Վիեննա Գալա՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

  • 13.01.2026
  • 0
  • 243 Views

     Մայրաքաղաք Երևանում արդեն գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել վիեննական ամանորյա շնչով լցնել ձմեռային տոնական օրերը: Երեկ՝ հունվարի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահը վերածվել էր Ավստրիայի մայրաքաղաքի վեհաշուք պալատներից մեկի։ Երաժշտասեր հանդիսատեսը հրավիրված էր «Վիեննական գալա»-ի՝ երեկոյի, որտեղ ժամանակը կանգ է առնում, և առօրյա կյանքի եռուզեռը փոխարինվում է ոսկեզօծ ինտերիերի փայլով, պարահանդեսի զգեստների շրշյունով և բացառիկ տոնական կախարդանքով, որը միավորել է աշխարհը շուրջ մեկուկես դար։

Երբ ասում ենք «Վիեննա», մեր ականջներում անմիջապես հնչում է երաժշտություն։ Երբ ասում ենք «Վիեննական երաժշտություն», մենք նկատի ունենք Շտրաուսների մեծ դինաստիան։ Նրանք էին, որ ստեղծեցին եվրոպական Ամանորի պարահանդեսների երաժշտական ​​կոդը: Նրանց երաժշտությունը ավելին է, քան պարզապես թղթի վրա գրված նոտաներ, այն նրբագեղության, ուրախության և լավագույնի հանդեպ հույսի խորհրդանիշ է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այդ երեկո կենդանություն հաղորդեց Շտրաուսների լեգենդար գլուխգործոցներին, իրեն հատուկ երաժշտության մեկնաբանության խորությամբ, վառ ու տաք գույներով՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հմուտ ղեկավարությամբ:

Հնչեցին «Կայծակ և որոտ», «Թրիչ-թրաչ», Ֆրանսիական «Կրակի տոնակատարություն», «Որսի պահին» կրակոտ պոլկաները, որոնք արագացնում են ունկնդրի սրտի բաբախյունը,  «Նապոլեոն», «Եգիպտական» հանդիսավոր քայլերգեր, որոնք խփում են պատմության ռիթմը։ Եվ, իհարկե, պարերի արքա՝ «Հնչող ոլորտներ», «Կայսերական», «Երկնագույն Դանուբ» և այլ վիեննական վալսերը, որոնց պտույտի մեջ, կարծես, պտտվում է ինքը տիեզերքը: Համերգն ավանդաբար եզրափակվեց «Ռադեցկի» քայլերգով, որից հետո լեփ-լեցուն համերգասրահը պայթեց անվերջանալի, հոտնկայս ծափահարություններից:

Իսկ երեկոյի պարային հատվածը վստահված էր  «Բարեկամություն» պետական անսամբլի հեզաճկուն աղջիկներին որոնք էլեգանտ կավալերների ուղեկցությամբ հանդես եկան պարահանդեսային պարերի կատարումներով՝ հենց ճեմասրահում:  Մինչ հանդիսատեսն անշտապ վայելումեր էր ճեմասրահի տոնական, էսթետիկ միջավայրը և պարահանդեսային մթնոլորտը, այն սահուն կերպով տեղափոխվեց դահլիճ. համերգի ժամանակ զույգերը հանդես եկան ևս երկու պարային համարներով:

Հատուկ պետք է նշել նաև հանդիսատեսի մասին, որը եկել էր գեղեցիկ երեկոյան հագուստով ու հարդարանքով, նրանց շարքերում կհանդիպեիք արվեստագետների, մտավորականների և պետական պաշտոնյաների, ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարաի տեղական Դանիել Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երկու օր էր, ինչ վերադարձել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մասշտաբային շրջագայությունից, որտեղ մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել 9 հմերգներով՝ Չինաստանի գլխավոր քաղաքների հեղինակավոր համերգասրահներում:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում