Մարտ ամսին ՀԲԸՄ-ն Կանանց միջազգային օրվա առթիվ միջոցառումների համապարփակ շարք անցկացրեց ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) և մի շարք մասնաճյուղերի նախաձեռնությամբ։ Միջոցառումները գլոբալ հարթակ դարձան հայ կանանց համար՝ նրանց միավորելով ակադեմիական դասախոսությունների, մասնագիտական պանելային քննարկումների, մշակութային աշխատարանների և համայնքային հավաքների միջոցով, որոնք ընդգծեցին նրանց ձայնն ու ներդրումները։
Այս տարվա միջոցառումների շարքն ընդգծում էր տարբեր մասնագիտական ոլորտներում և աշխարհագրական համատեքստում հայ կանանց ունեցած ներդրումների բազմազանությունը՝ միաժամանակ վերահաստատելով ՀԲԸՄ-ի շարունակական հանձնառությունը՝ նպաստելու կանանց առաջխաղացմանն ու զորեղացմանն ամբողջ աշխարհում։ Այն նաև ընդգծում է կանանց կարևոր դերը հենց կազմակերպության ներսում՝ որպես առաջնորդներ, նորարարներ և համայնքային կյանքի պահապաններ։
Եվրոպա
Եվրոպայի մի շարք երկրներում ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն ու ԵԱ խմբերը կազմակերպեցին ինքնության, պատմության ու մասնագիտական ձեռքբերումների թեմաներով հանդիպումներ ու քննարկումներ։ Դուբլինում ԵԱ-ներն անցկացրին «Հայկական ԴՆԹ. առասպելն ընդդեմ գենետիկ իրականության» խորագրով առցանց քննարկում, որը գենետիկան դիտարկեց գիտության ու մշակութային ինքնության հատման կետերի համատեքստում։
Լոնդոնում «Հայեր, որոնք կերտում են իրենց ուղին» պանելային քննարկումն անդրադարձավ մի շարք հայ կանանց մասնագիտական ուղիներին ու ներդրումներին։
Ֆրանսիայի հարավում ՀԲԸՄ Մարսելը կազմակերպեց «Գրական սրճարան» միջոցառումը, որտեղ տեղի ունեցան հեղինակների հետ հանդիպումներ և հայ գրականությանն ու կանանց ստեղծագործություններին նվիրված գրքերի ստորագրության արարողություններ։
ԵԱ Նիցցան անցկացրեց «Խաչքարի արհեստանոց» աշխատարանը, որը նվիրված էր հայկական ժառանգության առանցքային խորհրդանիշներից մեկին, իսկ ՀԲԸՄ Միլանը կազմակերպեց կանանց տոնին նվիրված նախաճաշ համայնքի անդամների համար։
Պիրենեյան թերակղզում ԵԱ Մադրիդը ներկայացրեց «Հայ կանանց դերը» ծրագիրը, որն ուսումնասիրում է հայ կանանց պատմական ու ժամանակակից դերերը։ ԵԱ Բարսելոնան նշանավորեց օրը «Կալչոտադա» կատալոնական ավանդական հավաքույթով, որը նպաստեց համայնքային կապերի ամրապնդմանն ու մշակութային փոխանակմանը։
Բեռլինում ԵԱ-ներն անցկացրին առցանց դասախոսություն «Հայ կանանց դերը պատմության ընթացքում և նրանց ազդեցությունը աշխարհում» թեմայով, որի ընթացքում հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր և «Հայ կանանց շարժումը ուշ Օսմանյան կայսրությունում. արդիականություն, ազգայնականություն և գենդեր» գրքի հեղինակ Հասմիկ Խալափյանը, ինչպես նաև հայ կանանց կյանքին ու ներդրումներին նվիրված «Զարմանահրաշ հայ կանայք» գիտական աշխատության համահեղինակներ Գայանե Աղաբալյանը և Էլմիրա Այվազյանը։
ՀԲԸՄ Նիկոսիան կազմակերպեց «Գինի ու ջրաներկներ՝ պատվելու կանանց» ստեղծագործական միջոցառումը, իսկ ՀԲԸՄ Սոֆիան կազմակերպեց միջոցառում՝ մասնակցությամբ կլինիկական հոգեբան և Ամերիկյան բժշկական ասոցիացիայի թերապևտ Ալվինա Վարդանյանի, ով զեկույց ներկայացրեց դպրոցում ու ընտանիքում ծնող-երեխա հարաբերությունների մասին։
Հյուսիսային Ամերիկա
ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղն անցկացրեց «Առողջություն, իմաստություն և իրական զրույց. հայ կանայք զրուցելիս» խորագրով քննարկումը, որը վարում էր գրող և քոուչ Նադին Արաքսին՝ Անիտա Միքաելյանի, Մայդա Հայի և Նիկոլ Կույումջյանի հետ, և որի ընթացքում քննարկվեցին առողջության, ինքնության և մասնագիտական փորձի վերաբերյալ թեմաներ։
Մոնրեալում ՀԲԸՄ «Տիկնանց հանձնախումբը» նշեց արվեստի, մշակույթի և երաժշտության ոլորտներում կանանց ձեռքբերումները՝ հավաքույթ կազմակերպելով ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» կենտրոնում։
Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակում, Մեծ Նյու Յորքի Երիտասարդ արհեստավարժների հետ համագործակցությամբ, «Աշխարհը ձևավորող կանայք» (WSTW) կազմակերպությունը հրավիրեց իրավունքի, կինոյի, հանրային ծառայության և մշակութային պահպանման ոլորտները ներկայացնող ականավոր մասնագետների՝ մասնակցելու պանելային քննարկման: Քննարկումը համակարգում էր անկախ պրոդյուսեր և «Նյու Յորքի կանայք կինոյում և հեռուստատեսությունում» կազմակերպության պատվավոր նախագահ-պրոդյուսեր Ալեքսիս Ալեքսանյանը, իսկ բանախոսներն էին՝ «AMBART LAW»-ի հիմնադիր և արհեստական բանականության կառավարման փորձագետ Ելենա Համբարձումյանը, Նյու Յորքի համալսարանի հանրային ծառայության դոցենտ և հանրային քաղաքականության մասնագետ Քրիստինա Առաքելյանը և «Aran Wines»-ի համահիմնադիր և համայնքի ղեկավար Թալար Սեսեթյան Սարաֆյանը:
Հարավային Ամերիկա
Հարավային Ամերիկայի սրտում Բուենոս Այրեսի ՀԲԸՄ «Տիկնանց հանձնախումբը» ՀԲԸՄ կենտրոնում կազմակերպեց երաժշտությամբ և հյուրասիրությամբ ուղեկցվող հավաքույթ համայնքի անդամների համար, որը խթանեց համայնքի գաղափարակից կանանց շփումն ու հաղորդակցությունը։
Ամփոփելով ամսվա խորհրդի կարևորությունը՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկյանը նշեց. «Կանանց միջազգային օրը ամենամյա առիթ է վերահաստատելու կանանց առաջխաղացմանն ու զորեղացմանը նպաստելու՝ ՀԲԸՄ-ի երկարամյա հանձնառությունը, հատկապես Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով։ Այս տարվա միջոցառումները վկայում են այդ հանձնառության իրական դրսևորման մասին»։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որի նպատակն է բարեփոխել հայերի կյանքը կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ–տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ–ն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր ՀԲԸՄ–ն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄ–ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am:
orer.eu



