Ցուցահանդես Պրահայի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հայկական շաբաթօրա դպրոցում

  • 21.12.2025
  • 0
  • 204 Views

Դեկտեմբերի 20-ին Պրահայի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հայկական շաբաթօրա դպրոցում բացվեց աշակերտների գծագրական եւ գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Ողջունելով ներկաներին, հոգեւոր հովիվ Հայր Բարսեղը նշեց, որ Սուրբ Ծննդյան տոների նախօրեին որոշել են ներկայացնել նկարչության դասերին հաճախող աշակերտների աշխատանքները, այդպիսով նաեւ ամփոփելով այս կիսամյակի ընթացքում նրանց ուսանածը ։ Նկարչության դասատու, գեղանկարիչ Տիգրան Ալավերդյանն էլ ավելացրեց, որ ներկայացված աշխատանքները վերջին երեք ամիսների ընթացքում աշակերտների սովորած հմտությունների արդյունքն է։ Նրա ասելով, ներկայացվել են բոլոր աշխատանքները՝ առանց զանազանություն դնելու լավ կամ վատ գործերի միջեւ։ Կատարված աշխատանքները հիմնականում նատյուրմորտներ էին, բայց կային նաեւ այլ թեմաներով գործեր։ Տիգրան Ալավերդյանը ներկայացրել էր նաեւ իր աշխատանքներից՝ դրանք հանձնելով իր սաների դատին։

Երեխաները նաեւ երգեցին Հայաստանի օրհներգը, պարեցին, իսկ ցուցահանդեսի դիտումից հետո, խաղացին նաեւ «Գտիր Ձմեռ պապիկին» խաղը՝ միմյանց փոխանցելով նվերներ։

Մեզ հետ զրույցում ավագ դասարանի հայերենի ուսուցուչուհի Ալլա Եսայանը նշեց, որ երեխաները սիրով են հաճախում դպրոց, հատկապես նրանք, որոնք լավ չգիտեին հայերեն, սկսել են հայերենով շփվել եւ հաղորդակցվել։ Նշենք նաեւ, որ բացի հայերենի եւ նկարչության ուսուցումից, դպրոցում դասավանդում են նաեւ Հայոց պատմություն, երգ ու պար, շախմատ։ Ի դեպ շախմատի ուսուցիչը պրոֆեսիոնալ շախմատիստ Տիգրան Պետրոսյան Ս.-ն է։

Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոնական հանդեսը նախատեսված է հունվարի 6-ին՝ Սուրբ Հոգի եկեղեցում, պատարագից հետո։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում