Իսրայելի արտգործնախարարը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ կներակայացնի կառավարությանը. ինչպիսին են եղել նախորդ փորձերը

  • 26.06.2026
  • 0
  • 101 Views

Ինչպես հայտնում է@David Grigorian-ը, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը երեկ X-ի եթերում հետևյալ հայտարարությունն է արել.

«Ես կառավարությանը կներկայացնեմ հաջորդ նիստում հաստատման համար բանաձևի նախագիծ, որն ուղղված է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Օսմանյան կայսրության վերջին շրջանում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելը բարոյական և պատմական պարտավորություն է: Միևնույն ժամանակ, պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում պետք է դատապարտվի:

Այնուհետև բանաձևը կդրվի Քնեսեթի քվեարկությանը»:

Հղումը՝ https://x.com/gidonsaar/status/2070230122251350065?s=46

Իր հերթին, Նաիրա Բադալյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախապատմությանը, որը ներկայացնում ենք ստորեւ.

Իսրայելը պաշտոնապես երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն վերջին տասնամյակներում, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների սրման փուլերում, ճանաչման հարցը կամ համապատասխան օրինագծերը առնվազն 6-7 անգամ բարձրացվել են Կնեսետի (խորհրդարանի) կամ կառավարության մակարդակով, բայց վերջնական քվեարկության չեն հասել կամ տապալվել են:

1. 1989 թվական. Կնեսետի պատգամավոր Յաիր Ցաբանն առաջին անգամ հարցը բերեց խորհրդարանի օրակարգ: Թեև եղան դրական հայտարարություններ, կառավարությունը Թուրքիայի հետ ռազմավարական կապերի պատճառով տապալեց նախագիծը:

2․ 2001 թվական (Շիմոն Պերեսի հայտարարությունը). ԱԳ նախարար Շիմոն Պերեսը հայտարարեց, որ «այն, ինչ ապրել են հայերը, ողբերգություն է, այլ ոչ թե ցեղասպանություն»՝ պաշտոնական մակարդակով կտրուկ հետքայլ անելով նախկինում հնչած հումանիտար հայտարարություններից:

3․ 2011-2012 թվականներ. Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի աջակցությամբ, խորհրդարանն առաջին անգամ հրապարակային քննարկեց հարցը և այն փոխանցեց հանձնաժողովին: Բանաձևն այդպես էլ չմտավ լիագումար նիստի վերջնական քվեարկություն։

4․ 2016 թվական. Կնեսետի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և կոչ արեց կառավարությանը հետևել իր օրինակին: Սակայն սա միայն հանձնաժողովի հայտարարություն էր և չուներ իրավական ու պաշտոնական ուժ։

5․ 2018 թվականի փետրվար. Ընդդիմադիր «Եշ Ատիդ» կուսակցությունը ճանաչման օրինագիծ ներկայացրեց: Կառավարությունը դեմ քվեարկեց՝ պատճառաբանելով «դիվանագիտական բարդությունները»։

6․ 2018 թվականի մայիս-հունիս. Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հերթական սրումից հետո, Կնեսետը հավանություն տվեց հարցը լիագումար նիստում քվեարկելուն: Սակայն հունիսին նախագծի հեղինակ Թամար Զանդբերգը ստիպված եղավ հետ կանչել այն, քանի որ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը հրաժարվեց աջակցել դրան։

7․ 2021 թվականի նոյեմբեր. Կնեսետի մի շարք պատգամավորներ օրինագիծ ներկայացրին՝ առաջարկելով ապրիլի 24-ը հայտարարել հիշատակի օր: Նախագիծը կրկին չստացավ կառավարող կոալիցիայի աջակցությունը և ձախողվեց։

8․ 2025 թվականի օգոստոս. Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույցի ժամանակ հայտարարեց, թե Իսրայելը «փաստացի ճանաչել է ցեղասպանությունը, և Կնեսետը նման բանաձև է ընդունել»: Լրագրողի հարցին, թե ինչու վարչապետերից ոչ մեկը չի ճանաչում այն, նա պատասխանեց. «Ես հենց նոր արեցի»: Սակայն սա զուտ բանավոր հայտարարություն էր, իսկ փաստացի որևէ իրավական կամ պաշտոնական փաստաթուղթ Իսրայելի կողմից այդպես էլ չէր ընդունվել։

9․ 2026 թվականի հունիս. Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարեց, որ պատրաստվում է կառավարության հաջորդ նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի նախագիծ, որը հետո պետք է գնա Կնեսետ՝ քվեարկության: Սա հերթական փորձն է, որի վերջնական արդյունքը դեռևս պարզ չէ։

Հ․Գ․ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցը միշտ օգտագործվել է որպես քաղաքական գործիք (լծակ)։ Հայտարարություններն ու նախագծերը հայտնվում են այն ժամանակ, երբ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները ճգնաժամ են ապրում, սակայն հենց բանը հասնում է պաշտոնական կնիքին, Իսրայելի կառավարությունը հետ է կանգնում։ Քանի որ մենք՝ հայերս սիրում ենք ցանկալին որպես իրականությւոն ընդունել, այս անգամ էլ կարող ենք ոգևորվել; Սակայն, ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի․․․Իհարկե, ոչինչ բացառված չէ, հրաշքներ լինում են, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադարձությունները։ Սակայն, դա ոչ այսօրվա, ոչ էլ վաղը չէ մյուս օրվա հարց է։ Իսկ մենք սիրում ենք ,,անմիջապես բոբիկանալ ու մտնել ջուրը,, , ու ոգևորվել

Նաիրա Բադալյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում