Ազնավուրի հոբելյանը համերգային փայլուն ծրագրով նշվեց Աթենքում

  • 15.11.2024
  • 0
  • 420 Views

Նոյեմբերի 14-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Աթենքի ֆրանսիական ինստիտուտի և Հունաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում՝ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ինչպես նաև Աթենքում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Դիբոն: Վերջինս անդրադարձավ Ազնավուրի մշակութային ժառանգությանը՝ նշելով, որ պատիվ է միջոցառումը Ֆրանսիայի մշակույթի տանը հյուրընկալելը: Դիվանագետի խոսքով, Ազնավուրը հայ-ֆրանսիական բարեկամության մարմնավորումն է, բարեկամություն, որն այսօր արդիական է առավել քան երբևէ:

ՀՀ դեսպան դեսպան Տիգրան Մկրտչյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր խոսել Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նվիրված այս բացառիկ համերգին։ Համերգը, որը կազմակերպվել է Աթենքի ֆրանսիական ինստիտուտի և Հունաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, հարգանքի տուրք է ոչ միայն երգի հսկային, այլ, առաջին հերթին, մի մարդու, ում ձայնը, ուղերձներն ու գործողությունները հատել են ժամանակն ու սահմանները, համախմբելով ամբողջ սերունդներին զգացմունքների, գործողությունների և համամարդկային արժեքների շուրջ»,-նշեց ՀՀ դեսպանը։

Դեսպաբ Մկրտչյանն ընդգծեց, որ․ «մասնագիտական դաշտում Շարլ Ազնավուրը նվաճել է բոլոր հնարավոր բարձունքները, նրան գնահատել, նրա մասին խոսել են լավագույն արվեստաբանները, երաժշտագետները իր իսկ կենդանության օրոք։ Ես խոսում եմ իբրև ունկնդիր, արվեստի սիրահար, ընթերցող, ով նաև պատիվ է ունեցել անձամբ շփվել այդ մեծության հետ։

Ազնավուրը համամարդկային սիրո խորհրդանիշ է։

Ազնավուրը համամարդկային ազնվության խորհրդանիշ է։

Ազնավուրը կյանքն արվեստ դարձնելու խորհրդանիշ է։

Այս եզրակացություններին ես հանգել եմ՝ ընթերցելով նրա մեմուարային գրականությունը, կարդալով նրա պոեզիան, լսելով նրա երաժշտությունը, դիտելով նրա համերգային կատարումները, ֆիլմերը։ Դա Շարլ Ազնավուրն է, ով, իր բառերով ասած 100% հայ է, 100% ֆրանսիացի, վստահաբար կարելի է ավելացնել, որ նաև 100% պարզապես մարդ։ Ես երջանիկ եմ, որ այդ 300%-անոց երևույթի արմատները սկիզբ են առնում հայ ժողովրդից»։

Միջոցառումը մեկնարկեց շանսոնյեի մասին պատմող հակիրճ ֆիլմի ցուցադրությամբ և «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և նախագահ, Շարլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի ուղերձով՝ նվիրված արտիստի 100-ամյակին, որը դեսպանությանը տրամադրել էր հիմնադրամը:

Համերգի ընթացքում հնչեցին Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները Սարո Զավենի մեկնաբանությամբ և խորեոգրաֆիկ ներկայացմամբ։

Համերգին ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հունաստանի կառավարությունից և խորհրդարանից, դիվանագիտական կորպուսից, հոգևոր առաջնորդներ և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

orer.eu

Facebook

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում