
ԱԳՆ հայտարարություն
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Ավելացնենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ՀՀ–ն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին 2 հոդվածը, տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է». հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, թե Հայաստանն արդեն տեղեկացրել է մնացած վերջին երկու կետերի ընդունման մասին. «Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է նա:
«Տեքստի վրա աշխատանքն ավարտվել է»,- հայտարարել է Բայրամովը՝ հավելելով,- «Հաջորդիվ Բաքուն սպասում է, որ Հայաստանը փոփոխություններ կանի իր Սահմանադրության մեջ»:
orer.eu