2023թ Հոկտեմբեր 21ին Լորդերի Պալատի հարևանությամբ գտնվող Սբ Ջոն Սմիթ Սքուեր համերգասրահում, Վեստմինստեր, Լոնդոն, Միացյալ Թագվորություն տեղի ունեցավ գալա համերգ՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
Համերգի կազմակերպիչն էր Բրիտանահայկական «Քլինգեն» երգչախմումբ և մշակութային ասոցիացիան՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Միացյալ Թագավորության Հայկական Համայնքային Խորհրդի հովանու ներքո:
Համերգին ներկա էր ավելի քան 400 հայ և բրիտանացի երաժշտասեր հանդիաստես։
Երեկոն վարում էր անվանի դերասանուհի Ջոանա Զորյանը։
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանն իր ելույթում ներկայացրեց լեգենդար կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքն ու միջազգային ձեռքբերումները։ Իր գոհունակությունն ու հիացմունքը հայտնեց «Քլինգեն» երգչախումբ և մշակութային ասոցիացիային, գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահին՝ այս համերգի նախաձեռնության, իրագործման և կատարած ահռելի աշխատանքի համար։
Համերգի ընթացքում հնչեցին «Խաչատրյանա» նվագախմբային սյուիտի բրիտանական պրեմիերան՝ «Գայանե», «Դիմակահանդես» և «Սպարտակ» բալետներից հատվածների պոպուրի, այնուհետև «Գայանե» բալետից «Լեզգինկա»ն, որը կատարեց Լոնդոնի Քլինգեն կամերային նվագախումբը՝ դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ:
Համեգի առաջին բաժինը եզրափակվեց Խաչատրյանի «Գարուն Երևան» երգով, որը կատարեց անվանի տենոր Սիփան Օլահը՝ Քլինգեն կամերային նվագախմբի հետ։
Նշենք, որ նվագախմբային ստեղծագործությունների գործիքային փոխադրումներն այս համերգի համար կատարել էր մաեստրո Սիփան Օլահը։
Միջոցառման երկրորդ հատվածում հնչեցին Խաչատրյանի հանճարեղ գործիքային և վոկալ ստեղծագործությունները, ճանաչված բրիտանացի և բրիտանահայ երաժիշտներ Անի Բատիկյանի՝ ջութակ, Պոլինա Շարաֆյանի՝ ջութակ, Յուլիա Չապլինայի՝ դաշնամուր, Մարիա Փալազյանի՝ դաշնամուր, Ջեք Հակոբ Մուրադյանի՝ հոբոյ, Հայարփի Եղիկյանի սոպրանո, Սիփան Օլահ – տենոր կատարմաբ։
Խաչատրյանի երկու երգերի «Ուռենու Երգ» և «Կենաց Երգ» երգչախմբային մշակումները առաջին անգամ Մեծ Բրիտանիայում կատարեց Քլինգեն երգչախումբը ՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ ։
Համերգի ավարտին դեսպան Վարուժան Ներսիսյանը ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից ուղարկված պատվոգիրը փոխանցեց Բրիտանահայ երաժիշտ՝ դիրիժոր, տենոր, դաշնակահար Սիփան Օլահին՝ արտերկրում հայ մշակույթի տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Համերգի ընդմիջմանը Միացյալ Թագավորության Հայկական Համայնքային Խորհրդի կողմից տեղադրված էր նվիրատվությունների արկղ՝ բռնի տեղահանված արցախահայությանը օգնելու նպատակով։
orer.eu