ՄԵՐ 2025-Ը
Տարին ամփոփելը լավագույն ավանդույթներից է։
Տեսնում ես արվածը, չարվածը, նոր ծրագրեր ես մտածում, գնահատում ես իրականացվածները։
Տարին, սովորաբար ամփոփում են տարվա վերջին, բայց, արդեն երկրորդ տարին, մենք այն ամփոփում ենք տարվա սկզբին, Նոր տարվա աշխատանքային օրերի սկզբին՝ Նոր տարին սկսելով որպես շարունակական ծրագրերի տարի։
ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆԸ՝ մեր հարազատ Կինոյի տունը, շարունակեց հարազատ վայր մնալ կինոյի մարդկանց համար։
2025-Ը ՍԿՍԵՑԻՆՔ Կինոյի տանը հյուրընկալելով ««ԵՍ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԿԼԻՆԵՄ ԱՇԽԱՐՀԻՑ ՍԻՐՈ ՄԻՋՈՑՈՎ» Ս․ ՓԱՐԱՋԱՆՈՎ» ֆիլմի ցուցադրությամբ, որի համաշխարհային պրեմիերան կայացել էր վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնում։ Օրեր շարունակ ֆիլմը ցուցադրվեց Կինոյի տան էկրաններին։
Նշեցինք ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծննդյան 70-ամյա հոբելյանը։ Կինոյի տան մեծ էկրանին ցուցադրվեց կինոռեժիսորի «ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔ» ֆիլմը, իսկ Կինոյի տան մեծ ցուցասրահում բացվեց «ԱՂՄՈՒԿՆԵՐ, ԼՌՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ԽՈՍՔ» լայնածավալ վիդեոինստալացիոն ցուցադրությունը։
Կինոյի տանը նշեցինք հայ անվանի գեղանկարիչ, կինոնկարիչ, կինոռեժիսոր-մուլտիպլիկատոր, դերասան, երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ, և այդ առթիվ Կինոյի տան մեծ դահլիճում ցուցադրեցինք Կարեն Քոչարյանի «Իսկական երևանցի» և Նիկոլայ Դավթյանի «Դյադյա Վալյա» ֆիլմերը։
Կինոյի տան մեծ դահլիճը տրամադրեցինք ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ նվիրված ֆիլմի պրեմիերային։ Մեծ է Մարտին Վարդազարյանի ներդրումը հայ կինոերաժշտության զարգացման գործում: Նրա ստեղծագործական մտահղացումները հնչում են ավելի քան քառասուն ֆիլմերում, և այնպիսի սիրված ու ճանաչված ֆիլմերում, ինչպիսիք են «Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենի», «Կարոտ» և այլ ֆիլմեր: Նրա րաժշտությունը հնչում է նաև բազմաթիվ սիրված մուլտֆիլմերում և անիմացիոն ֆիլմերում:
Կինոյի տանը կայացավ ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԷԻ ՆՈՐ՝ «ՀԵՎՔ» ՖԻԼՄԻ պրեմիերան, որը յուրահատուկ անդրադարձ էր մեր պատերազմին։
ՄԱՆՈՒՇՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ հյուրընկալեցինք Կինոյի տանը։ Կինոյի տան փոքր դահլիճում կայացավ Հյուգ Նանսիի և Դենի Պեշանսկու՝ «Մանուշյանը և կարմիր աֆիշի հերոսները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էր ֆիլմի համահեղինակ, պատմաբան Դենի Պեշանսկին։
Ցուցադրեցինք նաև մեծանուն քանդակագործ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԼՄԸ, որի հեղինակները թիվ 112 դպրոցի աշակերտներն էին և սա շատ յուրահատուկ մոտեցում էր դպրոցական կինոյին։
Մեծ շուքով նշեցինք մեր սիրելի ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՕՐԸ։
Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ պրոֆեսիոնալ կինոգիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը, որն արդեն ավանդույթ ունի, մեր ստեղծած ավանդույթը, և որը սիրված տոն է կինոյի մարդկանց համար։
Մեր խոնարհումը բերեցինք հայ կինոյի մեծանուն արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, ՆՐԱ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ՝ Կինոյի տան հանրային էկրաններին ողջ օրը ցուցադրելով Խորեն Աբրահամյանի մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ։
Մեր խոնարհումը բերեցինք նաև հայ կինոյի մեծանուն արտիստ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ՝ ՆՐԱ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ նույնպես՝ Կինոյի տան հանրային էկրաններին ողջ օրը ցուցադրելով նրա մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ։
Մեր խոնարհումը բերեցինք հայ կինոյի մեծանուն ռեժիսոր ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻՆ՝ ՆՐԱ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ նույնպես՝ Կինոյի տան հանրային էկրաններին ողջ օրը ցուցադրելով նրա ստեղծած ֆիլմերից հատվածներ և սա արդեն գեղեցիկ ավանդույթ է։
Կինոյի տան մեծ դահլիճում մշակույթի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ ցուցադրեցինք Հենրիկ մալյանի «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՀԱՆՃԱՐԵՂ ՖԻԼՄԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՕՐԵՐԸ կրկին հյուրընկալվեցին Կինոյի տանը։ Օրեր շարունակ Կինոյի տան էկրաններին ցուցադրեցինք լավագույն Եվրոպական կինոն՝ շարունակելով լավագույն ֆիլմերի ցուցադրության ավանդույթը։
Կինոյի տանը կայացան EURASIADOC շրջանավարտների աշխատարանի հայկական նախագծերի փիչինգները։
Կինոյի տան մեծ ցուցասրահում կայացավ Հարություն Խաչատրյանին նվիրված «ՄԱՐԴԸ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻՑ․․․» գիրք-ալբոմի շնորհանդեսը։
Երեք օր շարունակ Կինոյի տան էկրանները տրամադրեցինք ՈՒՐՈՒԳՎԱՅԱԿԱՆ ԿԻՆՈՅԻՆ։
Նշեցինք ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՍՈՒՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ծննդյան 75-ամյակը, և կինոյի տանը կայացավ հեռակա «հանդիպումը» Սուրեն Բաբայան արվեստագետի հետ, որին նախորդեց Սուրեն Բաբայանի աստղի բացումը Կինոմոսկվայի աստղային պուրակում։
Ներկայացրեցինք նաև թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
Նոր համագործակցություն սկսեցինք FREEDOC ընկերության հետ, կրկին Կինոյի տան էկրանները տրամադրելով լավագույն հեղինակային կինոյին։
Մեր հարգանքի տուրքը մատուցեցինք ՌՈՒԲԵՆ ԳևՈՐԳՅԱՆՑԻՆ՝ նշելով կինոռեժիսորի ծննդյան 80-ամյա հոբելյանը Կինոյի տանը, որի ընթացքում ցուցադրեցինք ռեժիսորի «Ընդմիշտ» ֆլմը։
Պատվեցինք նաև ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ՝ ի պատիվ նրա ծննդյան 70-ամյա հոբելյանի՝ Երևանում, կինոյի տանը ցուցադրելով նրա «Նա, ում սպասում էին» ֆիլմը։
Հանրահայտ ու հեղինակավոր TEDX-Ը կրկին հյուրընկալվեց Կինոյի տանը։
Կինոյի տան մեծ էկրանը բազմիցս տրամադրվեց ԵՐևԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ և ԿԻՆՈՅԻ ՄԵՐ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, նրանց դիպլոմային, ավարտական ֆիլմերին։
ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ նույնպես Կինոյի տան մեծ էկրանին ներկայանալու հնարավորությունն ունեցավ։
Մենք շարունակեցինք ուշադիր լինել ուսանողական կինոյի, երիտասարդական կինոյի նկատմամբ, որովհետև նրանք են ներկայացնելու վաղվա հայկական կինոն։
Մեր գործընկերների հետ իրականություն դարձրեցինք նաև ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ «ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» արժեքավոր գրքի տպագրությունը, որի շնորհանդեսը նույնպես կայացավ Կինոյի տանը։
Կինոռեժիսոր ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ ֆիլմերի հետահայացը կայացավ կինոյի տանը՝ հանդիսատեսի հետ հանդիպումների և քննարկումների ձևաչափով։ Նշեցինք կինոռեժիսորի ծննդյան 70 և ստեղծագործական կյանքի 50 -ամյա հոբելյանները Կինոյի տան մեծ դահլիճում։
Շարունակեցինք մեր ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, որը մեր գործունեության կարևորագույն մասն ենք համարում։
Մեր սիրելի դպրոցականների, ուսուցիչների, ծնողների հրավիրեցինք մասնակցելու ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ բացառիկ ծրագրին՝ նվիրված Հովհաննես Թումանյանի, Հրանտ Մաթևոսյանի, Կոստան Զարյանի ծննդյան հոբելյանական օրերին։ ԱԶԳԱՅԻՆ ՍԻՆԵՄԱՏԵՔ ԿԻՆՈԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ հարյուրավոր դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ ծանոթացան հայկական կինոյի անցյալին ու ներկային, Կինոյի տան էկրաններին դիտեցին ֆիլմեր հայ մշակույթի մեր մեծերի հետ առնչակցվող։
Բացառիկ ցուցադրություն իրականացրեցինք միայն դպրոցականների և ուսուցիչների համար և ԱՎԵԼԻ ՔԱՆ 130 ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ ԴԻՏԵՑԻՆ «ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» ֆիլմը։
Շարունակեցինք մեր համագործակցությունը Երևանի և մարզերի բազմաթիվ դպրոցների հետ, ձեռք բերեցինք նոր գործընկերներ, հարյուրավոր ուսուցիչներ, դպրոցականներ, ծնողներ ՏԱՐԲԵՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԵՂԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՍԻՆԵՄԱՏԵՔ ԿԻՆՈԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ, Կինոյի տան մեծ էկրաններին դիտեցին հայկական ֆիլմեր, իրականցրեցին նախագծային աշխատանքներ, որոնք լուրջ հաջողություններ գրանցեցին կրթական միջավայրերում։
Իրականացրեցինք «ՏԵՐԸ» ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝
նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին՝ ձեռագրային, արխիվային բացառիկ նյութերով, եզակի լուսանկարներով, համադրողական արվեստի յուրօրինակ մատուցմամբ, տարբեր մեդիաների կիրառմամբ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԳԻԼԴԻԱՆԵՐԸ շարունակեցին իրենց լուրջ դերակատարումն ունենալ հայկական կինոմիջավայրում։
Հայաստանի կինոգործիչների միությունը, կինոգիլդիաները բազմաթիվ անգամներ իրենց մտահոգությունները հայտնեցին կինոոլորտում իրականացվող քաղաքականությունների նկատմամբ, նախաձեռնեցինք քննարկումներ, հանդիպումներ, առաջարկեցինք լուծումներ, միության և կինոգիլդիաների բազմաթիվ անդամներ իրենց մասնակցությունն ունեցան օրենսդրական և այլ բազմաթիվ խնդիրների կանոնակարգմանը։
Հայաստանի կինոգործիչների միության անդամներ, Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների, ոլորտային ասոցիացիաների, կինոոլորտի ամենատարբեր կառույցների ներկայացուցիչները, կինոարտադրողներն իրենց մասնակցությունն ունեցան կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու խնդիրների քննարկմանը, կանոնակարգմանը։
Միավորվեցին Կինոռեժիսորների և Կինոպրոդյուսերների գիլդիաները՝ առավել արդյունավետ գործելու համար։
Կինոյի տունը շարունակեց մնալ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։
Կինոյի տան դահլիճներում և էկրաններին անցկացվեցին «ՄԷԿ ԿԱԴՐ», «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ», «ԱՐԵՎՈՐԴԻ», «ՌԷԱ», «ԿԻՆ» և այլ միջազգային կինոփառատոները, Մեդիա արվեստների CYFEST ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ, ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ։
Ցուցադրվեցին նաև համաշխարհային էկրաններին պրեմիերաներ ունեցած և աշխարհի լավագույն կինփառատոներում ցուցադրված առանձին ֆիլմեր՝ Կինոյի տունը դիտարկելով որպես լավագույն հեղինակային կինոյի հարթակ։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄ ԱՐԵՑԻՆՔ Հայաստանի կինոգործիչների միության ենթակառուցվածքներում, կինոյի տանը
Ապագայում լավագույնս պահպանելու համար կինոյի տան մշակութային ժառանգություն հանդիսացող շենքը, հիմնանորոգեցինք ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ 700 ՔՄ ՏԱՆԻՔԸ, որը տասնյակ տարիներ չէր նորոգվել, ենթարկվել էր վայրի կառուցապատումների ազդեցություններին, ուներ բազմաթիվ վնասվածքներ՝ այդ թվում՝ թե անձրևատար համակարգերի, թե՝ կոնստրուկցիաների և այլն։
Այն ենթարկելով կապիտալ նորոգման, կիրառելով տանիքների նորոգման ժամանակակից տեխնոլոգիաներ, տանիքների համար նախատեսված ժամանակակից ներկեր, ներկանյութեր և այլն, սերունդներին կհանձնենք երկարաժամկետ ծառայության։
Համաշխարհային կինոյի երևելիների նոր ստորագրություններ դրվեցին կինոյի տան լեգենդար ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀԻ լեգենդար պատին։
Կայացավ «Մարդը սպիտակ քաղաքից» գիրք-ալբոմի շնորհանդեսը Գյումրիում։
Մենք բաց եղանք բազմաթիվ ընկերությունների, կազմակերպությունների համար, որոնք նախընտրեցին համագործակցել Կինոյի տան, Հայաստանի կինոգործիչների միության հետ, իրենց լավագույն օրերը, տոները վստահել մեզ, որի համար անչափ շնորհակալ ենք։
Մեր հանդիսատեսը դիտեց բազմաթիվ լավ ֆիլմեր, ներկա եղավ բազմաթիվ հետաքրքիր հանդիպումների, քննարկումների։
Չմոռացանք մեր գործընկերներին՝ նշելով նրանց հոբելյանները, պատվո ամյակները, գնահատեցինք նրանց արածը, նրանց վաստակը և դա համարում ենք սովորական ընթացք, քանի որ անհնար է առանց երախտագիտության ու երախտապարտության։
Տարվա վերջին Երևանի կինոյի տունը միացավ CICAE-ի Եվրոպական Արտ հաուս կինոթատրոնային օրվա միջոցառումներին, Կինոյի տունը որպես կինոթատրոն միացավ Եվրոպայի մոտ 600 կինոթատրոնների ցանկին, որոնք միացել էին միջոցառմանը ։
Եվրոպական մի շարք քաղաքների կինոթատրոններում մեկ ամսվա ընթացքում ցուցադրվեցին տեղեկատվական հոլովակներ, որում նշվում էր նաև Երևանի կինոյի տան մասին։
Ամեն ինչ հնարավոր չէ նշել այս հաշվետվության մեջ, որովհետև լեցուն են եղել մեր բոլոր 365 օրերը։
Հուսանք ոչ մի կարևոր բան չենք մոռացել։
Կրկին ու կրկին շնորհավորում ենք բոլորիդ սիրելի տոների կապակցությամբ ու մաղթում առողջ, ներդաշնակ, բեղուն օրերով տարի։
ՍԿՍԵՆՔ 2026-Ը։
Հայաստանի կինոգործիչների միություն



