Համասյանի տրիումֆը Ռուդոլֆինումի պատմական դահլիճում

  • 23.11.2024
  • 0
  • 392 Views

«Prague Sounds» երաժշտական փառատոնի փակումը կատարեց հայազգի երաժիշտը։

Նոյեմբերի 20-ը երկար կհիշվի Պրահայի երաժշտասեր հանրության շրջանում։  Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար, վիրտուոզ երաժիշտ Տիգրան Համասյանն իր մենահամերգով ապացուցեց, որ իսկական երաժշտությունը սահմաններ չունի։ Ռուդոլֆինումի խստապահանջ հանդիսատեսը  4-5 անգամ կանգնեց ու բիս պահանջեց։  Համասյանը երեք անգամ բիս նվագեց։ Ես չեմ հիշում վերջին տասնամյակներին այս դահլիճում կայացած մեկ այլ համերգ, որ հանդիսատեսի պահանջով եւս երեք գործ կատարեն։ «Prague Sounds» երաժշտական փառատոնի փակումը դարձավ մշակութային մեծ իրադարձություն։

Մենահամերգի առաջին իսկ րոպեներից Համասյանը մտավ իր կախարդական աշխարհը եւ դուրս եկավ միայն ելույթի ավարտին։ Նա միաձուլվեց դաշնամուրին, ապրեց, երգեց ու ձայնակցեց իր սիրելի գործիքին, ներկայացնելով տարբեր տարիներին գրած ստեղծագործություններ, այդ թվում մի քանի գործ վերջին՝ «Հազարան բլբուլը»  ձայնասկավառակից։  Մի այլ ներշնչանքով կատարեց «Արագած» ստեղծագործությունը։

«Սիրում եմ, երբ ե՛ւ ջազային ստանդարտներով եմ նվագում, ե՛ւ իմ ու ժողովրդական ստեղծագործություններ»,- խոստովանեց Համասյանը համերգից հետո ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում։

Իսկ հայակական ժողովրդական մեղեդիները միահյուսվում էին նրա ջազային իմպրովիզներին ու իբրեւ ինքնուրույն երաժշտական գործ տարածվում դահլիճում։

Իսկ այն, որ դաշնամուրը հավանել էր, պարզվեց համերգից հետո մեր զրույցում։

«Այստեղի հանդիսատեսը շատ ջերմ է, հյուրընկալ եւ Պրահան ինձ շատ է դուր գալիս, շատ գեղեցիկ քաղաք է, շատ եմ սիրում։ Միշտ շատ լավ սրահներում լավ դաշնամուր է լինում, եւ համերգները շատ լավ են անցնում։ Ինձ համար կարեւորը դրանք են՝ սրահը եւ դաշնամուրը»,- ասաց Տիգրանը։

Անդրադառնալով «Հազարան բլբուլի» մասին երկրպագուների գնահատականներին, Տիգրանը նշեց. «Արձագանքը բավականին լավն է։ Նոր ծրագիրը մի քիչ ծավալուն է, այն միայն «Հազարան Բլբուլի» մասին չէ,  նաեւ ընդգրկում է պատմությունը՝ «Հազարան բլբուլ» առասպելը, որը ներկայացվում է ժամանակակից արվեստի տարբեր ոլորտների մարդանց հետ եւ տարբեր բնագավառներում, ոչ միայն երաժշտության միջոցով։ Այն ավելի մուլտիմեդիա ծրագիր է, ունենք բեմադրված տրանսմեդիա համերգ, որտեղ իմ գործընկեր արվեստագետները  եւ ռեժիսորները մեծ ու ծանրակշիռ աշխատանք են կատարել։ Թողարկել ենք նաեւ առցանց խաղը,  այսինքն՝ տեսահոլովակի ընթացքում խաղում ես։ Նաեւ շուտով դրամատիկ գեղարվեստական ֆիլմը կլինի, որի  կարճ հոլովակն արդեն թողարկել ենք։ Ֆիլմն ամբողջությամբ կցուցադրվի մյուս տարի։ Մինչ այդ երաժշտական տեսահոլովակի ձեւով երկու փոքր մաս կթողարկենք։ Արդեն առկա տեսահոլովակը նույնպես բավականին լավ արձագանքներ ունի արդեն։ Այսինքն փորձում ենք ավելի մասշտաբային ներկայացնել այս թեման» ։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կնվագի Պրահայի Երաժշտության թանգարանում  իր փորձած չորս տոնանոց դաշնամուրի վրա, Համասյանն ասաց.   

«Իհարկե , դա շատ հետաքրքիր դաշնամուր է, բայց մի քիչ  պրակտիկ չէ։  Ես մի այլ գաղափար ունեմ, բայց պետք է խոսեմ ստեղնաշարային գործիքներ պատրաստող մասնագետների հետ։ Շատ եմ ուզում հին կլավեսինի սիստեմով, նոր ստեղնաշարային գործիք ստեղծվի, ավելի թավ, ուդի նման ձայնով, որպեսզի կլավեսինի նման ճչան ձայն չլինի։ Բնականաբար, կուզեի միկրոտոնալ լիներ, որպեսզի կարողանամ հատուկենտ խաղիկները, կախ կամ բարձր նոտաները արտաբերել»։

«Նրա ելույթը փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկն էր՝ ամերիկացի ջազ սաքսոֆոնահար Բրենֆորդ Մարսալիսի քառյակի բացման համերգին զուգահեռ»,- այսպես շտապեց գնահատել Համասյանի ելույթը չեխական Novunky.cz  կայքի երաժշտական մեկնաբան Ալեքս Շվամբերգը։  

Նրա դիտարկմամբ, Համասյանը  հատուկ կոնցեպտ ունի, որտեղ հետևում է ջազային առաջատար դաշնակահարների, հատկապես Քիթ Ջարեթի աշխատանքներին, ում հետ առնչվում է  նաև այն, որ նա նվագելիս ինքն է երգում։ «Միաժամանակ նա իր քնարական ստեղծագործություններում հենվում է հայ երաժշտության ավանդույթների վրա»,- նշում է չեխ երաժշտագետը։

Վերջում միայն փաստենք, որ սա Համասյան-վիրտուոզի վեցերորդ ելութն էր Չեխիայում։ Անցած  տարիներին նա մասնակցել է ամենատարբեր փառատոների, արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը առաջին իսկ համերգներից՝ թե՛ Պրահայում, եւ թե՛ Բռնոյում։ Բայց «Prague Sounds»ի փակման համերգը նրա ելույթների գագաթնակետն էր ՝ համաշխարհային երաժշտարվեստում իր տեղը հաստատած երաժշտի տրիումֆը։

Կեցցե՛ս, սիրելի Տիգրան Համասյան։  

Հ.Ա., ՕՐԵՐ

Պրահա

 Լուսանկարները: Պետր Հայսկայի( Petr Hajská), Prague Sounds

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում