Հայոց Ցեղասպանության 111 ամյակի ոգեկոչման միջոցառում Բուխարեստում

  • 28.04.2026
  • 0
  • 51 Views

Հայոց Ցեղասպանության ամենամյա տարելիցը դարձել է նվիրական ու սուրբ հանգրվան ամեն մի հայի համար, ով ունի ինքնության և ազգային արժանապատվության կենդանի գիտակցություն: Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ տարիներ շարունակ և նպատակային կերպով  իրականցվող հալածանքներն ու ջարդերը իրենց լրումին հասան 1915 թ. ապրիլ 24-ին, երբ գլխատվեց հայոց մտավորականությունը և այլևս թուրքի յաթաղանը ազատություն ստացավ կոտորելու բոլոր հայերին: Նրանք, ովքեր համաձայնվում էին հրաժարվել իրենց քրիստոնեական հավատքից և հայկական ինքնությունից, խուսափում էին մահից, բայց առնվազն 1.500.000 հայեր զոհ գնացին անողորմ այս կոտորածին, իսկ մնացյալ մազապուրծ եղած ժողովուրդը ցրվեցին աշխարհով մեկ՝ ձևավորելով և ամբողջացնելով այսօրվա Հայոց Սփյուռքը: Հալածական հայերից շատերն իրենց ապահովությունը գտան Ռումինիայի հյուրընկալ հողում և սկսեցին ամոքել իրենց վերքերը:

Այս տարի լրացավ Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ոգեկոչման  արարողություններ տեղի ունեցան նաև Ռումանիոյ հայոց թեմից ներս: Ապրիլի 26-ին՝ Սուրբ Պատարագից հետո, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարի բակում գտնվող Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի մոտ, հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանի, կատարվեց Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց Բարեխոսական կարգը։ Ներկա էին Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Մշակույթի Նախարարության պետքարտուղար Դիանա-Շտեֆանա Բաչիունան, Ռումինիայում Ֆրանսիայի դեսպան Նիկոլաս Վարներին, Հունաստանի դեսպան Լիլի Եվանգելիա Գրամմատիկան, Կիպրոսի դեսպան Պերիկլես Դեմետրիոու Ստիվարոսը, Ռումին Ուղղափառ  Եկեղեցու, Կաթոլիկ Եկեղեցու և քրիստոնեական այլ եկեղեցիների ներկայացուցիչներ, Տաճարական միաբանության ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հյուրեր:

Առաջնորդ սրբազանն իր պատգամը հղեց ներկաներին՝ շեշտելով, որ ոչ ո՛ք, առավել ևս ո՛չ մի հայ բարոյական իրավունք չունի մոռանալու Հայոց Ցեղասպանության մեր նահատակներին: Տաթև Սրբազանը նաև մասնավորապես ասաց. «Այսօր, ոգեկոչելով մեր սուրբ նահատակների հիշատակը և խնդրելով նրանց բարեխոսությունը, պետք է խոհեմություն ունենանք նաև ունկնդրելու մեզ ուղղված նրանց պատգամները՝ անցյալը երբեք չմոռանալու և իրենց բացթողումները չկրկնելու մասին: Ազգային անմիաբանություն, թշնամու խաղաղասիրական խոստումների հանդեպ վտանգավոր դյուրահավատություն, միայն օտար երկրներից փրկության ակնկալություն. այս բոլոր խոտելի երևույթները առկա էին 1915 թ-ից առաջ, և ցավով ենք անդրադառնում, որ ներկա ժամանակներում մեր հայրենի երկրում կարծես թե նորից սկսում են ծլարձակել նման վտանգավոր մտածումներ։

Մենք կոչ չենք անում լցվել վրեժի ծարավով, որովհետև վրեժը Աստծունն է (Հռոմ. 12:19), և ոչ էլ  ցանկանում ենք չարությամբ ու ոխակալությամբ մթագնել մեր ժողովրդի հոգին, այլև ձգտում ենք արժանապատիվ խաղաղության՝ հիմնված մարդու և ազգերի իրավունքների գերակայության և անվտանգության ամուր երաշխիքների վրա»:

Ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Խաչքարի առջև։ Խոսքով հանդես եկան նաև Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Սրբոց Նահատակաց Բարեխոսական կարգ մատուցվեց նաև Ռումանիոյ հայոց թեմի այլ եկեղեցիներում և ծաղկեպսակներ զետեղվեցին տարբեր քաղաքներում կանգնեցված ցեղասպանության հուշարձանների առջև:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում