
Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյին։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց այս դժվարին օրերին Հայաստանին և հայրենազրկված արցախահայերին ցուցաբերվող աջակցության և ի մասնավորի հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրվող միջնորդական ջանքերի համար։
Հայոց Հայրապետը անդրադարձ կատարեց Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Նորին Սրբությունը նաև իր գոհունակությունն արտահայտեց Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնեական համայնքներին Հունգարիայի կողմից ցուցաբերվող զորակցության առնչությամբ։

Իր հերթին պրն․ Տրիստան Ազբեյը Նորին Սրբությանը տեղեկացրեց Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնեական համայնքների աջակցության ծրագրերի, ինչպես և 2021թ․ հայ ռազմագերիների վերադարձման գործում իր անմիջական ներգրավվածության մասին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայոց Եկեղեցու և Հունգարիայի իշխանությունների միջև հումանիտար ոլորտում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։
Նախօրեին, հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը:
Նորին Սրբությունը, անդրադառնալով հայ-հունգարական հարաբերությունների վերականգնմանը, իր գնահատանքը հայտնեց Հունգարիայի կառավարությանը Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին, Արցախից բռնի տեղահանված հայությանը ցուցաբերած աջակցության և 2021 թ․ հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման հարցում ներդրած միջնորդական ջանքերի համար։

Իր խոսքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և շարունակական ոտնձգություններին, հայրենազրկված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և գերիների վերադարձման խնդիրներին՝ ընդգծելով, որ նաև միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքի հետևանքով Ադրբեջանը անարգել իրագործեց իր ոճրագործ և ցեղասպան քաղաքականությունը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը և Հունգարիան ևս հետևողական ու վճռական քայլեր կգործադրեն՝ ի նպաստ արցախահայության իրավունքների պաշտպանության, ինչպես և ժողովուրդների կյանքում նման արհավիրքների կանխման։
Հանդիպմանը Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին, ըստ ամենայնի, փորձում է իր օգտակարությունը բերել կորուստների ու սոցիալական ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը, և հնարավորության սահմաններում անհրաժեշտ հոգածությունը ցուցաբերում իրենց կեցության ու կարիքների բավարարման հարցում։

Իր հերթին փոխնախարար Միկլոշ Փանին, անդրադառնալով հայ-հունգարական միջպետական կապերի սերտացմանը, Հայոց Հայրապետին հավաստիացրեց, որ Հունգարիայի իշխանությունները շարունակելու են իրենց աջակցությունը ցուցաբերել արցախահայությանը և միջնորդական ջանքեր գործադրել հայ գերիների վերադարձման ուղղությամբ։
orer.eu