
Երեկ Պրահայում տեղի ունեցավ «Մեկ աշխարհ» միջազգային 27-րդ կինոփառատոնի հանդիսավոր բացումը և «Հոմո Հոմինի» մրցանակի հանձնումը։ Նույն պահին Լյուցեռնա կինոթատրոնում տեղի ունեցավ հանրության համար բացումը։
«Պրահայի խաչմերուկ»ում հանդիսավոր երեկոյին բացման խոսքով հանդես եկավ Սլովակիայի նախկին նախագահ Զուզանա Չապուտովան, ով նաև հանձնեց Homo Homini մարդու իրավունքների մրցանակը, որն այս տարի պատմության մեջ առաջին անգամ ստացան երկու բացառիկ անձնավորություններ։ People in Need-ի գործադիր խորհուրդը որոշել էր մրցանակը շնորհել ուկրաինացի լրագրող Վիկտորիա Ռոշչինովային և նիգերացի լրագրող Ֆիլիպ Օբաջիին։ Ֆիլիպ Օբաջին մրցանակը ստացավ անձամբ, իսկ Վիկտորիայի անունից մրցանակը ստացան լրագրող Մաքսիմ Բուտկեւիչը եւ «Ուկրաինսկա պրավդա» առցանց թերթի գլխավոր խմբագիր Սեւհիլ Մուսաեւան։ Ցավոք, ինչպես պարզվեց, Վիկտորիան տանջամահ է եղել ռուսական գերության մեջ։ Բացման ֆիլմը սիրիացի ռեժիսոր Անաս Զավահրիի «Ուրվականներով լի հիշողություններ»ն էր։
Ներկաներին ողջունեցին նաեւ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության նախագահ Շիմոն Պանեկը, ինչպես նաեւ կինոփառատոնի գլխավոր տնօրեն Օնդրեյ Կամենիցիկին։
Հույզերով լի երեկո էր նաև Լուցեռնայում, որտեղ առաջին անգամ ցուցադրվեց նույն ֆիլմը, ինչ Պրահայի խաչմերուկում, որին հաջորդեց «Պարոն ոչ ոքն՝ ընդդեմ Պուտինի»( Pan Nikdo proti Putinovi) վավերագրական ֆիլմը։ Հետֆիլմային բանավեճին ներկա էին ինչպես գլխավոր դերակատար և համառեժիսոր Պավել Տալանկինը, այնպես էլ ռեժիսոր Դեյվիդ Բորենշտեյնը և պրոդյուսերական խումբը։ Ֆիլմն արժանացավ բուռն ծափահարությունների։
Հիշեցնենք, որ կինոփառատոնի շրջանակներում մարտի 15-ին եւ 17-ին ցուցադրվելու է ֆրանսահայ կինոռեժիսոր Ալեքսիս Փազումյանի «Սեւ այգին» ֆիլմը՝ նվիրված Արցախին։
Կինոփառատոնը կտեւի մինչեւ մարտի 20-ը Պրահայում, ապա այն կշարունակվի Չեխիայի 54 քաղաքներում։ Կցուցադրվեն 84 վավերագրական եւ 9 խաղարկային ֆիլմեր։
Լուսանկարը՝ Վայվա Բեժան, Լուկաշ Բիբա, Ադամ Մրաչեկ
orer.eu




