»։
ՕՐԵՐը ցավակցում է մեծ հայագետի հարազատներին ու բարեկամներին։
Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 23-ին, ժամը 18:00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին ժամը 12:00-ից նույն վայրում: