30 տարի շարունակ Սահմանադրական դատարանը երբևէ չի իրականացրել սահմանադրական արդարադատություն. Նարինե Մկրտչյան

  • 29.06.2026
  • 0
  • 10 Views

1996թ․ փետրվարի 6-ին, երբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն ձևավորվեց Սահմանադրական դատարանի 1-ին կազմը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ԱԺ փետրվարի 6-ի նիստի իր ելույթում ընդգծեց․ «ՍԴ-ի կազմավորումը կարևորագույն քայլ է իրավական պետության ճանապարհին: Սա այն օղակն է, ուր քաղաքական կրքերը պետք է ստանան իրավական լուծում»:

Սակայն 1996թ․ սեպտեմբերին նախագահի ընտրությունների արդյունքների վիճարկումից մինչև 2026թ․ հունիսյան վիճարկումները՝ 30 տարի շարունակ, Սահմանադրական դատարանը երբևէ չի իրականացրել սահմանադրական արդարադատություն, ավելին՝ ուղղակի ոտնահարել է այն՝ կատարելով նախկին և ներկա իշխանությունների քաղաքական պատվերը։

Ես 2013թ․ նախագահի ընտրությունների ժամանակ ընտրագրավի իրավաչափության վիճարկման հարցով դիմել էի ՍԴ և տեսել եմ, թե ինչպես էին ընդմիջումից վերադարձած ՍԴ դատավորներն անտարբեր, ատամների արանքում մնացած ուտելիքի մնացորդները քչփորելով ՍԴ նիստ անցկացնում և որոշում ընդունում։ Ես լուսաբանել եմ ընտրությունների արդյունքների վիճարկման ՍԴ բազմաթիվ նիստեր, և տեսել եմ, թե ինչպես են անկհայտ և աղաղակող ընտրակեղծիքներն անտեսվում ՍԴ-ում, և ինչպես է ՍԴ-ն դակում գործադիր իշխանության քաղաքական որոշումները։

Անգամ ՍԴ չքմեղ ձևացող որոշումները չէին կատարվում, օրինակ, 2003թ․ ՍԴ-ն առաջարկեց ընտրություններից մեկ տարի անց Վստահության հանրաքվե անցկացնել, որն որևէ իրավական հետևանք չէր կարող ունենալ ընտրությունների արդյունքները կեղծած Ռոբերտ Քոչարյանի համար, սակայն այդ հանրաքվեն էլ չկայացավ։

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Սահմանադրական դատարանն իրականացրել և իրականացնում է գործադիր իշխանության քաղաքական պատվերը, ՍԴ-ն եղել և մնում է գործադիր իշխանության կցորդը։

ՀՀ իշխանությունները ՍԴ-ն հենց այդպես էլ ընկալում են՝ որպես կցորդ, այլ ոչ թե սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին։ Եվ ՍԴ դատավորները դարձել են ոչ թե արդարադատության մունետիկներ, այլ վերածվել են իշխանության կամակատարների։

Լևոր Տեր-Պետրոսյանի կանխատեսումը չիրականացավ․ քաղաքական կրքերը ՍԴ-ում իրավական լուծում չեն ստացել երբևէ, դրա համար էլ այդ կրքերը տեղափոխվում են փողոցներ և հրապարակներ։

2018թ․ Սահմանադրությունը փոխելով Սերժ Սարգսյանը, որպես հակազդեցություն, ստացավ «փողոցի շարժումը»։ Եվ 2018թ․ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում, օգտվելով՝ Սարգսյանի՝ հանրության կողմից մերժված Սահմանադրության վերառաջադրման ժամկետի արգելքի չեղարկումից, ձգտելու է այնպիսի Սահմանադրության նախագիծ հանրաքվեի դնել, որ իշխանության բոլոր ճյուղերի յուրացումն իր կողմից իրավական լուծում ստանա։

Ոչինչ նոր չէ լուսնի տակ, բոլոր բռնապետությունների ձգտումներն էլ նույն են, արդյունքներն ու հետևանքներն են տարբեր։

Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ

Երեւան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում