
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգը պահանջում է, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին եւ համապարփակ տեղեկություն տրամադրի անհետ կորած անձանց մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը:
«Մենք անհապաղ պահանջում ենք, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին եւ համապարփակ տեղեկություն տրամադրի անհետ կորած անձանց մասին: Արդարությունը եւ մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ լինեն՝ առանց որեւէ հետաձգման, եւ սա պահանջ է, որ ընտանիքները ստանան պատասխաններ, որոնց նրանք պարզապես արժանի են»,- հայտարարել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նույն օրը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ըստ ՀՀ ԱԺ-ի, պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Կլոդ Վիզլերը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
orer.eu