Նյուրենբուրգում կյանքին հրաժեշտ տվեց դերասանուհի Լարիսա Գեւորգյանը

  • 22.05.2024
  • 0
  • 1413 Views

Մայիսի 22-ին կեսօրին գերմանական Նյուրենբերգի հիվանդանոցում ծանր հիվանդությունից հետո 72 տարեկան հասակում  կյանքին հարժեշտ տվեց սիրված դերասանուհի Լարիսա Գեւորգյանը։

1993 թվականից նա որդու հետ տեղափոխվել էր Գերմանիա, բնակվում էր Նյուրենբերգ քաղաքում։ Լարիսան  երգահան գուսան Համազասպի դուստրն էր, հայտնի գիտնական Վազգեն Գեւորգյանի քույրը։

Նա մանկուց սիրել է երգն ու պարը, ընդունվել եւ ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական բաժինը։ Ուսանել է նախ Մարգարիտա Ջալալյանի, ապա՝ Վարդուհի Շախսուվարյանի կուրսում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Պարոնյանի անվան երաժշտական կոմիդիայի թատրոնում։

ՕՐԵՐ ամսագրին տված իր վերջին հարցազրույցում, հպարտությամբ էր նշում, որ  պատիվ  է ունեցել խաղալու հայ բեմի մեծագույն դերասանների՝ Կարպ Խաչվանքյանի, Մելինե Համամջյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մայիս Ղարագյոզյանի, Ստեփան Հարությունյանի հետ։

Ցավոք, Գերմանիայում միայն առաջին 3 տարիներին է կարողացել մասնագիտությամբ զբաղվել, գերմանական ու իտալական 40ից ավելի երգերի համերգային ծրագրերով հանդես գալով  տարբեր քաղաքներում։

Նա սիրով էր հիշում հայրիկի՝ Գուսան Համազասպի երգերը, պատմում էր Պարոնյանի թատրոնի մթնոլորտի ու հայրենիքի կարոտի մասին։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը խորապես ցավակցում է  հանգուցյալի որդուն՝ Արթուր Գեւորգյանին, եղբորը՝ Վազգեն Գեւորգյանին, հարազատներին ու բարեկամներին։ Աստված հոգին լուսավորի։

Օրեր ամսագիր

Լարիսա Գեւորգյանի մասնակցությամբ «Պահանջվում է ստախոս» ներկայացումը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում