Նոյեմբերի 13ին Ժնեւի համալսարանի գրականության ֆակուլտետում կնշվի հայագիտական կենտրոնի հիմնադրման 50-ամյակը։ Այդ առթիվ կազմակերպվելու է «Պատմություն, համագործություն եւ մարտահրավերներ» խորագրով կլոր սեղանը։
Հայագիտական կենտրոնը ղեկավարում է Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Քալցոլարի Բուվիերը։ Դեռեւս 1974 թվականին այն գործում էր իբրեւ հայագիտական կենտրոն, որտեղ դասավանդում էր նշանավոր լեզվագետ Մարտիրոս Մինասյանը։
Ինչպչես նշված է միջոցառման ազդագրում, օրվա բանախոսներն են լինելու Վալենտինա Քալցոլարի Բուվիերը, Քորին Ամաչերը, Յասմինա Ֆոյեր-Յանսնսը։
Ելույթներ կունենան նաեւ հայագիտական ամբիոն-կենտրոնի ուսանողներ կամ դոկտորանտներ Լորենցո Կոլոմպոն, Բյուսրա Տոները, Արմենուհի Մկրտչյանը, Սառա Սկարպելինին եւ Էմիլիանո Զանելլին։ Ներկաներին կողջունեն նաեւ պարոն Ժակ Բեխերը, ՄԱԿի Ժնեւի ներկայացուցչությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, շվեյցարահայ հայտնի գործիչ, գործարար, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վահե Գաբրաշը եւ այլք։
Ի դեպ, հայագիտության դասընթացներին կարող են հետեւել ոչ միայն գրականույթան, այլեւ համալսարանի այլ ֆակուլտետների ուսանողներ։ Այստեղ գործում են ե՛ւ բակալավրիատի, ե՛ւ մագիստրոսական, ե՛ւ դոկտորական ծրագրեր։
Շնորհավորում ենք հայագիտական կենտրոնի դասախոսական կազմին եւ ուսանողությանը՝ մաղթելով նոր ծրագրեր եւ հարատեւ ընթացք։
Orer.eu