Դեկտեմբերի 3-ին Պրահայի նախագահական ամրոցի Իսպանական շքեղազարդ դահլիճում տոնական համերգով նշվեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, որն անցավ Չեխիայի նախագահի հովանու ներքո, առողջապահության նախարարության, կույրերի ու թույլ տեսնողների ընկերության (SONS) կազմակերպությամբ։ Ողջունելով ներկաներին, SONS-ի նախագահ Լյուբոշ Զայիցը նշեց, որ այս տարվա 29-րդ տոնական համերգը կանցնի Կարլովի Վարիի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Օնդրեյ Վրաբեցի գլխավորությամբ։ Նվագախումբը համերգային երեկոն բացեց Բեթհովենի Կորիոլանուսի կատարմամբ։
Համերգի հյուրը Ստրասբուրգից ժամանած 35-ամյա դաշնակահար Լեւոն Կարապետյանն էր։ 6.5 տարեկանում Լեւոնը կորցրել է տեսողությունը։ Հայ երաժիշտը ներկաներին հիացրեց Բեթհովենի 4-րդ կոնցերտը ազդեցիկ կատարմամբ։ Դահլիճի բուռն ծափահարությունների ներքո Լեւոնը ծրագրից դուրս կատարեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիան»։ Ինչպես նշեց նվագախմբի դիրիժորը, ելույթն անցավ հիանալի։ Զարմանալ կարելի է, թե առանց դաշնամուրի ստեղնաշարը տեսնելու, ինչպես կարելի է նման բարդ գործերը կատարել։
Հաջորդ համարը նույնպես կապված էր հայկականի հետ։ Չեխ տուբիստ Յան Ադամեցը, որը նույնպես կույր էր, կատարեց Ալեքսանդր Հարությունյանի Տուբայի եւ նվագախմբի համար կոնցերտը։ Նրա կատարումը նույնպես հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմությամբ։
Ինչպես նշեց համերգից հետո Լեւոն Կարապետյանը, շատ տպավորված է նվագախմբի հետ ելույթից եւ չեխ հանդիսականների ընդունելությունից։ Ի դեպ, Կարլովի Վարիի նվագախումբը ստեղծվել է 190 տարի առաջ, եւ ժամանակին այս նվագախմբի հետ իբրեւ դիրիժոր ելույթներ է ունեցել նաեւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 35-ամյա Լեւոն Կարապետյանը մանուկ հասակում կորցնելով տեսողությունը, սկսել է դաշնամուր նվագել, սովորել է մեկ հանրակրթական եւ երկու երաժշտական դպրոցներում, ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Նա նաեւ մասնակցել մի շարք մրցույթների, Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիր է։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել են Ստրասբուրգ։ Ելույթներով հանդես է գալիս նաեւ Երեւանում։
Orer.eu