Հուլիսի 4-ից Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընթանում է Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների ամենօրյա բազմաժանր համերգներով, ինչպես նաև նրանց կողմից ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասերով։
Փառատոնի կազմակերպիչները, երաժիշտները և հանդիսատեսը սպասում էին նաև աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի կատարումներին, որոնք նախատեսված էին հուլիսի 12-ին, 14-ին և 15-ին, սակայն դրանք հետաձգվել են։
Իսկ հիմա «Կապան ֆեստ – 2025»-ը հայտարարում է աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինի մասնակցության մասին»։
Վադիմ Ռեպինը աշխարհի ամենապահանջված երաժիշտներից մեկն է։ Նա աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Աշքենազին, Դյութուան, Գերգիևը, Նագանոն, Լևինը, Տեմիրկանովը, և բեմ է կիսել Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Չեչիլիա Բարտոլիի, Գոթյե Կապյուսոնի, Ռիկարդո Մուտիի և այլ երաժիշտների հետ։ Վադիմ Ռեպինը, որը նվագում է Ստրդիվարիուսի 1722 թվականին կերտած «Rode» ջութակով, արժանացել է Ֆիանսիայի բարձրագույն պարգևին՝ Արվեստի և գրականության ասպետի շքանշանին։ Նա 2014 թվականից իր հիմնադրած Տրասնսսիբիրյան արտ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։
Կապան ֆեստ – 2025-ի շրջանակներում հուլիսի 14-ին ծրագրված է Վադիմ Ռեպինի համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, իսկ հուլիսի 15-ին՝ կամերային կազմով:
orer.eu



