«Մեկդարյա շարունակական ցեղասպանություն» խորագիրը կրող գիտաժողով Վալենսիայում

  • 14.11.2023
  • 0
  • 531 Views

«Վալենտիա ֆորում» (Valentia forum) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` «Կասալ Ռոմեու» (Casal Romeu) կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության և նրա միջազգային ճանաչման վերաբերյալ «Մեկդարյա շարունակական ցեղասպանություն» խորագիրը կրող գիտաժողով, որի բանախոսներն էին պատմաբան, հասարակական գործիչ, «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը և իսպանացի պատմաբան Խոսե Լուիս Արկոնը։

Գիտաժողովի բացման խոսքը վերապահված էր վերոնշյալ կազմակերպության նախագահ Ռաֆայել Գալվեսին (Rafael Gálvez), ով նախ ներկայացրեց հյուրերին, նրանց ծավալած գործունեությունը, ապա չափազանց իրավացի գնահատական տվեց միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին` առանձնահատուկ ուշադրություն սևեռելով ներկայիս հակամարտությունների խառնարանում անտեսված և աչքաթող արված մի տարածաշրջանի վրա, որտեղ, նրա խոսքով, «միջազգային հանրության աչքի առաջ, նրա անտարբերության և հանցավոր լռության պայմաններում, տեղի ունեցավ և շարունակվում է տեղի ունենալ ահաբեկչական քաղաքականություն բռնապետական երկու երկրների` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որի պատճառով հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած է ցեղասպանվելու վտանգի առջև»:

«Փոխարենը` աշխարհը չի հապաղում ամեն օր ու անդադար խոսել Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- իր խոսքում նշեց Ռաֆայել Գալվեսը` հավելելով,- ի հեճուկս նման կողմնակալ քաղաքականության, մենք այստեղ ենք, կանք, ու մշտապես պիտի բարձրաձայնենք մեր բարեկամ հայ ժողովրդի և քրիստոնեության բնօրրան Հայաստանի խնդիրների մասին»:

Այնուհետև Գալվեսը խոսքը փոխանցեց Արարատ Ղուկասյանին, ով բազմաթիվ պատմական և արդի քարտեզներով ու նյութերով ներկայացրեց մարդկության և քրիստոնեության բնօրրան Հայաստանի հարուստ ու հազարամյակների խորքից եկող պատմությունը, հայ ժողովրդի դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, ինչպես նաև` վերջին հարյուր և ավելի տարիների ընթացքում նրա կրած տառապանքներն ու զրկանքները, որոնց հետևանքով, իր խոսքով, «մեր ազգը վերստին կանգնած է ցեղասպանվելու վտանգի առջև»:

Շարունակելով Ղուկասյանի խոսքը` պատմաբան Խոսե Լուիս Արկոնը ներկայացրեց Առաջին աշխարհամարտի տարիներին տիրող իրավիճակը և այդ համատեքստում` Օսմանյան կայսրության կողմից ծրագրած և իրականացրած ցեղասպանության պատճառներն ու հետևանքները։

«Հայ ժողովուրդն այն միակ դյուրին զոհն էր, որով Թուրքիան փորձեց վրեժ լուծել մյուս քրիստոնյաներից ու, ինչու չէ, նաև` արաբներից»,- իր խոսքում նշեց Խոսե Լուիս Արկոնը։

Իր եզրափակիչ խոսքում Արարատ Ղուկասյանը ներկայացրեց 44-օրյա պատերազմը, դրան նախորդած, հաջորդած և ներկայիս իրավիճակները, արցախահայության հայրենազրկումն ու թուրք-ադրբեջանական տանդեմի էթնիկ զտման շարունակական քաղաքականությունը, որի վերջնական նպատակն է պանթուրանիզմը։

«Ուկրաինական և մերձավորարևելյան պատերազմները սկսվել են 2020 թվականի սեպտեմբերին Արցախում»,- նշեց Արարատ Ղուկասյանը` հանգամանալիորեն բացատրելով միջազգային խաղացողների բախվող շահերը տարածաշրջանում, որի հետևանքով տուժում են բացառապես փոքր ազգերն ու պետությունները։

«Այդուհանդերձ, ցանկությունս է, որ աշխարհը գիտակցի, որ այս նույն աշխարհն առանց իր իսկ բնօրրանի, առանց իր մայր Հայաստանի, իմաստ չունի»,- իր խոսքը եզրափակեց Ղուկասյանը։ Բանախոսությանը հաջորդեց ներկաների կողմից հնչեցվող հարցերը, որոնց հյուրերը սիրով պատասխանեցին։ Գիտաժողովի ընթացքում նաև տեղի ունեցավ հանգանակություն, որից ստացված ողջ հասույթը կհատկացվի Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցներին։

Արարատ Հայկական Միություն

Վալենսիա , Իսպանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում