Մայիսի 16-ին Սոֆիայում տեղի ունեցավ Բուլղարիայի կինոգործիչների միության 90-րդ մրցանկաբաշխությունը, որի ընթացքում անվանի ռեժիսոր Վասիլի Գենդովի անվան պատվավոր մրցանակների արժանացան տասնյակից ավելի անվանակարգերում ներկայացված բուլղարական կինոյի անվանի դեմքերն ու դեռեւս երիտասարդ կինոգործիչները։
2024 թվականի լավագույն մոնտաժային ռեժիսոր անվանակարգում Գենդովի անվան մրցանակի արժանացավ մեր հայրենակից, 34 ամյա Պողոս Թոփակբաշյանը՝ «Դիադա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի համար։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Սոֆիայում հրատարակվող «Երեւան» առցանց թերթի խմբագիր Վարդանուշ Թոփակբաշյանը, Պողոսը ներկայացված էր նաեւ վավերագրական ֆիլմի անվանակարգում, սակայն ստացավ միայն գեղարվեստական ֆիլմի համար։ Բուլղարիայում սա Պողոսի առաջին մրցանակն է, թեեւ նա արդեն 7 լիամետրաժ, 30-ից ավելի կարճամետրաժ եւ մոտ 10-ը վավերագրական ֆիլմերի մոնտաժի ռեժիսոր է։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների։
Պողոսը ծնվել է Բուլղարիայում, Վարդանուշ եւ Գրիգոր Թոփակբաշյանների որդին է, ավարտել է Սոֆիայի թատերական ինստիտուտը՝ մոնտաժի ռեժիսոր մասնագիտությամբ։ Բուլղարիայի կինոգործիչների միության մրցանակը ստանում է առաջին անգամ։ Ցավալի է միայն, որ անցյալ տարի անսպասելի կյանքին հրաժեշտ տվեց հայրը՝ Գրիգորը եւ չտեսավ որդու հաջողությունը։ Մրցանակն ստանալիս, Պողոսն ասաց, որ այն նվիրում է իր ծնողներին։
Բուլղարիայի կինոգործիչների միության ամենամյա մրցանակին արժանացավ նաեւ 35 ամյա դերասանուհի Ռոզալիա Աբգարյանը՝ «Բլագայի դասերը» ֆիլմում երկրորդական դերի լավագույն կատարման համար։ Ի դեպ, Ռոզալիայի հերոսուհին 1990ականների պատերազմից հետո Արցախից Բուլղարիա տեղափոխված հայուհի է, որը ցանկանում է բուլղարերեն սովորել՝ Բուլղարիայի քաղաքացիություն ստանալու համար։ Ֆիլմում նա պատմում է, որ Արցախից է եկել եւ շատ տառապանքներ է տեսել։ Միայն թե ֆիլմի ավարտին հանցագործ խմբավորման անդամները գալիս են ուսուցչուհու տուն եւ մահացու վիրավորում են այնտեղ գտնվող հայուհուն, շփոթելով ուսուցչուհու հետ, իսկ հանցավոր խմբի հետ կապ ունեցող ուսուցչուհին հասցնում է փախչել։ Ուսուցչուհու դերում հանդես է եկել բուլղարական կինոյի եւ թատրոնի հայտնի դերասանուհի Էլի Սքորչեւան, որն էլ այդ դերի համար արժանացավ Լավագույն կանացի դերակատարման համար մրցանակին։ Ի դեպ, այս ֆիլմը 10 անվանակարգերում ներկայացված էր եւ արժանացավ 4 մրցանակի։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Վարդանուշ Թոփակբաշյանը, Ռոզալիան ծնվել է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, աշխատում է տեղի Բուդեւսկայի անվան դրամատիկական թատրոնում։ Նա նկարահանվել է նաեւ հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դյուլգերովի «Բուֆերային գոտի» ֆիլմում։
Շնորհավորում ենք ե՛ւ մեր հայրենակիցներին, եւ՛ բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ։
Հ. Ասատրյան
ՕՐԵՐ ամսագիր
Լուսանկարները՝ «Երեւան» առցանց լրատուի
Զգուշացում. Օրեր ամսագրի կամ www.orer.eu կայքէջի հեղինակային նյութերի արտատպման, մեջբերման կամ որեւէ այլ ձեւով տպագրության կամ առցանց հրապարակման դեպքում հղումը կայքէջին կամ ամսագրին պարտադիր է։