«Երկու «ճշմարտություն» երաժշտության մեջ. դասական երաժշտություն և ջազ Բեռլինում՝ նվիրված Հայաստանի «ԿՈՄԻՏԱՍԻ» անվան ազգային քառյակի 100-ամյակին

  • 22.05.2024
  • 0
  • 196 Views

Բեռլինի Կարլսհորստ մշակույթի տանը 2024թ․-ի մայիսի 18–ին հանդիսավորությամբ կայացավ  «Երկու «ճշմարտություն երաժշտության մեջ. դասական երաժշտություն և ջազ՝ նվիրված Հայաստանի «ԿՈՄԻՏԱՍԻ» անվան ազգային քառյակի 100-ամյակին» խորագիրը կրող համերգ-երեկոն։

Միջոցառման կազմակերպիչ, Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա՝ ՀԵՄԱ հ/կ, առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանը ողջունելով ներկաներին՝ նախ շնորահակալություն հայտնեց գլխավոր հովանավորներին՝ Լիխտենբերգի թաղապետարանին՝ ի դեմս բյուրգերմայստեր(թաղապետ) Մարտին Շեֆերի և Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ․ դր․՝ Մարտին Պետցոլդի (մայրը՝ Ալինա Մարտիրոսյան), նաև մշտական գործընկերներ՝ Կարլսհորստ մշակույթի տան ողջ անձնակազմին և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության մշակույթի վարչությանը։ Իր խոսքում պարոն Մինասյանը նշեց, որ առանց ներկա հովանավորների անհնար կլիներ նման միջոցառումներ կամ ընդհանրապես գերմանահայկական մշակութային օրեր կազմակերպելն ու անցկացնելը, ինչի համար ի երախտագիտություն միջոցառման հովանավորներին հնչեցին ջերմագին ծափահարություններ։ Այնուհետև ներկայացրեց, թե ինչպես է եկել այն մտքին, որ հայ անվանի երգահան Կոմիտասի դասական ստեղծագործություններին նոր թարմություն տրվի և փորձարարական մեթոդով վերջիններս մշակվի ջազային մեկնության համար։ Իսկ այն հարցին, արդյո՞ք այդ փորձը կստացվի թե ոչ, Մինասյանը պատասխանեց, որ դահլիճի ունկնդիր հանդիսատեսներն դա իրենք կարող են որոշել համերգի ընթացքում, քանզի դա ճաշակի հարց է։

 

Ապա Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր(թաղապետ) պարոն Մարտին Շեֆերը խոսք վերցնելով՝  շնորհակալություն հայտնեց պարոն Միքայել Մինասյանին և ասաց․ «Ինձ համար մեծ ուրախություն է այսօր այստեղ գտնվելը և Ձեզ հետ միասին այս գերմանահայկական մշակութային օրերը վայելելն ու տոնելը։ Երաժշտության դեպքում լեզուն բոլորովին դեր չի խաղում։ Երաժշտությունը միավորում է մարդկանց միմյանց մի առանձնահատուկ ձևով և այն մեր մեջ առաջացնում է զգացմունքներ, որոնց մասին խոսքով արտահայտվելը հաճախ անհնար է։ Սա է հիանալին երաժշտությունում և այն մեզ աշխարհով մեկ իրար է կապում։ Այն երևի միակ իրական ապացույցն է Աստծո։ Պետք է, որ լինի Աստված, եթե կա երաժշտություն։ Երաժշտությունը հուզում է սրտեր, որը մեզ համար կարող է ուրախության ակունք լինել։ Ինձ համար մեծ ուրախություն է, որ գերմանահայկական մշակութային օրերը Լիխտենբերգում արդեն մեր շրջանի մշակույթի մշտական մաս են կազմում և հրաշալի է, որ մենք ոչ միայն միասին մշակույթ ենք ձևավորում, այլ նաև հարստացնում ենք մեր շրջանը նրանով։ Բոլորիդ սրտագին ողջունում եմ մեզ մոտ՝ Լիխտենբերգում, այստեղ՝ Կարլսհորստի մշակույթի տանը։ Բոլորիս ցանկանում եմ սքանչելի համերգային երեկո և ավարտին նաև՝ պտղաբեր զրույցներ, լավ է, որ Դուք այստեղ եք»։

 

Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդի բեմ բարձրանալիս արդեն հնչեցին բուռն ծափահարություններ՝ ի նշան վերջինիս կողմից Բեռլինում հայկական մշակույթի և կրթության զարգացման մեջ անվիճահարույց ջատագովը լինելու համար։ Վերջինս ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց հետևյալը․

«Գերմանա-Հայկական մշակութային օրերը նաև նշանակում են միմյանցից սովորել, ավելի լավ ծանոթանալ Հայաստանի մշակույթի հետ։ Այստեղ իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Քեզ՝ սիրելի Միքայել, որ Դու արդեն տարիներ շարունակ միության վարչության քո թիմակիցների հետ այս միջոցառումների շարքն առաջ ես մղում և այս ամենը հանրօգուտ աշխատանքի կարգով, որպեսզի հայկական մշակույթը նաև այս շրջանում լայն ճանաչում գտնի։ Դրա համար շնորհակալ եմ քեզ և դու արժանի ես բարձր ծափահարությունների (ծափողջույններ)։ Ես ինքս դեռ երեխա ժամանակ Կոմիտասում իմ մոր ծնողների տանն եմ մեծացել, մորս՝ ում հետ, սիրելի Միքայել, Դուք այն ժամանակ միասին նախաձեռնեցիք և հիմնեցիք գերմանահայկական այս մշակութային օրերը։ Նա այժմ վերևից դիտում է այս հիասքանչ միջոցառումները և նրա հոգին ուրախանում է։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա արժանավույնս մեծագույն ուշադրության չի արժանացել և չի ստացել մեզանից՝ Գերմանիայից, անհրաժեշտ քաղաքական աջակցություն, որը նրա համար շատ կարևոր է, այստեղ մխիթարիչ է գոնե այն փաստը, որ այն առնվազն այստեղ՝ Լիխտենբերգում է գտնում աջակցություն։ Այստեղ կցանկանայի ներկայացնել Օրանկենզեեի անվան դպրոցի տնօրեն  պարոն Ռիխտերին, ով հայկական կիրակնօրյա դպրոցին տրամադրել է իր դպրոցի տարածքը։ Նրա համար նույնպես խնդրում եմ բարձր ծափահարել (ծափողջույններ)։ Մենք լսել ենք Միքայելից, որ այսօր նախատեսված է մի սքանչելի երաժշտական ծրագիր։ Միքայելն իրոք ոգևորությամբ էր այս ծրագրի մասին խոսում։ Նա այնքան ոգևորված էր, որ ինձ անընդհատ ասում էր, դու անպայման պիտի գաս, սա նոր բան է։ Դասականն ու ջազ երաժշտությունները միացված են իրար։ Մենք միմյանց արդեն երկար տարիներ ենք ճանաչում, սիրելի Միքայել, բայց այսպես երազանքներով տարված, ես դեռ երբեք չէի տեսել քեզ։ Այսօր պիտի որ մի հրաշալի երեկո լինի։ Վերջում կցանկանայի ևս մի բան ասել․ եթե այսօր ձեզ իրոք այնպես զգաք, ինչպես կանխատեսում եմ, ապա սիրով հրավիրում եմ բոլորիդ այցելել Հայաստան։ Այս ամենն այնտեղ՝ տեղում տեսնել։ Ասեմ, որ հիմա կա ուղիղ թռիչք Բեռլինից Երևան։ Միքայելը, ես և ՀՀ դեսպանը աջակցել ենք այս չվերթների կայացմանը։ Երեքշաբթի և ուրբաթ օրերին կարող եք մի գիշերվա ընթացքում Բեռլինից ուղիղ թռչել Երևան։ 3,5 ժամ կարող եք ինքնաթիռում քնել, իսկ առավոտյան Հայաստանում ապրել գեղեցիկ մշակութային ծրագիր։ Նրանց համար, ովքեր կուզենան Հայաստանի մշակույթի ու հայկական երաժշտության հետ ավելի մոտիկից ծանոթանալ, կառաջարկեի օգտվել այս ծառայություններից ու տեսնել, թե որքան գեղեցիկ է այդ երկիրը։ Հայաստանի և Գերմանիայի միջև անընդհատ աճում է և լավանում փոխհամագործակցությունը և այն մշտապես իմ դիտակետում է։ Այս իմաստով ցանկանում եմ բոլորին գեղեցիկ համերգային երեկո»։

 

Ելույթներից անմիջապես հետո հյուրերին ներկայացվեց Կոմիտասի անվան ազգային քառյակի վերաբերյալ «Մեկդարյա արժանապատիվ ճանապարհ» վերնագիրը կրող կարճամետրաժ վավերագրական ֆիլմը։ Այն ներկայացրեց քառյակի հիմնադրման օրվանից մինչև օրս 100 տարվա անցած ճանապարհը՝ իր արժանավոր երաժիշտներով, նրանց կատարումներով և ինչու ոչ, նաև համաշխարհային Սառը պատերազմի ճգնաժամում իր խաղաղասիրական առաքելությամբ։ Ապա ծափողջույնների տակ բեմ բարձրացան Կոմիտասի անվան ազգային քառյակի և ջազ եռյակի երաժիշտները։ Կոմիտասի անվան քառյակը՝ կազմված հետևյալ արտիստներից՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան, գեղարվեստական ​​ղեկավար և ժողովրդական արտիստ՝ ջութակ, տիկին Սյուզի Երիցյան, երկրորդ ջութակ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյան, ալտ և Անժելա Սարգսյան, թավջութակ և ջազ եռյակը՝ Արեգ Առուստամյան (դաշնամուր), Գրիշա Սիմոնյան (բաս-կիթառ) և Ռոման Մուշեղյան (հարվածային գործիքներ)։ Նրանք հանդիսատեսին ներկայացրեցին Կոմիտաս-Ասլամազյանի մինիատուրային ստեղծագործությունների երկու ճակատների համեմատությունը՝ դասականի և ջազի ոճում: Այսպիսով Հայաստանի ԿՈՄԻՏԱՍԻ անվան ազգային լարային քառյակի 100-ամյակին, որը բոլորում է այս տարի՝ 2024 թվականին, հրավիրված փորձառու և հանրահայտ երաժիշտները ցույց տվեցին, որ տարբեր երաժշտական ​​ժանրերի տարբեր ոճային մեկնությունները սահմաններ չունեն: Դասական երաժշտությունը կարող է նաև վերածվել ջազի, իսկ ջազի մեկնությունը կարող է նաև դառնալ դասական: Կոմիտասյան մեղեդիների՝ «Ամպելա», «Ալ այլուխս», «Հաբրբան», «Վաղարշապատի պարը», «Շուշիկ», «Կաքավիկ», «Հոյ Նազան» և 13 այլ կոմիտասյան ստեղծագործությունների թե դասական լարային հոգեթով ծորանքը և թե ջազային ղողանջները հուզական մեծ պոռթկումներ առաջացրեցին հավաքված երաժշտասեր հյուրերի մոտ։ Յուրաքանչյուր մեկնության կատարումից հետո չէին դադարում անընդմեջ օվացիաները։ Համերգի վերջում չընդհատվող ծափողջույնների ներքո երաժիշտները կրկին բեմ բարձրացան ևս մեկ համար կատարելու։ Մթնոլորտը ջերմ էր և հոգեթով։

Համերգի ընմիջման ժամին հավաքված հյուրերի եռուզեռում ըմպելիքներ և գինի վայելելուն հետ մեկտեղ ոգևորված հնչում էին միայն դրվատանքի խոսքեր ունկընդիր գերմանացի, հայ և այլ ազգի հանդիսատեսների կողմից․ «Նման բան դեռ երբեք չէի լսել, սա լիովին կարծես տիեզերքից իջած մի աստվածային ոճ լիներ․ ջազային և դասական կողք-կողքի»,- ասում է Կարլսհորստի մշակույթի տան պատասխանատու տիկին Շոն։ «Միքայել, շնորհավորում եմ քեզ և քո թիմին, սա անասելի հաճույք պատճառեց ինձ, կարծես ջազը նոր հայտնաբերեցի, չնայած ամբողջ կյանքումս ջազի սիրահար եմ եղել և լսել այն», խոստովանեց Թբիլիսիից ժամանած Վանո Ցիցիկաշվիլին։ «Հրաշք էր, անասելի լավը, ես նման ապրում դեռ չեմ ունեցել, ապրեք»,- բացականչեց բեռլինահայ համայնքի ներկա ամենատարեց ներկայացուցիչը՝ Արսեն Մանուկյանը։ Իսկ տիկին Դոմբրատը միանգամից ցանկություն հայտնեց Հայաստան մեկնելու և այնտեղ այս երաժշտությունները ակումբներում և օպերային թատրոնում կրկին վայելելու։

Համերգն ավարտվեց ուշ երեկոյան, իսկ բազմաթիվ հյուրեր դեռ երկար ժամանակ չէին ցականում լքել սրահը, քանզի ցանկանում էին իրենց շնորհակալությունը և հարգանքի խոսքն անձամբ հայտնել երաժիշտ արվեստագետներին։

Սա հայ երաժշտության արվեստն է․ անբացատրելի, հմայիչ և կլանող։

Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիա

հատուկ ՕՐԵՐ-ի համար

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում