«NOUMÉA – Գրեթե անհավանական է հնչում։ Անդրկովկասյան Ադրբեջանը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի Նոր Կալեդոնիայից մոտ 14000 կիլոմետր հեռավորության վրա, անկարգություններ է հրահրում Ֆրանսիայի անդրծովյան տարածքում»։
Այս նախաբանով է հանդես եկել մայիսի 18-ի չեխական ՄՖ ԴՆԵՍ-ը՝ «Ադրբեջանն անկարգություններ է հրահրում Խաղաղ օվկիանոսում» հոդվածում՝ անդրադառնալով Ֆրանսիայի կազմում գտնվող Նոր Կալեդոնիայում վերջերս կայացած հանրահավաքներին, որի ընթացքում տեղացի ցուցարարների շարքում հայտնվել են նաև ադրբեջանական դրոշներ։
«Բացի այդ խոսակցություններ են հնչել, որ Բաքու են հրավիրվել տեղի անջատողականները՝ բնիկ կանակները։ Ֆրանսիայի կառավարությունը տեղեկացրել է, որ ներկայիս բռնության սրման գործում կասկած չունի Ադրբեջանի դերի վերաբերյալ՝ չնայած աշխարհագրական հեռավորությանը»,- նշել է օրաթերթը՝ տեղեկացնելով, որ այդ արարողությունների ժամանակ արդեն հինգ մարդ է մահացել։ «Սա Փարիզի և Բաքվի միջև երկարատև լարվածության, այսպես կոչված, «վերջին պարբերությունն է» և առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին թշնամական ապատեղեկատվության արշավի հետևում կանգնած լինելու մեջ»,- ընդգծել է պարբերականը՝ փորձելով լուսաբանել, թե դրա համար ի՞նչ պատճառ կարող էին ունենալ «թուրքալեզու ադրբեջանցիները»։
«Ֆրանսիան Հայաստանի ամենաուժեղ եվրոպացի աջակիցն է, որի հետ ադրբեջանցիներն արդեն տարիներ շարունակ սուր հակամարտության մեջ են։ Անցյալ տարի կարճատև պատերազմի ժամանակ գրավեցին Լեռնային Ղարաբաղի տարածքը և վտարեցին այնտեղ հազարավոր տարիներ ապրած հայերին»,- գրել է ՄՖ ԴՆԵՍ-ը՝ ասես ակնարկելով, որ Ֆրանսիան Բաքվի թիրախն է դարձել Հայաստանին աջակցելու պատճառով։
«Ֆրանսիան չունի լավ հարաբերություններ նաև Ադրբեջանի հովանավոր Թուրքիայի հետ, քանի որ հանդիսանում է Հունաստանի կողմնակիցը՝ Արևելյան Միջերկրական ծովի վերահսկողության շուրջ երկու երկրների երկարամյա վեճում»,- շեշտվում է հոդվածում: Թերթի տեղեկացմամբ՝ Ավստրալիայի և Ֆիջիի միջև ընկած Նոր Կալեդոնիայում առկա անհնազանդությունները հրահրվել են ընտրական նոր օրենքի պատճառով, որը անկախության ջատագովների կարծիքով կթուլացնի բնիկ կանակների ձայնը: Նրանք կազմում են այս կղզեխմբի ավելի քան 270000 բնակիչների մոտ երկու հինգերորդը:
Այնուհանդերձ Ֆրանսիայի կառավարությունը կանգ է առնում այն փաստի վրա, որ կանակների բողոքի ցույցերն ուղեկցվում են ադրբեջանական դրոշներով։ Ադրբեջանի իշխանությունների հետ կապված խմբերը բացահայտորեն աջակցում են անջատողականներին և դատապարտում Փարիզի կառավարությանը։
«Սա ֆանտազիա չէ, այլ իրողություն է»,- France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը, Չինաստանը կամ Ռուսաստանը միջամտում են Նոր Կալեդոնիայի ճգնաժամին։ «Ես ափսոսում եմ, որ Կալեդոնիայի անկախության որոշ առաջնորդներ գործարքի են գնացել Ադրբեջանի հետ։ Դա անվիճելի է»,-ավելացրել է նախարարը։
Եւ ոչ միայն Կալեդոնիան
Ինչ վերաբերում է Ադրբեջանին. «Մենք լիովին մերժում ենք անհիմն մեղադրանքները», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ ավելացնելով. «Մենք մերժում ենք ցանկացած կապ Կալեդոնիայի և Ադրբեջանի ազատության համար պայքարի առաջնորդների միջև»։
Այնինչ, օրաթերթի հավաստմամբ, ֆրանսիական TF1 հեռուստաալիքից չորեքշաբթի օրը հեռարձակված կադրերը հաստատել են, որ անկախության որոշ կողմնակիցներ կրել են ադրբեջանական դրոշով շապիկներ։
«Ընդ որում, խոսքը միայն Նոր Կալեդոնիայի մասին չէ։ Օրինակ՝ անցյալ տարի Ադրբեջանը կոնֆերանսի էր հրավիրել անջատողականների՝ Ֆրանսիական Մարտինիկա, Ֆրանսիական Գվիանա, Նոր Կալեդոնիա և Ֆրանսիական Պոլինեզիայի տարածքներից։ Հանդիպումը հանգեցրել է Բաքվի նախաձեռնող խմբի ստեղծմանը՝ (ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության), որի հռչակած նպատակն է աջակցել «Ֆրանսիայի ազատագրական և հակագաղութատիրական շարժումներին»,- նշել է պարբերականը՝ հոդվածը եզրափակելով հետևյալ շեշտադրումով.
«Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հանդարտեցումն անհավանական է մոտ ապագայում: Ֆրանսիան քրիստոնյա Հայաստանի ավանդական դաշնակիցն է, քանի որ այնտեղ ապրում է հայկական մեծ սփյուռք: Բացի այդ, նախարար Դարմանինի հայտարարմամբ, Ադրբեջանը, որը ղեկավարվում է 2003 թվականից նախագահ Իլհամ Ալիևի կողմից, «բռնապետություն» է»։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա