Շվեյցարահայ համայնքի հայտնի դեմքերից Վահե Գաբրաշը հավատարմության կոչ է հրապարակել Մայր Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ պախարակելով Հայր Գուսանի կեցվածքը

  • 07.01.2026
  • 0
  • 201 Views

Շվեյցարահայ համայնքի սիրելի՛ անդամներ,

Թեպետ ես մեր համայնքի կաթոլիկ անդամ եմ, սակայն ինձ իրավունք եմ վերապահում արտահայտվելու նախևառաջ որպես այս ընտանիքի մի մասնիկ՝ լիակատար հարգանքով մեր համայնքային կյանքի բոլոր դրսևորումների և հոգևոր զգացումների հանդեպ, որոնք Շվեյցարիայում մշտապես խարսխված են եղել միասնության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։

Հենց այս խորին հարգանքից դրդված և որպես համայնքի 68-ամյա անդամ, ով իր կյանքն ու ջանքերը ներդրել է մեր կառույցների զորացման գործում, չեմ կարող լռությամբ շրջանցել Հայր Գուսանի հրապարակային կեցվածքը։

Մեր հոգևոր հովիվը, ով իր պաշտոնում նշանակվել է Ծխական խորհրդի կողմից և վավերացվել Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, այսօր բացահայտորեն սատարում է տասը եպիսկոպոսների այն նախաձեռնությանը, որով պահանջվում է Վեհափառ Հայրապետի հրաժարականը՝ հարցն ուղղելով ՀՀ վարչապետին։ Այս քայլը դուրս է հոգևոր-եկեղեցական տիրույթից և Եկեղեցին ներքաշում է քաղաքական շահարկումների ու պառակտիչ հոսանքների մեջ։

Այսօր, սակայն, ի հայտ է գալիս մի նոր հանգամանք, որն առավել հստակ է դարձնում այս դիրքորոշման բուն պատճառը։ Երկու շաբաթ անց Շվեյցարիայի թեմում իր առաքելությունն է ստանձնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղված նոր եպիսկոպոսը։ Ակնհայտ է դառնում, որ հայր Գուսանի ընդվզումը ոչ թե վարդապետական կամ հովվական հիմքեր ունի, այլ պարզապես անձնական անհանդուրժողականություն է մի նոր սպասավորի հանդեպ, ով գալիս է ստանձնելու մի պաշտոն, որը Հայր Սուրբը, ըստ ամենայնի, ինքն էր ակնկալում։

Երբ հոգևորականն առաջնորդվում է ոչ թե հոգևոր խոնարհությամբ, այլ անձնական հավակնություններով, նա ոչ թե պաշտպանում է իր հոտը, այլ այն դարձնում է խոցելի։ Հոգևոր հովվի առաքելությունը սեփական ծուխն օգտագործելը չէ որպես հարթակ՝ անձնական վիրավորանքներն ու հիասթափությունները բարձրաձայնելու համար, հատկապես երբ դա կարող է հավատացյալներին ներքաշել մի կոնֆլիկտի մեջ, որը երբևէ չի եղել հավաքական քննարկման առարկա։

Եթե Հայր Գուսանը գտնում է, որ չի կարող ծառայել մի եպիսկոպոսի առաջնորդության ներքո, ում ինքը չի ընտրել, կամ իր առաջնահերթությունը սեփական դիրքի պահպանումն է, քան հավատացյալների միասնության պահպանումը, ապա նա պետք է արժանապատվություն ունենա վայր դնելու իր հովվական լիազորությունները։ Սա թույլ կտա համայնքին՝ զերծ մնալով անձնական ազդեցություններից, սթափ և ժողովրդավարական ոգով քննարկել ստեղծված իրավիճակը։

Շվեյցարիայի մեր համայնքն ունի հարգանքի, կարծիք հայտնելու և հոգևոր միասնության մեջ առաջնորդվելու հիմնարար իրավունք, այլ ոչ թե ներքաշվելու անձնական հավակնությունների ճգնաժամի կամ արտաքին քաղաքական բանավեճերի մեջ:

Մենք հավատարիմ ենք Մայր Եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և մեր նորանշանակ եպիսկոպոսին։ Չենք կարող հանդուրժել, որ հովվական պատասխանատվությունը ծառայեցվի անձնական «ես»-ին՝ ի հաշիվ մեր ծխի անդորրի և արժանապատվության։

Շվեյցարահայ համայնքի ապագան պահանջում է խոնարհություն, միասնություն և ժողովրդավարական խոհեմություն՝ խաղաղության ու փոխադարձ հարգանքի պայմաններում:

Հավատարմությամբ և սթափությամբ՝

Վահե Գաբրաշ

Շվեյցարահայ համայնքի 68-ամյա անդամ

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը միացել էր ՀՀ վարչապետի եւ 10 տիրադավ եպիսկոպոսների հայտարարությանը՝ դեմ դուրս գալով Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Վերջինս մասնավորապես իր այդ քայլը պատճառաբանել էր հետեւյալ գրությամբ.

ԶՈՒԻՑԵՐԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ՝ ՏԷՐ ԳՈՒՍԱՆ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱԼՃԱՆԵԱՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ,

Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր ծառայութիւն Սուրբ Տեղերուն եւ Պատրիարքական Աթոռին, վարչական եւ դաստիարակչական բաժանմուքներուն մէջ, վերջին տարիներուն կոչուեցայ Զուիցարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտօնին տեղւոյն գործող 3 ծխական խորհուրդներու խնդրանքով, որը ժամանակին հաստատուեցաւ Վեհափառի կողմէ։

Իմ այստեղ ծառայութեան ընթացքին օր ըստ օրէ ականատես եղայ մեր Եկեղեցւոյ ղեկավարութեան կողմէ Մայր Աթոռի բուն առաքելութենէն շեղումին, քաղաքական գործընթացներու մէջ ներգրաւումին եւ այլ մտահոգիչ հանգամանքներու։

Վերջին շրջանին Հայ Եկեղեցւոյ տասը բարձրաստիճան հոգեւորականներու կողմէ բարձրացուած արդար հարցերը վաղուց արդիական էին եւ լուծման կարօտ։ Փառք Աստուծոյ, որ այս բարեկարգման սուրբ առաքելութեան միացած է նաեւ Հայաստանի Հանրապետութեան Վարչապետը եւ իր մեծ լուման կը դնէ Հայաստանի մէջ հոգեւոր կեանքի զարգացման գործին։

Կը ցանկամ ի լուր Զուիցերիոյ հայութեան եւ մեր հոգեւոր եղբայրներուն տեղեկացնել, որ, ողջունելով Հայաստանի Հանրապետութեան Վարչապետին եւ տասը Սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհուրդի ստեղծումը, կը միանամ անոնց, կ’ընդունիմ հռչակագիրին բովանդակութիւնը եւ ճանապարհային քարտէզը։ Պատրաստակամութիւնս կը յայտնեմ ամբողջական շնչով ներգրաւուելու Հայ Եկեղեցւոյ բարեկարգման սուրբ առաքելութեան մէջ։

Տէր Գուսան Ծայրագոյն Վարդապետ Ալճանեան Զուիցերիոյ հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ

Ժընեւ 5 Յունուար 2026

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում