Չեխական մամուլ. «Հավելը կարողացավ համոզել մարդկանց»

  • 19.12.2023
  • 0
  • 216 Views

Երեկ Չեխոսլովակիայի վերջին և Չեխիայի Հանրապետության առաջին նախագահ Վացլավ Հավելի մահվան օրն էր։ 2011 թվականի դեկտեմբերի 18-ից անցել է ուղիղ 12 տարի, սակայն չեխ քաղաքական ու հասարակական գործիչները և հազարավոր մարդիկ երբեք չեն մոռանում այս այլախոհին՝ 1989 թվականի Թավշյա հեղափոխության ու ոչ բռնի իշխանափոխության իրականացնողին, ով չեխ ժողովրդի հիշողության մեջ մնացել է որպես տոտալիտար ռեժիմի փոփոխության խորհրդանիշներից մեկը։

«Վացլավ Հավելը կարողացավ համոզել մարդկանց, որ ազատությունն ամենակարևորն է։ Ուստի, պետք է հիշենք նախկին նախագահի ընդգծած այն արժեքները, ինչպիսիք են՝ պայքարը հանուն ազատության ու խղճի, ինչպես նաև պատասխանատվությունն ու սերը երկրի հանդեպ»,- գնահատելով Չեխիայի հիշարժան գործչի ներդրումը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում՝ նշել է ՉՀ-ի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը (ODS կուսակցությունից), ով խորհրդարանի վերին պալատի այլ ներկայացուցիչների հետ միասին, Հավելի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ, Պրահայի Վինոհրադի գերեզմանատանը մոմ է վառել ու ծաղիկներ դրել հանրապետության առաջին նախագահի գերեզմանին։

«Բացի այդ, երեկ երեկոյան շատերը հավաքվել են Պրահայի Վացլավ Հավելի անվան հրապարակում, որտեղից միացել են «Ամրոցի ցավացող սիրտը» կոչվող հիշատակի երթին՝ իրենց հետ տանելով լուսավորված փայտե սիրտ։ Ոմանք էլ ձեռքներում կրել են փոքրիկ թղթե սրտիկներ կամ Չեխիայի դրոշակներ»,- հայտնել է ČTK-ceskenoviny.cz տեղեկատու կայքէջը։

Հանրապետության շատ այլ վայրերում բնակիչները նույնպես նշել են իրենց լեգենդար առաջնորդի հիշատակը։

«Օրինակ՝ Տրուտնովի շրջանի Հրադեչեկ փոքրիկ գյուղի առանձնատանը, որտեղ էլ հենց 2011 թվականի նույն օրը, 75 տարեկան հասակում, մահացել է Վացլավ Հավելը»,- գրել է ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթը։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում