Նոյեմբերի 21-27-ը Պրահայում անցկացվող Ֆրանսիական ֆիլմերի 27-րդ կինոփառատոնի բացումը կատարվեց Չեխիայի մայրաքաղաքի ամենագեղեցիկ կինոդահլիճներից մեկում՝ Լյուցեռնայում՝ «Մսյո Ազնավուր» ֆիլմի չեխական պրեմիերայով։ Ինչպես նշեց պաշտոնական բացումը վարող Եվա Լանգերբերովան ընդամենը մի քանի շաբաթում Ֆրանսիայում ֆիլմը դիտել է 2 միլիոնից ավելի մարդ։ Ավելին, փառատոնի շրջանակներում Ազնավուրին նվիրված հատուկ բաժնի շրջանակում կցուցադրվեն նաեւ նրա մասնակցությամբ Ֆրանսուա Տրյուֆոյի հայտնի ֆիլմը՝« Կրակեք դաշնակահարին»ը եւ 2019թ արտադրության «Ազնավուրը եւ նրա աշխարհը» փաստավավերագրական ֆիլմը։
Ազնավուրի, իբրեւ անհատի դերը կարեւորեց նաեւ Չեխիայում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Կրուզան, նշելով որ այս տարի տոնում ենք մեծ արտիստի 100-ամյակը, մի անհատի, որը ֆրանսիական մշակույթի դեսպանն էր ողջ աշխարհում։ Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ էր լինել պարոն Ազնավուրի գործընկերը, քանի որ վերջինս եղել է նաեւ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում եւ իբրեւ գործընկերներներ քանիցս հանդիպել են։ Դեսպանը շեշտեց, որ Ազնավուրը կամրջում էր երկու ժողովուրդներին, նրանց մշակույթները, եւ ինչպես ինքն էր ասում՝ «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ, եւ 100 տոկոսով հայ»։
Այնուհետեւ ներկաներին ողջունեցին փառատոնի գլխավոր հովանավոր Կոմերցիոն բանկի գլխավոր տնօրենը, ֆրանսիական Յունիֆրանս կազմակերպության ղեկավարը, Սինեմարտ դիստրիբյուտորական կազմակերպության տնօրենը։ Մասնավորապես հայտնի դարձավ, որ կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու է 47 ֆրանսիական ֆիլմ, որոնցից մեծ մասը միջազգային կինոփառատոներում հաղթած ֆիլմեր են։ Ի դեպ, միայն 2023 թվականին Չեխիայում ցուցադրված 53 ֆրանսիական ֆիլմերը դիտել է 634 հազար մարդ։
Վերադառնալով Մեհդի Իդիրի եւ Գրան Քորպս Մալադի հեղինակած «Մսյո Ազնավուր» ֆիլմին, պետք է միանգամից արձանագրել, որ ֆիլմը լայն զանգվածների համար նկարահանված գեղարվեստական պատում է, որը վառ գույներով լիովին ներկայացնում է Ազնավուր անհատի կայացման ողջ ճանապարհը։ Դերասանակական կազմը ընտրված էր հաջող, հատկապես արտակարգ էին Ազնավուրի դերակատար Թահար Ռահիմի (կինոսիրողները նրան կհիշեն Աքինի «ՍՊԻ» ֆիլմից), նրա մոր՝ Նարինե Գրիգորյանի, հոր եւ քրոջ դերակատարների, Էդիթ Պիաֆի՝ Մարի-Ջուլի Բաուպի եւ մյուսների խաղը։ Ֆիլմի սկզբում եւ վերջում առկա էին նաեւ պատմական, արխիվային կադրեր Հայոց ցեղասպանությունից, Սպիտակի երկրաշարժից, սակայն որեւէ ձեւով անծանոթ հանդիսատեսին բացատրություն չէր տրվում, թե դրանք որտեղ են եւ ինչ նշանակություն են ունեցել Ազնավուրի համար։ Առնվազն տողագրերով պետք էր նշել։ «Ուր էինք, ուր հասանք» արտահայտությունը, որ ֆիլմում քանիցս կրկնվում է Ազնավուրի հոր կողմից, անտեղյակ հանդիսատեսի համար լիովին հասկանալի չէ։ Սա սցենարի հեղինակիների բացթողողումն է։
Հատկանշական է նաեւ, որ Ֆրանսիական ֆիլմերի կինոփառատոնի գլխավոր ազդագրերի վրա Ազնավուրի ֆիլմի լուսանկարն էր, ինչը միանգամից ազդարարում էր փառատոնի գլխավոր ֆիլմի կարեւորությունը։ Ի դեպ փառատոնային օրերին այս ֆիլմի տոմսերն արդեն իսկ սպառված էին։
Ամեն դեպքում, Լյուցեռնա կինոթատրոնի հանդիսատեսը չեխական պրեմիերան ընդունեց ջերմ ծափերով, իսկ վերջում վայելեցին փառատոնի կողմից կազմակերպված հյուրասիրությունը։
Հ.Ա.
Orer.eu
Լուսանկարները՝ Պրահայի Ֆրանսիական ինստիտուտի եւ ՕՐԵՐ-ի