Հայկական ոսկե աշուն` իսպանական Վալենսիայում

  • 16.11.2023
  • 0
  • 351 Views

Աշունը, որպես այդպիսին, միջերկրածովյան մեղմ եղանակ ունեցող Վալենսիա քաղաքում, իհարկե, չի նկատվում կամ չափազանց քիչ է նկատվում։ Առավել ևս, երբ խոսքը հայկական ոսկեզօծ աշնան մասին է, որն զգալու և հասկանալու համար, պարզապես պետք է տեսնել, ապրել…

Այդուհանդերձ, հայկական ոսկե աշնան շունչն ու երանգները, թեկուզև կարճ ժամանակով, այցելել էին հեռավոր Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոց` շնորհիվ կրթօջախի սաների, ովքեր տարվա ամենագույնզգույն եղանակի վերաբերյալ մի հիանալի հանդես էին պատրաստել։

Այս անգամ օրվա հերոսները կրթօջախի ուսուցչուհի Աստղիկ Սաղաթելյանի դասարանի սաներն էին, ովքեր ասմունքեցին հայ գրականության աշնանային երանգները պարունակող ստեղծագործություններ, երգեցին, պարեցին, նվագեցին…

Աշակերտներից ոմանք ի ցույց դրեցին իրենց նկարչական տաղանդը։ Նրանցից Գրիգորն իր գեղեցիկ աշխատանքը նվիրեց սիրելի դասղեկին։ Հայկական կրթօջախի զարգացման ակունքներում կանգնած Աստղիկ Սաղաթելյանը լավագույնս էր պատրաստել հանդեսը և աշունը ներկայացնող միջավայրը. բեմին առկա էին աշնան երփներանգ մթնոլորտը` լի հայկական բերք ու բարիքով և, իհարկե, երեխաների անկրկնելի կատարմամբ։

Ծնողներով, ուսուցիչներով և մյուս դասարանների աշակերտներով լեփ-լեցուն դասարանն անընդհատ ողողվում էր աշխույժ ծափողջույններով, որոնք ավելի էին ոգևորում ելույթ ունեցող փոքրիկներին։ Իր խոսքում, ուսուցչուհի Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց նախ ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց զավակներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու համար, ապա նաև` իր սաներին և դպրոցի ողջ անձնակազմին` այս ազգանվեր գործունեության մի մասնիկը կազմելու համար։

Վերջում երախտագիտության խոսքով հանդես եկավ “Արարատ” հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով բարձր գնահատեց Աստղիկ Սաղաթելյանի և մյուս ուսուցիչների գործունեությունը և հայապահպանության, հայ ինքնության և լեզվի պահպանման այն բարձր գիտակցումը, որով ծնողներն ամեն կիրակի իրենց զավակներին բերում են հայկական կրթօջախ։

“Դեռ շատ ու շատ առիթներ եք ունենալու` հպարտանալու ձեր զավակներով, քանզի նրանք ոչ միայն պիտի նախանշեն հայ համայնքի ընթացքն Իսպանիայում, այլև մի մասնիկը կազմեն մեր հայրենիքի և, ինչու չէ նաև, այս գեղեցիկ երկրի առաջընթացի։ “Ըստ էության , այս և նման նախաձեռնությունները մեկնարկ են հանդիսանում այն բազում միջոցառումների, որոնք պիտի տեղի ունենան հաջորդիվ` ի լրումն Իսպանիայում առաջին հայկական կազմակերպության և նրա հովանու ներքո գործող հայկական կրթօջախի հոբելյանական 20-ամյակին նվիրված նախաձեռնությունների։

Արարատ Հայկական Միություն

Վալենսիա

Իսպանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում