
Նոյեմբերի 13-ին Պրահայում «Մարդը կարիքի մեջ»(Člověk v tísni/People in Need) բարեգործական կազմակերպությունը կազմակերպել էր «Հայաստան՝ մարդասիրական կարիքների անցյալը, ներկան եւ ապագան» թեմայով հանդիպում-քննարկում։ Իբրեւ գլխավոր զեկուցող հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, իսկ հարակից ելույթների համար Երեւանից ժամանել էին «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի մամուլի եւ հասարականության հետ կապերի պատասխանատու Շուշանիկ Ներսեսյանը եւ ՄԿՄ-ի Հայաստանյան ծրագրերի պատասխանատու Միխալ Զելբան։ Վերջինս աշխատանքներն արդեն համակարգում է Պրահայից։
Քննարկումը ներածական խոսքով բացեց «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության Արեւելյան գործընկերության եւ Բալկանների գծով տարածաշրջանային տնօրեն Պետր Դրբոհլավը, որը նախեւառաջ տեղեկացրեց, որ այս օրերին նշում են իրենց կազմակերպույթան Հայաստանում գործունեության 20-ամյակը, թեեւ իրենք Հայաստանին սկսել են օգնություն ցյուց տալ դեռեւս 1988 թվականի երկրաշարժի օրերին, իսկ այնուհետեւ նաեւ ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ «Այսպիսով 20-ը վերաբերում է նոր ժամանակներին», ասաց նա։ Այնուհետեւ տնօրենը ներկայացրեց, թե ինչ իրավիճակում է հայտնվել Հայաստանը, երբ սեպտեմբերին մի քանի օրերի ընթացքում 100 հազարից ավելի փախստականներ տեղափոխվել են Հայաստան։ ՄԿՄ_ն Միջազգային Կարմիր խաչի հետ միասին առաջին երկու կազմակերպություններն են եղել, որոնք անմիջապես արձագանքել են եւ օգնություն են ցույց տվել տեղահանվածներին։ Մոտ 4,5 միլիոն եվրոյի օգնությունը Գորիսում եւ այլ մարզերում առաջին օգնության ապրանքների, դեղորայքի եւ այլ պարագաների վրա է ծախսվել եւ այդ օգնությունը շարունակվում է։

Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն իր խոսքը սկսեց եւ ավարտեց օրերս իր մահկանացուն կնքած նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգի խոսքերով, ով ոչ միայն Հայաստանին նվիրված հայտնի քաղաքական գործիչ էր, այլեւ իր վերջին հոդվածը գրել էր Հայաստանի ու Արցախի մասին։
Անցնելով օրվա թեմային, դեսպանը նույնպես շեշտեց, որ 35 տարի շարունակ ՄԿՄ-ն Հայաստանին օգնել է։ «Մենք գնահատում ենք ձեր երկար տարիների օգնությունը»,- ասաց դեսպան Հովակիմյանը։

Ներկայացնելով գրեթե մեկ տարի շարունակ շրջափակման մեջ գտնվող արցախցիների ծանր վիճակը, նա նշեց, որ ո՛չ Ադրբեջանը, եւ ո՛չ էլ ռուս խաղաղապահները չկատարեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը։ Մարդիկ զրկված էին էլեկտրաէներգիայից, գազից, սննդից ու բուժօգնությունից։ Միջազգային կառույցների հորդորները, նույնիսկ ՄԱԿի արդարադատության միջազգային դատարանի որոշումները որեւէ կերպ չազդեցին Ադրբեջանի վրա։ Դեսպանը ցավով նշեց, որ այդպես էլ ոչ մի պատժամիջոց չկիրառվեց Ադրբեջանի նկատմամբ, ոչ մի որոշում չկայացվեց։ ԵՄ-ն շատ դանդաղ սկսեց արձագանքել, սակայն նույնիսկ կայացվելիք որոշումները արգելափակվեցին մի քանի երկրների կողմից։ Իսկ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած հարձակումը, որն ուղեկցվեց խաղաղ բնակիչների անմարդկային ու դաժան սպանություններով, ստիպեց, որ ողջ բնակչությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից։ «Սա էթնիկ զտում էր»,- ասաց դեսպանը։
Ավելին, դեսպանը նշեց, որ 2020 թվականի 44օրյա պատերազմից հետո Ադրբեջանը նաեւ գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Իհարկե, Հայաստանը ցանկանում է խաղաղություն եւ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն Ադրբեջանը պետք է այս հարցում համագործակցի։ Դեսպանը խոսեց նաեւ խաղաղության խաչմերուկի եւ բոլոր հաղորդակցության ուղիների բացման մասին, նշելով, որ որեւէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։

Այնուհետեւ բանախոսը անդրադարձավ 100 հազարից ավելի փախստականների ընդունման խնդիրներին, նրանց հատկացվող օգնություններին, Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերին։ Նա նաեւ նշեց, որ չեխաբնակ շատ հայեր նույնպես ցանկանում են օգնել, բայց դեռեւս պարզ չէ, թե որ կազմակերպության միջոցով դա կարելի է անել։ Եթե «Մարդը կարիքի մե»ջ կազմակերպությունը նման հանձնառություն վերցնի, իհարկե լավ կլինի, կստեղծվի հատուկ պլատֆորմ։ Այնուհետեւ դեսպանը պատասխանեց ներկաների տարաբնույթ հարցերին։
Միխալ Զելբան, որը մեկ տարի աշխատել է Հայաստանում, Գորիս է մեկնել Արցախից բռնի տեղահանվածներին օգնությունը համակարգելու համար, նշեց, որ անսպասելի էր, որ ողջ բնակչությունը՝ 95 տոկոսից ավելին դուրս եկավ։ Նրա կարծիքով, մարդկանց վրա երեւի ազդեց նաեւ բենզինի պահեստի պայթյունը։ Զելբայի ասելով, մարդիկ հոգնած էին, շրջափակումից ընկճված՝ ամիսներ շարունակ ապրելով առանց նորմալ սննդամթերքի, բժշկական օգնության, եւ իրենք ստիպված էին նրանց ցույց տալ առաջին օգնությունը։
Շուշանիկ Ներսեսյանն իր հերթին ավելացրեց, որ արցախահայերին օգնություն սկսել են ցույց տալ դեռեւս 2020 թվականի պատերազմից հետո, եւ այն իրականցրել են ոչ միայն Հայաստանի երեք մարզերում, այլեւ իրենց գործընկերների միջոցով նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Սեպտեմբերին տեղահանվածներին օգնություն են ցույց տվել առաջին իսկ օրվանից, համագործակցել են տեղական իշխանությունների հետ։ Ու թեեւ արդեն 4,5 միլիոն եվրոյի օգնություն են ցուցաբերել, բայց պետք է դեռ շարունակեն օգնության ծրագրերը, քանի որ առջեւում ձմեռ է, եւ մարդիկ ոչ միայն նորմալ կացարանների կարիք ունեն, այլեւ մնայուն օգնության։


«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ներկայացուցիչները փաստեցին, որ իրենք հոգեբանորեն պատրաստ չէին այն ծանր վիճակին, որը ստեղծվել էր բռնի տեղահանվածների ընդունման ժամանակ։ Այսօր, նաեւ մտածում են, որպեսզի արցախահայերը ինտեգրվեն տեղի շուկային։ Ուրախալի է, որ նրանց գերակշռող մասը ցանկանում է աշխատել։ Մարդասիրական օգնության պատասխանատուները նաեւ մի քանի հետաքրքիր օրինակներ պատմեցին իրենց անձնական շփումներից։
Պետր Դրբոհլավն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տեղահանվածների օգնության համար առցանց հայտարարված դրամահավքով դեռեւս մեծ գումար չի հավաքվել։
Ընդհանուր առմամբ քննարկումն անցավ հետաքրքիր եւ բաց մթնոլորտում, տրվեցին կատարվածի իրական գնահատականները։ Նույնը չի կարելի ասել չեխական լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների մասին, որոնք Արցախի հարցում որդեգրել են երկակի ստանդարտների քաղաքականություն։
Հ. Ա.
ՕՐԵՐ
