Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնը՝ Ամստերդամի միջազգային փաստավավերագրական փառատոնը (IDFA) «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել կինոռեժիսոր ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, 44-օրյա պատերազմի անձնական ողբերգությունից ծնված «1489» դեբյուտային ֆիլմը և շնորհել գլխավոր մրցանակը: Ֆիլմը նաեւ արժանացել է կինոքննադատների՝ FIPRESCI-ի մրցանակին: Այս մասին հայտնում է Հայաստանի Կինոգործիչների միությունը եւ շնորհավորում երիտասարդ ռեժիսորին։
«Սա աննախադեպ հաջողություն է հայ կինոյի պատմության մեջ, որը ռեժիսորի՝ ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ համար կյանքի պատմություն է, տառապանքի պատմություն, իրական ապրածի ու իրական զգացածի պատմություն, որը մեծագույն ջանքով, մարդկային մեծագույն կամքով վերածվել է կինոյի, որին փառատոնի ժյուրին արձագանքել է այս կերպ. «Ֆիլմ, որը հանդես է գալիս որպես թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում հսկայական վշտի թաքնված ներքին լանդշաֆտը և ստեղծում է շոշափելի ներկայություն անտանելի բացակայությունից: Կինոն որպես գոյատևման գործիք՝ թույլ է տալիս բոլորիս տեսնել այն, ինչ մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, ի վերջո, այն կինոյի անմոռանալի օրինակ է՝ որպես սիրո ակտ»:
Շողակաթի ֆիլմը 44-օրյա պատերազմում զոհված իր եղբոր՝ Սողոմոնի մասին եւ թե ինչպես է նա որոնում զոհված եղբորը։ «1489»ը եղբոր մասունքների համարն է։
Սիրով շնորհավորում ենք ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ այս փառահեղ հաղթանակի համար և մաղթում, որ նրա նոր կինոն այսուհետ շարունակի նույն հաղթական ճանապարհը, բայց լինի նրա նոր պրպտումների, նոր որոնումների արդյունքը և ոչ անձնական ապրումի և միանում ենք բոլոր շնորհավորանքներին:
Սիրով շնորհավորում ենք ողջ ստեղծագործական թիմին և մաղթում նոր ձեռքբերումներ:»
ՕՐԵՐը միանում է բոլոր շնորհավորանքներին։
orer.eu