Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը. հայտնի են չեմպիոններն ու մրցանակիները: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Առաջնությանը մասնակցել են բոլոր առաջատարները, այդ թվում Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:
Երկու օր անցկացված առաջնությունում լավագույնները որոշվել են բազմամարտում եւ 6 առանձին գործիքներում:
Առանձին գործիքներում Հայաստանի չեմպիոններ են դարձել Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Մամիկոն Խաչատրյանը՝ (նժույգ թափեր), Արթուր Դավթյանը (հենացատկ, օղակների վարժություն եւ զուգափայտ), Էրիկ Բաղդասարյանը՝ (պտտաձող):
Բազմամարտում Հայաստանի չեմպիոն է դարձել Համլետ Մանուկյանը:
Հայաստանի հավաքականն այս օրերին պատրաստվում է աշխարհի գավաթի խաղարկության վերջին երկու փուլերին, որոնք տեղի կունենան ապրիլի 1-6-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում եւ ապրիլի 7-13-ը՝ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում:
Աշխարհի գավաթի խաղարկության 6 փուլերից Հայաստանի հավաքականը դեռեւս մասնակցել է միայն մեկին՝ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առաջին փուլին: Երկրորդ փուլն ազգային ընտրանին բաց է թողել, քանի որ այն անցկացվում է Բաքվում: Թուրքիայում տեղի ունեցած երրորդ փուլին թիմը եւս չի մասնակցել, քանի որ չէր կարողանում Դոհայից վերադառնալ հայրենիք՝ Մերձավոր Արեւելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:
4-րդ եւ 5-րդ փուլերը տեղի կունենան Կահիրեում եւ Օսիեկում: 6-րդ փուլը, որը պետք է անցկացվեր Կատարի մայրաքաղաք Դոհայում, մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կողմից չեղարկվել է, կրկին Մերձավոր Արեւելքում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:
orer.eu



