«Միասին» հիմնադրամը, որը նպատակ ունի նպաստելու հայ ժողովրդի կայուն և ներառական զարգացմանը, 2009 թվականից աջակցում է «Հայաստանի Նոր Անուններ» ծրագրին՝ կազմակերպելով երիտասարդ տաղանդավոր երաժիշտների ելույթները արտերկրում։
«Հայաստանի Նոր Անուններ» ծրագրի պատանի երաժիշտները նոյեմբերի 22-ին, 26-ին, 28-ին և 30-ին բացառիկ համերգներով հանդես կգան Շվեյցարիայում՝ ներկայացնելով հայ և միջազգային կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգները կկայանան Իվերդոնում, Ժնևում, Կլարանսում և Թրուանեում։ Նոյեմբերի 26-ի համերգը, որը կանցկացվի ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում, տեղի կունենա Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։
Ծրագրում ընդգրկված են ջազ, դասական և հայկական ժողովրդական ստեղծագործություններ։ Պատանի հայ երաժիշտները բացառիկ ելույթներով հանդես կգան՝ ներկայացնելով հայ մշակույթի ժամանակակից արտացոլումները, որոնք միաձուլում են ավանդույթն ու նորարարությունը։ Շվեյցարական հանդիսատեսը հնարավորություն կունենա ճանաչել ու գնահատել հայկական մշակույթի ժամանակակից արտացոլումները:
Համերգներն անվճար են, սակայն պահանջվում է պարտադիր գրանցում՝ https://forms.gle/dTbWnscbTDEnG8vL6
«Հայաստանի Նոր Անուններ» նախագիծը մեկնարկել է 1989 թվականին Սիլվա Մեքինյանի ղեկավարությամբ, ով նախկինում եղել է Հայաստանի ազգային օպերայի տնօրենը։ Ծրագիրը նորարարական ձևով համադրում է դասական երաժշտությունը, ջազն ու հայկական ժողովրդական երաժշտությունը։ Նրանց մեծ հաջողություններ են գրանցվել՝ ներկայացնելով համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Խաչատրյանը, Բրամսը, Բաբաջանյանը և Պիացցոլան։ Ծրագրում ընդգրկված պատանիները պատվով ներկայացրել են Հայաստանը հեղինակավոր միջազգային փառատոներում։
Հիշեցնենք, որ «Միասին» հիմնադրամի աջակցությամբ հայ պատանի երաժիշտները արդեն ելույթ են ունեցել Շվեյցարիայում 2009-ին, 2013-ին և 2017-ին՝ գրավելով հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Այս համերգները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնել հայկական հարուստ մշակույթը, այլև հարթակ են հանդիսանում երիտասարդ երաժիշտների համար, որոնցից շատերն արդեն խոստումնալից միջազգային կարիերա են սկսել։
Հայ պատանի երաժիշտների շրջագայությունը Շվեյցարիայում իրականացվում է «Միասին» հիմնադրամի նախաձեռնությամբ։
Դիտեք ֆրանսահայ կոմպոզիտոր կատարող Անդրե Մանուկյանի խոսքը Նոր Անունների մասին՝ https://www.youtube.com/watch?v=fcfhm-Z-9rg&t=58s
Միասին հիմնադրամի հիմնադիր նախագահ
Աստղիկ Մառանջյան
astrigmarandjian@gmail.com