Հոլոքոստ ու Ցեղասպանություն. Ինչո՞ւ փորձեցին այրել Սինագոգը ու ի՞նչ արժե իմանան հրեա ռաբբիները

  • 19.12.2023
  • 0
  • 214 Views

Նախագահ Իսահակ Հերցոգի ձեռքսեղմումը Ադրբեջանի նոր դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը ընդունելուց 2023 թ.

Ադրբեջանը հսկայական գումարներով, զենք գնելով, լոբբիստական աշխատանքով իր կողմ է գրավել Իսրայելին, իսկ վերջինս էլ կարծես «խանդով» է մոտենում Հայոց Ցեղասպանության եղելությանը: Արտասովոր է, բայց փաստ. հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի France-Presse գործակալությանը տված հարցազրույցից հետո ավելի քան 100 ռաբբիների կողմից ստորագրված նամակում Հայաստանին մեղադրում են ցեղասպանության հիշողությունը խեղաթյուրելու և Ադրբեջանի հեղինակությունը վնասելու մեջ: Հետաքրքիր է, որ այս ռաբբիների թվում են Եվրոպայի ամենահայտնի Շաբադի ռաբբիներից ՝  Նիդերլանդների գլխավոր ռաբբի Բինյոմին Ջեյքոբսը  ((J.S. (Binyomin) Jacobs)) , ով նախկինում երբեմն մասնակցել է հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին և Բուդապեշտի (Հունգարիա) ռաբբի Բարուխ Օբերլոանդերը:

Նիդերլանդների գլխավոր ռաբբի Բինյոմին Ջեյքոբսը
Նիդերլանդների գլխավոր ռաբբի Բինյոմին Ջեյքոբսը

Հոդվածը իսրաելական Times of Israel հնգալեզու հանդեսում սեպտեմբերի կեսերին «Եվրոպական ռաբբիները ոչ սովորական քայլով դատապարտում են հայերի համեմատությունները Հոլոքոստի հետ» վերնագրով հրապարակել է Քանաան Լիդորը: Ռաբբիներին վրդովեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ խոսքը.

«….Ձեզ հայտնի ոչ մի ցեղասպանություն այնպես չի եղել, որ մի օր արթնացել են ու սկսել կոտորել: Գնանք աշխարհի ամենահայտնի ցեղասպանության պատմության՝ Հոլոքոստի հետևից: Հիտլերը եկավ իշխանության, հաջորդ օրը թուրը հանեց ու սկսեց փողոցներում ընկնել հրեաների հետևի՞ց: Ոչ, դա տարիներ է տևել, պրոցես է տևել, որը շատ ընթեռնելի և կանխատեսելի էր: Դա արտահայտվել է հռետորաբանությամբ, դա արտահայտվել է քաղաքականությամբ:

Հիմա Լեռնային Ղարաբաղում գետտո է ստեղծվել, բառիս բուն իմաստով: Էլի եմ ասում, տերմինները երբեմն չենք հասցնում հասկանալիության մակարդակի, մենք մարդկանց տալիս ենք վերնագրեր՝ հումանիտար ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ: Լսարանի ինչ-որ մի տոկոս բոլոր մանրամասներով հասկանում է դա ինչ է, բայց մեծ մասն էլ չի հասկանում, որովհետև դա իր գործը չէ: Հումանիտար ճգնաժամ, ի՞նչ է հումանիտարը, ի՞նչ է ճգնաժամը:

Բայց այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում….»:

100-ից ավելի այս ռաբբիները կարծում են, որ այս համեմատությունները տեղին չեն և վիրավորում են հոլոքոստի ենթարկված հրեա ժողովրդի արժանապատվությունը: Նամակը հաջորդում է ադրբեջանցի ռաբբիի կողմից հրեական և այլ լրատվամիջոցներում Հոլոքոստի հետ կապված հայ առաջնորդների հռետորաբանությանը ուշադրություն հրավիրելուն: Բաքվի News.az գործակալությունը Բաքվի ռաբբի Զամիր Իսաևին բնութագրում է որպես «Եվրոպայի և Ամերիկայի ռաբբինների արշավի նախաձեռնող»՝ ընդդեմ «հայկական քարոզչության» ու Հոլոքոստին առնչվող թեմաների օգտագործման։

Հոդվածի հեղինակ Քանաան Լիդորը գտնում է, որ Եվրոպական Չաբադի ռաբբիները հազվադեպ են արձագանքում աշխարհաքաղաքական հարցերին ու այս խնդիրը սովորաբար պատկանում է Եվրոպական հրեական ասոցիացիային՝ Բրյուսելում գործող փաստաբանական խմբին, որը ղեկավարում է Մենախեմ Մարգոլինը:

Իրականում Ադրբեջանը լավ էլ հզոր լոբբիստական ​​ապարատ ունի Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում և դրանից դուրս ու կարողանում է իր շուրջն համախմբել հրեա ռաբբիներին: Ինչպես հաղորդում է Jewish News Syndicate-ը (JNS) Ադրբեջանում անցկացված ռաբբիների համաժողովի կազմակերպիչներից է Եվրոպայում ուղղափառ ռաբինական դաշինքը, որը միավորում է ավելի քան 700 կրոնական առաջնորդների ամբողջ մայրցամաքում:

Եվրոպական ռաբբիների համաժողովինախագահ Ռաբբի Պինկաս Գոլդշմիդը
Եվրոպական ռաբբիների համաժողովինախագահ Ռաբբի Պինկաս Գոլդշմիդը

Եվրոպական ռաբբինների համաժողովի նախագահ Ռաբբի Պինկաս Գոլդշմիդը, ով այս տարվա սկզբին հանդիպել է Ալիևին հետևյալն է ասել «Ադրբեջանը հրեա ժողովրդի համար առանձնահատուկ հիշողություն ունեցող վայր է և աշխարհի ամենաեզակի հրեական համայնքներից մեկի տունն է»: Ռաբբի Գոլդշմիդտի խոսքերին հաջորդել է Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբաովի հայտարարությունը. «Այն փաստը, որ այս եվրոպական ռաբինական համաժողովը անցկացվելու է այստեղ՝ Բաքվում, ճանաչում է, որ մարդիկ այստեղ ապահով են զգում։ Դա պարզապես ճիշտ տեղն է»։ Այս կարծիքը բնավ էլ չի կիսում Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը։

Հայաստանի գլխավոր ռաբբիԳերշոն Մեիր Բուրշտեյնը
Հայաստանի գլխավոր ռաբբիԳերշոն Մեիր Բուրշտեյնը

Հայաստանի գլխավոր ռաբբին Ադրբեջանի իր կոլեգային՝ Իսաեւին  և մյուս ռաբբիներին կոչ է արել զբաղվել իրենց գործով։ «Մարդիկ, որոնք պետք է խաղաղություն և բարոյականություն քարոզեին իրենց երկրներում, զբաղված են նրանով, չեմ ցանկանում պնդել, բայց չեմ էլ բացառում, ենթարկվելով ֆինանսական կամ այլ գայթակղությունների՝ ցեխ են շպրտում և չար քաղաքականություն են վարելում»,– ասել է նա ու խորհուրդ տվել Եվրոպայի գլխավոր ռաբբիներին կատարել իրենց բուն պարտականությունները։ «Ձեր հեռակա դատապարտումները, որոնք ոչ մի հիմք չունեն, ցույց տվեցին ձեր անգրագիտությունը, քանի որ ցեղասպանություն և գետտո տերմինները վաղուց օգտագործվում են և միջազգային են։ Ավելի լավ կլինի վերանայեք, թե ինչ եք անում և ինչի կարող են հանգեցնել ձեր գործողությունները։ Ես վստահ եմ, որ սա խաղաղության չի տանում»,- եզրափակել է հայ ռաբբին:

Հիմա արդեն այս ֆոնին պարզ է դառնում Երևանում Սինագոգի դուռը այրելու պրովոկացիայի հեռահար նպատակները:

Ադրբեջանը իրեն համարում է Իսրայելի դաշնակիցը և հրեական պետությանը բենզինի հիմնական մատակարարը։ Նրա պաշտոնյաները հաճախ պնդում են, որ իրենց երկիրը չունի հակասեմականություն, և դա մահմեդական մեծամասնությամբ առաջին երկիրն էր, որը Հոլոքոստը ներառեց ավագ դպրոցի աշակերտների ուսումնական ծրագրում: Այն նաև իսրայելական զենքի հիմնական սպառողն է, որից գնել է ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք, որոնք Բաքուն օգտագործել է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ:

Ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ են Հոլոքոստը, որի ժամանակ մոտ վեց միլիոն հրեա է զոհվել, համեմատել 1992 թվականին Խոջալուի ջարդերի հետ՝ ադրբեջանցի խաղաղ բնակիչների դեմ: Ադրբեջանի կառավարությունն ասում է, որ հայկական զորքերի կողմից իրականացված այդ ոճրագործության ընթացքում զոհվել է 613 մարդ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում նշվում է, որ «Խոջալուն չի տարբերվում Կատինի, Լիդիցեի, Օրադուր-սյուր-Գլանի, Հոլոքոստի, Սոնգմիի, Ռուանդայի և Սրեբրենիցայի այլ սարսափելի ողբերգություններից, որոնք պատմության մեջ մնացել են որպես խորը և ամոթալի սպիներ»:

Իրականություն է, որ հայ ազգն իր ճակատագրով հատուկ կապ ունի հրեա ժողովրդի հետ և այդ ցավը ծնվել է ցեղասպանության ընդհանուր փորձից: Իսրայելը և Հայաստանը «կիսում են ընդհանուր պատմություն ցավալի և տխուր ժամանակներում՝ կապված Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միլիոնավոր մարդկանց ոչնչացման հետ», – այդպես ասել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 2020 թվականին Թել Ավիվի մոտ գտնվող Հոլոն քաղաքում ունեցած ելույթում՝ անդրադառնալով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք զինվորների կողմից հարյուր հազարավոր հայերի սպանությանը»։

Ադրբեջանի ռաբբի Զամիր Իսաև
Ադրբեջանի ռաբբի Զամիր Իսաև

Փաստորեն Ադրբեջանի ռաբբի Զամիր Իսաևին հաջողվել է տարբեր կերպ Եվրոպայի և Ամերիկայի ռաբբիններին մոլորեցնել՝ դրդելով արշավ նախաձեռնել հայերի ու Հայաստանի դեմ, նա նույնիսկ համառորեն համոզել է Հայաստանում բնակվող հրեաներին լքել երկիրը և գալ Ադրբեջան։

Հետաքրքիր է, որ իսրայելական times of israel հանդեսում սեպտեմբերի 19-ը թվագրված հոդվածից օրեր անց Ադրբեջանը պետք է Արցախում իրականացներ էթնիկ զտումներ ու 100 000-ից ավելի մարդիկ պետք է բռնի տեղահանության ենթարկվեին: Ահա հենց այդ մասին էր կանխատեսում Նիկոլ Փաշինյանը France-Presse գործակալությանը տված հարցազրույցում և ոչ թե արժեզրկում էր հոլոքոստի իրողությունը:

ՈՒ հիմա հենց այս փաստերն արժե համադրեն Եվրոպայի ու այլ երկրների ռաբբիները, պարզելու համար թե իրենց ինչպիսի խաղի մեջ է ներքաշել Ադրբեջանը:

Պատրաստեց՝ Հայ Ազյանը

Աղբյուր՝ : niderlandakan — LiveJournal

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում