«Պայքարը պայքարից հետո» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույնը Օսկար 2026-ում. Սեւ Օհանյանի պրոդյուսերությամբ «Մեղսագործներ» ֆիլմն արժանացել է չորս «Օսկար»ի

  • 16.03.2026
  • 0
  • 312 Views

ԱՄՆ-ում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Օսկարի 98-րդ մրցանակաբաշխությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի՝ հեղափոխականների մասին պատմող ֆիլմը «One Battle After Another» («Պայքարը պայքարից հետո») տարել է երեկոյի գլխավոր մրցանակը՝ դառնալով տարվա լավագույն ֆիլմ։ Իսկ Անդերսոնը նաև արժանացել է լավագույն ռեժիսորի մրցանակին։ Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է վեց մրցանակ, այդ թվում և՝ «Լավագույն քասթինգ», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ»։

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը ստացել է Մայքլ Բ․ Ջորդանը «Sinners» («Մեղսագործներ») ֆիլմում իր դերակատարման համար։ «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ջեսի Բաքլին Շեքսպիրի ընտանեկան ողբերգության մասին պատմող «Hamnet» («Համնետ») դրամայում մարմնավորած կերպարի համար:

«Sinners» («Մեղսագործներ») ֆիլմը, որի պրոդյուսերների շարքում է ամերիկահայ Սև Օհանյանը և որը ներկայացված էր ռեկորդային թվով՝ 16 անվանակարգում, հաղթել է 4 անվանակարգում, այդ թվում և «Լավագույն կինեմատոգրաֆ», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օրիգինալ երաժշտություն»։

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Շոն Պենը՝ «One Battle After Another» ֆիլմում իր դերի, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Էմի Մադիգանը՝ «Weapons» («Զենքեր») ֆիլմի համար։«Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը ստացել է «KPop Demon Hunters» («K-pop դև որսորդներ») ֆիլմը, «Լավագույն միջազգային ֆիլմ» է ճանաչվել նորվեգական «Sentimental Value» («Զգացմունքային արժեք») ֆիլմը, իսկ «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը ստացել է «Mr. Nobody Against Putin» («Պարոն Ոչ ոք ընդդեմ Պուտինի») ֆիլմը։

Ջեյմս Քեմերոնի «Ավատար․ կրակ և մոխիր» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում։

Published by Armenpress

Լուսանկարները՝ Ռոյթերսի եւ Դը Գարդիանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում