«Նկարիչ ստեղծագործողներ. Նահատակված 2020թ. Արցախյան պատերազմում» հայերեն-անգլերեն պատկերագիրքը. ՕՐԵՐ-ի գրադարան

  • 01.03.2026
  • 0
  • 84 Views

ՕՐԵՐ-ի գրադարանին- ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակից շնորհակալությամբ ստացանք  «Նկարիչ ստեղծագործողներ. Նահատակված 2020թ. Արցախյան պատերազմում» հայերեն-անգլերեն պատկերագիրքը, որը լույս է տեսել դեռեւս 2022 թվականին Երեւանի «Տիգրան Մեծ» հրատարակչությունում։ Գիրքը հրատարակվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ՝ «Փյունիկ» զարգացման հիմնադրամի եւ ՀԲԸՄ աջակցությամբ։ Պատկերագիրքը կազմել է եւ տեքստերը հեղինակել  նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանը։

Առաջաբանում Արա Հայթայանը նշել է, որ պատեկրագրքի նպատակն է ներկայացնել 44-օրյա պատերազմում նահատակված արվեստագետներին եւ նրանց ստեղծագործությունները։ Այսպիսով ծանոթանում ենք 20 նահատակված նկարիչներ Գոռ Ավագյանի, Գոռ Ավետիքյանի, Գեւորգ Արշակյանի, Արտակ Բարսեղյանի, Անդրանիկ Գրիգորյանի, Մորիս Գրիգորյանի, Արտակ Թովմասյանի, Աժդահակ Կիրակոսյանի, Խորեն Հաջաթյանի, Արման Հարությունյանի, Համլետ Հովհաննիսյանի, Հարություն Ղազարյանի, Արմեն Գրիգորյանի, Հովհաննես Մազմանյանի, Հայկ Նալբանդյանի, Վիգեն Մուրադյանի, Միսակ Մկրտչյանի, Արամ Պողոսյանի, Էդգար Տոնականյանի եւ Տարոն Ֆիլիպոսյանի աշխատանքներին։

«Նրանցից ոմանք արդեն ձեւավորված եւ կայացած էին, ովքեր իրավամբ հայ արվեստի վաղվա դիմագիծը պիտի ձեւավորեին։ Մի մասը հիմնավոր ուսումնական, դասական արվեստի հիմքերը սերտելու ճանապարհն էին անցել, աստիճանաբար դարձել ճանաչելի։ Տարիքով համեմատաբար կրտսերները շնորհքի առաջին նախանշանները ցույց տաքով նոր էին ոտք դրել արվեստի բուհ, պատրաստվում էին առաջին լուրջ քայլերն անել»,- գրում է Արա Հայթայանը։

Վերջինիս  գնահատմամբ. «Ներկայացնելով այն, ինչ իրականացրին եւ այն, ինչին ունակ էին, հույս ենք տածում, որ մենք՝ վերապրողներս, կհասկանանք եւ խորապես կգիտակցենք, թե իրականում ստեղծագործ, արարող մարդկային տեսակի ինչպիսի ներուժ կորցրինք, եւ հետեւաբար ինչպիսի բարոյական բեռ ենք կրում իրագործելու համար այս լուսավոր երիտասարդների երազանքների, տեսլականների ու պատգամների գոնե մեկ մասը»։  Արա Հայթայանը նաեւ կոչ է արել ընթերցողներին լինել զոհվածների ընտանիքիների կողքին։

ՕՐԵՐ

Ստորեւ մի քանի լուսանկար պատկերագրքից։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում