ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի այցը Ավստրալիայի հայկական համայնքներ

  • 04.10.2025
  • 0
  • 279 Views

Լուսանկարում՝ Նախագահ Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ պատվիրակությունը՝ Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Խաչեր քահանա Հարությունյանի, ՀԲԸՄ Մելբուռնի մասնաճյուղի և ծխական խորհրդի անդամների հետ։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը Միության համաշխարհային մասնաճյուղեր այցերի շրջանակներում ուղևորվեց Ավստրալիա՝ հանդիպելու և կապերն ամրապնդելու Մելբուռնի և Սիդնեյի հայկական համայնքների հետ։ Պատվիրակության կազմում էին նախագահ Սիմոնյանը տիկնոջ՝ Սիլվա Սիմոնյանի հետ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Էլի Աքիլյանը տիկնոջ՝ Էլա Աքիլյանի հետ, ինչպես նաև Մասնաճյուղերի և Կենտրոնական վարչության տնօրեն Նատալի Գաբրիելյանը։ Այցը մեկնարկեց Մելբուռնից։

Հանդիպումներ Մելբուռնում

1989 թվականին հիմնադրված ՀԲԸՄ Մելբուռնի մասնաճյուղը կարևոր դեր է ունեցել տեղի հայ համայնքի զարգացման և կայունության գործում։ Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ մասնաճյուղը շարունակում է բարգավաճել և բազմաբնույթ նախաձեռնությունների միջոցով ազդեցիկ դեր ունենալ համայնքի կյանքում։ Դրանց շարքին են պատկանում կենտրոնում կազմակերպվող ամենամսյա ճաշկերույթը, տասնամյակներ շարունակ թողարկվող «Նոր Ձայն» եռամսյա տեղեկագիրը, որը վերջին տասնամյակում մեծացրել է տպաքանակն ու բարելավել որակը, ինչպես նաև «Հակոբ Պարոնյան» թատերախումբը, որը 1997 թվականից ակտիվ բեմադրում է ներկայացումներ: Այս նախաձեռնություններն ու բազում այլ ծրագրեր վկայում են մասնաճյուղի՝ մշակութային արժեքների հարստացմանն ու աշխույժ համայնքային կյանքին ուղղված վճռականության մասին։

Պատվիրակությունն այցելեց Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցի, «Ակինեան» ազգային վարժարան և «Մեսրոպ Մաշտոց-Մատթէոսեան» հայկական շաբաթօրյա վարժարան և ականատես եղավ, թե որքան ամուր հիմքերի վրա է դրված համայնքի կրթական, հոգևոր և մշակութային կյանքը։

Նախագահ Սեմ Սիմոնյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամ Էլի Աքիլյանը և Մասնաճյուղերի և Կենտրոնական վարչության տնօրեն Նատալի Գաբրելյանը հանդիպեցին Մելբուռնի Երիտասարդ արհեստավարժների և ՀԲԸՄ Մելբուռնի Երիտասարդական հանձնաժողովի հետ։

Ճամփորդության հիշարժան իրադարձություներից էր ՀԲԸՄ Մելբուռնի Տիկնանց հանձնախմբի նախաձեռնությամբ Մելբուռնի կենտրոնում կազմակերպված երեկոն, որը համախմբեց համայնքի շուրջ 150 անդամների, նվիրատուների և ներկայացուցիչների։ Երեկոյի ընթացքում ՀԲԸՄ Մելբուռնի ատենադպիր Պերճ Չակերյանի բացման խոսքից հետո սրտաբուխ ելույթներով հանդես եկան ՀԲԸՄ Մելբուռնի ատենապետ Մարալ Չորբաջյանը, Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Խաչեր քահանա Հարությունյանը և ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը։ Ավարտին ելույթով հանդես եկավ «Ազատ Ղարիբյան» պարային համույթը։

Այցի ընթացքում նախագահ Սիմոնյանն ու պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ ունեցան ՀԲԸՄ Մելբուռնի մասնաճյուղի, Երիտասարդական հանձնաժողովի և Մելբուռնի Երիտասարդ արհեստավարժների հետ՝ մտքեր փոխանակելու և ընթացիկ ու գալիք նախաձեռնությունները քննարկելու նպատակով։

Պատվիրակությունը՝ ՀԲԸՄ Մելբուռնի մասնաճյուղի շրջայցի ընթացքում։

Մելբուռնի այցը եզրափակվեց հրաժեշտի ընթրիքով՝ արտացոլելով համայնքի ջերմ և հյուրընկալ ոգին: Մարալ Չորբաջյանն իր ելույթում նշեց,- «Սա մեզ համար եռօրյա ոգեշնչող փորձառություն էր։ Ինչպես խոստացել էինք, մենք կշարունակենք խթանել և վառ պահել ՀԲԸՄ-ի առաքելությունը գալիք սերունդների համար»:

Նախագահ Սեմ Սիմոնյանը և պատվիրակությունը ՀԲԸՄ Մելբուռնի ղեկավարության հետ ընդունելության ժամանակ։ Վերջինս կազմակերպել էր ՀԲԸՄ Մելբուռնի Տիկնանց հանձնախումբը։

Հանդիպումներ Սիդնեյում

Պատվիրակությունն իր այցը շարունակեց Սիդնեյում, որտեղ նրանց ջերմորեն ընդունեց տեղի հայ համայնքը։ Շրջայց կատարելով ՀԲԸՄ «Ալեքսանդր» տարրական դպրոցում՝ նրանք ներկա գտնվեցին դպրոցի նոր գրադարանի և բազմագործառույթ կենտրոնի բացման և օրհնության արարողությանը։ Պատվիրակությունը նաև այցելեց «Համազգայինի Արշակ եւ ՍօՖի Գօլստըն» ճեմարան՝ ընդգծելով իրենց աջակցությունը քաղաքի հայկական կրթական հաստատություններին։

Հաջորդ օրը ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղում կազմակերպված ընդունելությունը համախմբեց համայնքի շուրջ 100 անդամների՝ ներառյալ ՀԲԸՄ ղեկավարությանը, բարերարներին և հոգևորականներին։

Նախագահ Սեմ Սիմոնյանը Սիդնեյի ՀԲԸՄ «Ալեքսանդր» տարրական դպրոցում ջերմ ընդունելության արժանացավ։

Պատվիրակությունը նաև բովանդակալից հանդիպումներ ունեցավ համայնքի ակնառու ներկայացուցիչների, այդ թվում՝ Թեքեյան մշակութային միության ատենապետ և ՀԲԸՄ Սիդնեյի նախկին ատենապետ հարգարժան Վահե Արթինյանի, ինչպես նաև Սիդնեյի Երիտասարդ արհեստավարժների և ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ներկայիս վարչության անդամների հետ։

Այցի ավարտին պատվիրակությունը հանդիպեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի և թեմական ու եկեղեցական խորհրդի անդամների հետ։ Հաջորդիվ ներկա գտնվեցին ՀԲԸՄ «Ալեքսանդր» տարրական դպրոցի 35-րդ հոբելյանական համերգին, որտեղ ելույթ ունեցան դպրոցի սաները։

ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղում կազմակերպված ընդունելության ժամանակ։

ՀԲԸՄ «Ալեքսանդր» տարրական դպրոցը հիմնադրվել է 1990 թվականին։ Վերջինս անկախ, համակրթական, երկլեզու (անգլերեն–հայերեն), քրիստոնեական դպրոց է։ Շեշտը դնելով ակադեմիական գերազանցության վրա՝ դպրոցը առաջարկում է համապարփակ ուսումնական ծրագիր՝ միտված խթանելու յուրաքանչյուր ուսանողի ինտելեկտուալ, հոգևոր, մշակութային, ֆիզիկական և անձնական զարգացումը։ Միջոցառման ընթացքում «Ալեքսանդր» տարրական դպրոցի վարչության անդամ Վահե Բոյաջյանը իր կատարած աշխատանքի համար արժանացավ ՀԲԸՄ «Երախտագիտության վկայական»-ի։

Դպրոցի տնօրեն Մանուկ Դեմիրճյանը դիմեց հանդիսատեսին և նշեց․ «Այսօր ՀԲԸՄ «Ալեքսանդր» տարրական դպրոցը Միության հիմնադիր անդամների տեսլականի կենդանի ապացույցն է։ Այստեղ երեխաներին շրջապատում են ավանդույթների ջերմությունն ու ժամանակակից կրթություն ստանալու ոգևորությունը։ Եկե՛ք չվախենանք երազել, եկե՛ք միասին կառուցենք ավելի հզոր ապագա։ Եկե՛ք աշխատենք ապագայում ավելի մեծ նվաճումներ ունենալու ուղղությամբ»:

Անդրադառնալով այցին՝ ՀԲԸՄ Սիդնեյի ատենապետ Միհրան Լեբեջյանը նշեց. «Պարոն Սիմոնյանի և պատվիրակության հետ անցկացրած ժամանակը, լինի դա միջոցառումների ընթացքում, հանդիպումների ժամանակ, թե քաղաքը միասին բացահայտելիս, ոգևորող և ոգեշնչող էր։ Զրույցները հաստատեցին, թե որքան հավատարիմ ենք բոլորս մեր տեսլականին։ ՀԲԸՄ-ն շարունակում է ընդլայնել իր նախաձեռնությունները համաշխարհային մասշտաբով, և մենք երախտապարտ ենք, որ մասնակից ենք այդ զարգացումներին և ոգևորությամբ ենք սպասում առաջիկա նախաձեռնություններին։ Խորապես գնահատում ենք նրանց այցն ու ակնկալում ենք միավորել մեր ջանքերը՝ ծառայելու ինչպես տեղի, այնպես էլ միջազգային համայնքներին՝ միաժամանակ հպարտորեն խթանելով մեր հայկական ժառանգությունն ու մշակույթը»։

ՀԲԸՄ «Ալեքսանդր» տարրական դպրոցի աշակերտները դպրոցի 35-ամյակին նվիրված համերգի ժամանակ։

Նախագահ Սիմոնյանն ամփոփեց իր տպավորությունները՝ նշելով․ «Ավստրալիայի հայկական համայնքների հետ անցկացրած ժամանակը ոգեշնչող էր: Սփյուռքի ամենահեռավոր համայնքը լինելով հանդերձ՝ տեղի հայերը խորապես հավատարիմ են ՀԲԸՄ առաքելությանը՝ իրենց ինքնությունը պահպանելու և մեր ժողովրդին առաջ մղելու հանձնառությամբ։ Դա հատկապես արտահայտվում է կրթության մեջ ներդրումներ անելու և նոր սերնդին առաջնորդության համար անհրաժեշտ գործիքներով ու տեսլականով զինելու պատրաստակամությամբ։ Մենք անկեղծ հպարտություն զգացինք՝ տեսնելով, թե որքան աշխույժ, ներգրավված և հնարամիտ են նրանք համայնքային կյանքի բոլոր ոլորտներում։ Այս այցելությունը վառ ապացույց էր, որ անկախ հեռավորությունից, մեզ բոլորիս միավորում է մեկ ընդհանուր նպատակ»։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որի նպատակն է բարեփոխել հայերի կյանքը կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալտնտեսական զարգացման ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր ՀԲԸՄն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am:

Նախագահ Սեմ Սիմոնյանը և տիկին Սիլվա Սիմոնյանը ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ղեկավարության հետ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում