Այսօր Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը
Գործադիրը հաստատել է Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ գործողությունների ծրագիրը: Արդյունքում՝ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախորդ նվաճումները, քաղված դասերը, անկախ փորձագիտական գնահատման արդյունքները, իրականացվել են ծավալուն ֆոկուս խմբային քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդների հետ՝ ապահովելով նախագծի շուրջ լայն հանրային կոնսենսուս», – նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Նախարարը հավելել է, որ բարեփոխումների 2024-2026 թթ. շրջափուլի անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նպատակներով՝ Ներքին գործերի նախարարության կայացման, ծառայությունների որակի բարելավում, նախարարության և ոստիկանության միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդում, ոստիկանության կառավարման սխեմայի և ֆունկցիոնալի ավարտական տեսքի բերում, ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցման ներդրում։
«Հատկանշական է, որ բարեփոխումների իրականացման արդյունքներն արտացոլվում են նաև հանրային հարցումներով։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցմամբ՝ ոստիկանության աշխատանքից գոհ է հարցվածների 62 տոկոսը: Մեր խնդիրն է շարունակել ջանքեր գործադրել վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Նախագծով հասցեագրվում են հետևյալ առանցքային ուղղությունները, մասնավորապես՝ ապահովվելու է ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ավարտական տեսքը, նորացված նկարագիր է սահմանվելու աշխատատեղերի համար և այլն: Խորքային վերափոխման է ենթարկվելու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարումը՝ բարձրացնելով ոստիկանությունում ծառայության գրավչությունը, խթանելով կանանց ներգրավումը, ամրապնդելով բարեվարքությունը, կառավարելով կոռուպցիոն ռիսկերը։ Բարեփոխվելու է կրթական միջավայրը, որի շրջանակում ձևավորվելու է ՆԳՆ միասնական կրթահամալիրը, ներդրվելու է ոստիկանության համակարգի մուտք գործելու մեկ միասնական խողովակ, երաշխավորվելու է անձնակազմի շարունակական կրթությունը», – ասել է նախարարը:
Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկվում հանրության օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար, նախատեսվում է հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակում առանձին հեռախոսահամարներով 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից՝ արագ սպասարկմամբ, որը նախատեսվում է իրականացնել 2026 թ.-ին։
Նախարարը ռազմավարության համատեքստում կարևորել է նաև հանցավորության կանխարգելման թեման, որը նախատեսում է հանցավորության կանխարգելման համալիր գործողությունների ծրագրի մշակում։ «Գործարկվելու է ոստիկանության հենասյունային վերջին ուղղությունը՝ Ոստիկանության գվարդիան։ Ռազմավարությունն անդրադառնալու է նաև մարդու իրավունքների պաշտպանության որոշ զգայուն հարցերի՝ նախատեսելով վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրում, ոստիկանության բաժինների տեսահսկման միասնական համակարգի ներդրում, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման արդյունավետության բարձրացում»,- ասել է Վահե Ղազարյանը՝ հավելելով, որ այս բոլոր գործողություններն ապահովելու են արդեն իսկ արձանագրված հաջողությունները և նոր արդյունքների գրանցումը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոստիկանության փոփոխությունների ռազմավարությունն ամենաարդյունավետ ընթացքի մեջ է, որովհետև այդ ճանապարհի մի զգալի մասն անցել են: Վարչապետը կարևորել է նաև հանրությանը փոփոխությունների երևացող և չերևացող կարևոր կողմերի մասին պարզաբանելու հանգամանքը. «Արդեն իսկ փոխվել է հետևյալը, եթե նախկինում ունեինք ոստիկանության մարզային վարչությունների և քաղաքային բաժինների և բաժանմունքների համակարգ, որը 90-ականների սկզբին ներդրվեց, և պետք է արձանագրել, որ իր էական արդյունքն ունեցավ Հայաստանում իրավակարգի ամրապնդման գործում, բայց նաև որոշակի փոփոխության ժամկետը, ժամանակը հասունացավ: Հիմա մենք այդ համակարգն այլևս չունենք, և բոլոր մարզերում մենք ունենք ուղղաձիգ ենթակայության երեք հիմնական կառույց՝ առանձին քրեական ոստիկանությունն է, որտեղ քրեական ոստիկանությունը մարզի մասշտաբով է աշխատում, որը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով»:
Վարչապետը նշել է, որ զուգահեռ նոյեմբերից ներդրվել են համայնքային ոստիկանություններ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է ոչ մեծ ծանրության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ և նաև քաղաքացիական գործերի հետ առնչություն ունեցող գործառույթներով՝ կապված ձերբակալվածներին պահելու, զենքի թույլտվությունների, համայնքի հետ ամենօրյա աշխատանքի հետ: «Հաջորդ ուղղությունը պարեկային ոստիկանությունն է: Ամենակարևոր առանձնահատկությունն ի՞նչն է, որ այս բոլոր կառույցներն ուղղաձիգ ենթակայությամբ ենթարկվելու են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը: Այսինքն՝ մարզային աստիճանակարգություն գոյություն չի ունենալու, որ, կարծում եմ, շատ կարևոր է», -նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով, որ ոստիկանության այս երեք ուղղությունները մարզային մասշտաբի նույն ղեկավարության ներքո չեն աշխատում, ինչը որոշակիորեն նաև հենց ոստիկանության ներսում հակակշիռների մեխանիզմ է ստեղծում:
Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել նաև ռազմավարությամբ իրականացվելիք բարեփոխումների պատշաճ իրագործումը։
Վարչապետն ընդգծել է նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտի ներդրման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նման դիրքորոշում նախկինում էլ է ունեցել. 2016 թ. հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ է եղել, այդ մասով իր ելույթի ժամանակ ասել է՝ ոստիկանությունը պետության ողնաշարն է, և չի կարելի ոստիկանությանն իր ծառայության համար թիրախավորել: «Շատ կարևոր է, որ մենք հիմա ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտ ունենանք։ Սա երկու կողմի համար է կարևոր, որովհետև շատ դեպքերում կա այսպիսի հարց, երբ ոստիկանությանն ուժ կիրառելու համար առարկություններ են ներկայացվում, շատ դեպքերում ես զգում եմ, որ մարդիկ չեն հասկանում՝ ասելով, որ մենք մեր գործն ենք անում։ Ինչ-որ առումով ճիշտ են ասում, բայց ճիշտ են ասում նաև նրանք, ովքեր ասում են, որ դրան պետք է որոշակի ձև, չափ ու սահման լինի։ Այս հարցն ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի», – ասել է երկրի ղեկավարը՝ այս հարցն համարելով կարևոր, որ բոլորի համար թափանցիկ լինի, թե ոստիկանությունը որ դեպքում ինչ տիպի ուժ պետք է կիրառի։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական համակարգի ներդրումների արդյունքներին, որոնք մարդիկ պետք է տեսնեն: Ըստ վարչապետի՝ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո որոշ մարդիկ ակնկալում էին, որ իր առաջնորդությամբ կամ գուցե հրահանգով մարդկանց հեղափոխական խմբեր կձևավորվեն, պետությունից գողացված գումարը հետ կվերադարձնեն կամ ապօրինի գույք ունեցողներին կտանեն ՔԿՀ-ներ: «Եթե անկեղծ ասեմ, քաղաքական առումով նման բան անելու հնարավորություն կար էլ, բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով, ասել ենք՝ պետք է գնանք ինստիտուցիոնալ ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է երկար տարիներ ձգվող դատավարություններին և նշել. «Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է. մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում: Ու սա լրջագույն քաղաքական խնդիր է: Այս խնդիրը պետք է լուծվի»:
Ըստ Մեդիամաքսի վարչապետն այդ ելույթում ասել է նաեւ.
«7 տարի դատավարություն է իրականացվում: Իմ ամենամեծ պրոբլեմն այն է, որ մարդիկ չեն հավատում՝ բոլոր բեմականացումների, սցենարների տակ ես չեմ ստորագրում։ Ես չեմ ուզում հասնենք նրան՝ մենք էլի գնանք ու շենքեր շրջափակենք, այս խնդիրը պետք է լուծվի:
Նույն մարդիկ, որ տարիներ շարունակ ճռռիկներ-վռռիկներ էին անում, շարունակում են նույնն անել: Ես կարող եմ մի քանի տարի համբերել, բայց իմ համբերության բաժակը լցվել է՝ դատական, իրավական, ուժային համակարգերի ներկայացուցիչներ, բոլորիդ ուղիղ ասում եմ։ Կներեք, բայց ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Սրա վերջն եկել է, ես էլ բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ»,- կառավարության նիստում ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գյուղեր այցելելիս մարդիկ դժգոհում են՝ «ժամանակին ումից վախեցել են, հիմա էլ են շարունակում վախենալ».
«Ու ստացվի, որ Հայաստանում թույլ իշխանությո՞ւն է։ Կներեք, ուրեմն թույլն ուժային կառույցներն են։ Ո՞նց կարա պետության դեմ որեւէ մեկը թպրտա, ո՞նց կարա տենց բան լինի։ Ինձ այլեւս ոչ մի բան չի հետաքրքրում, ես չեմ կարա թույլ տամ, որ այս երկրում որեւէ մեկը մտածի, թե վարչապետի ասածն է՝ «դե հա, բան էր, ասեց գնաց»։ Չի կարա տենց բան լինի»:
orer.eu