ՕՐԵՐ-ի գրադարան- Շնորհակալությամբ ստացանք պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի «Մասոնությունը Հայոց մեջ» ծավալուն աշխատությունը, որում հանգմանորեն ներկայացվում է հայ մասոնության ամբողջական պատմությունը՝ սկսած 18-րդ դարի սկզբից մինչեւ մեր օրերը։ Առանձին բաժնով նկարագրվում է բուն մասոնության կամ ազատ որմնադիրների ընկերության ծագումն ու տարածումը։ Հեղինակը գրում է, որ մինչ օրս էլ այդ ընկերությունը շարունակում է պահպանել գաղտնիքներ, որոնք հասու չեն հասարակության լայն շրջանակներին։ Գաղտնի գործունեություն ծավալելը ընկած է մասոնական օթյակների հիմքում։
Գրքում ցույց է տրվում արեւմտահայ հասարակական մի խումբ ընկերությունների առնչությունները մասոնության հետ, որին հաջորդել է Ղրիմի պատերազմից հետո արեւմտահայերի անդամագրվելը Թուրքիայում հիմնված եվրոպական մասոնական օթյակներին։ Բացահայտվում է արեւմտահայ մասոնների գործնական դերը ազգային սահմանադրական շարժման սկզբնավորման, ծավալման եւ ընդունման գործում։ Ներկայացվում են հայկական մի շարք օթյակներ, ինչպես նաեւ մեր օրերում հիմնված «Գերագույն օթյակ հայոց»-ի պատմությունն ու գործունեությունը։
Անդրադարձ է կատարվում նաեւ աշխարհի տարբեր երկրներում հայության մասնակցությունը մասոնական օթյակների աշխատանքներին եւ այդ երկրներում հիմնված հայկական օթյակներին, այդ թվում՝ բացի Թուրքիայից, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Իրանում, Հնդկաստանում, Եգիպտոսում։ Լուսաբանվում են այս երկրներում գործող բոլոր հայկական օթյակները, նրանց անդամակցած հայերի անունները, նաեւ տպագրված են նրանցից շատերի լուսանկարները։ Ի դեպ, գրքում հղում անելով Ֆրանսիական օթյակի ներկայացուցչի խոսքին, 2011 թվականի դրությամբ Հայաստանում եղել է 10-15 մասոն։
Գիրքը հրատարակվել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ եւ Յովսեփ եւ Գարոլին Նալպանտեանների մեկենասությամբ(688 էջ, ՎՄՎ-ՊՐԻՆՏ, Երեւան, 2023թ.)։
ORER.EU



