«Փարաջանովյան օրեր» Հունաստանի մայրաքաղաք Աթենքում

  • 05.12.2024
  • 0
  • 136 Views

Դեկտեմբերի 3-4-ը Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Միխալիս Կակոյանիս հիմնադրամի (MCF) մասնակցությամբ, Հույն կինոռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild-GDG) հետ համատեղ, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպվեցին «Փարաջանովյան օրեր» Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ ի նշանավորում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿO-ի 2024-2025 թթ-ի Հոբելյանների ցանկում: Այս մասին հայտնում է Աթենքում Հայաստանի դեսպանությունը։

Միջոցառումների շարքը մեկնարկեց դեկտեմբերի 3-ին Միխալիս Կակոյանիս հիմնադրամի սրահում, որտեղ ողջույնի խոսքով ներկաներին դիմեց հիմնադրամի մշակութային ծրագրերի և միջազգային համագործակցության համակարգող Ալեքսանդրա Գեորգոպուլոն, ինչին հաջորդեց ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի (1979, 1989) «Աշխարհումս» ֆիլմ-էսսեն և Փարաջանովի (1967թ.) «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմերի դիտումը։

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ելույթով մեկնարկեց միջոցառման երկրորդ հատվածը, որի ընթացքում ներկաները հիմնադրամի կենտրոնական սրահում հնարավորություն ունեցան դիտել մեծ արվեստագետի աշխատանքների լուսանկարների ցուցահանդեսը, որոնք ներառում էին տարբեր ժամանակների Փարաջանովի նկարները և «Համլետ»-ի ներկայացման բացառիկ էսքիզների լուսանկարները. վերջինները Հայաստանից դուրս ցուցադրվում էին առաջին անգամ։

Դեսպանն իր խոսքում նշեց, որ Փարաջանովի նկարների ցուցահանդեսներ Հունաստանում կազմակերպվել են 1994 թ․ Սալոնիկի 35-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում և 2001 թ. Աթենքի Մելինա Մերկուրի մշակութային կենտրոնում։ Միաժամանակ նա հավելեց, որ փարաջանովյան ֆիլմարվեստի գլուխգործոցներից «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը 1966 թ․ Սալոնիկի առաջին միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում։

«Սերգեյ Փարաջանովն, անկասկած, 20-րդ դարի ամենաազդեցիկ համաշխարհային արվեստագետներից մեկն է։ Նրա թողած մշակութային ժառանգությունն անսպառ հարստություն է, որ ոչ միայն չի կորցնում իր հետաքրքրությունը, այլ օրեցօր ավելի է մեծացնում իր աշխարհագրությունը և, որ ամենակարևորն է, այս ամենը տեղի է ունենում բնական ճանապարհով։ Դժվար է մեկ անգամ առնչվել նրա արվեստին և չցանկանալ նորից ու նորից վերադառնալ դեպի այն։ Ես բազմաթիվ մարդիկ եմ ճանաչում, ովքեր Հայաստան այցելելիս առաջնային են համարում այցելել նրա տուն-թանգարան, սնվել նրա արվեստով. Փարաջանովը դարձել է մեր երկրի հիմնական այցեքարտերից մեկը։ Կարծում եմ, որ դա ունի իր խորքային և, դեռևս չբացահայտված առեղծվածը։ Փարաջանովն արվեստագետի այն տեսակն է, ով հաղթահարել էր իր ժամանակը, միջավայրերը, որտեղ նա հայտնվել էր կամա, թե ակամա և դարձել էր իսկական ռահվիրա, առաջնորդ դեպի նոր, դեռևս չբացահայտված տարածություններ ու ժամանակներ», – իր խոսքում նշեց դեսպան Մկրտչյանը։ Դեսպանն ընդգծեց, որ Փարաջանովին ներհատուկ է հին հունական առասպելաբանության մեջ կիրառված «բազմակողմ» (polytropos) բնութագրումը՝ կինո արվեստի բնագավառում։

Ընդունելությանը հաջորդեց հյուրասիրություն և հայկական խմիչքների համտեսում:

Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլիմի ցուցադրությունը: Նախ՝ ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի կինոռեժիսորների ընկերակցության ներկայացուցիչ Խրիստոս Քսենոսը, ով խոսեց Ս.Փարաջանովի ֆիլմերի առանձնահատկությունների և դրանց եզակի բնույթի մասին: Այնուհետև հաջորդեց փարաջանովյան արվեստի և հատկապես «Նռան Գույնը» ֆիլմի վերաբերյալ քննարկում։

«Փարաջանովի աշխարհներ և սցենարներ. Նամակներ բանտից» գրքի համահեղինակ և թարգմանչուհի Իլզե Պաեգլե-Մկրտչյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման նախապատմությունը և ներկայացրեց մեկնաբանություններ ֆիլմի որոշ դրվագներից։ Միաժամանակ նա անդրադարձավ Փարաջանովին ոչ միայն որպես ռեժիսորի և արվեստագետի, այլ նաև գրողի՝ ներկայացնելով նրա սցենարներից և նամակներից որոշ հատվածներ։

Կինոռեժիսոր, Հունաստանի հանրային ռադիոհեռուստատեսության լրագրող և «Լեռնային Ղարաբաղի նռները» վավերագրական ֆիլմի հեղինակ Թոմաս Սիդերիսը խոսեց Փարաջանովի կերպարի առանձնահատկությունների վեաբերյալ՝ հատկապես նշելով Փարաջանովի կողմից տարածության կիրառումը նաև «Նռան գույնը» ֆիլմում: «Իրատեսական միջավայրեր պատկերելու փոխարեն Փարաջանովը կառուցում է սիմվոլիկ իմաստով բեռնված տարածքներ: Ֆիլմի տեսողական լեզուն օգտագործում է առարկաներ, գույներ և ֆիզիկական տարածության դասավորություն՝ արտացոլելու գլխավոր հերոս, հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի ներքին հուզական և հոգևոր աշխարհը»,-նշեց ռեժիսորը։

«Նռան գույնը» ֆիլմի թվային վերականգնումն իրականացվել է (2004թ) Կինոյի համաշխարհային հիմնադրամի (Մարտին Սկորսեզեի հիմնադրամ) կողմից «Նյութական աշխարհ» կենտրոնի ֆինանսավորմամբ և բացառիկ ցուցադրությունը տեղի ունեցավ այդ հիմնադրամի արտոնմամբ:

Ֆիլմերի ցուցադրություններն իրականացվեցին Հայաստանի կինոկենտրոնի և Համաշխարհային Կինոֆոնդի աջակցությամբ։ Փարաջանովյան նկարների և էսքիզների ցուցադրությունը հնարավոր է դարձել Փարաջանովի թանգարանի աջակցության շնորհիվ։

Միջոցառումներին ներկա էին Հունահայոց թեմի առաջնորդ Տ․ Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանի խորհրդարանի անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում