«Ֆիալան չեխին դուրս է բերել ադրբեջանական բանտից՝ բարեխոսելով առաջնորդ Ալիևի մոտ». չեխական մամուլ

  • 13.11.2024
  • 0
  • 144 Views

Դեռևս փետրվարի 3-ին ադրբեջանական APA գործակալությունն ու Trend ինֆորմացիոն կայքէջը տեղեկացրել էին, որ. «Ազգությամբ չեխ անհատը հատել է հայկական կողմի ականապատ գոտին և մուտք գործել ադրբեջանական տարածք»։

Հիշելով այս միջադեպը, նոյեմբերի 12-ի չեխական iDNES.cz և novinky.cz լրատու կայքէջերը հրապարակել են հետևյալ լուրը.

«Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան միջամտել է չեխ բանտարկյալի ազատ արձակմանը, ով սույն թվականի փետրվարին ձերբակալվել էր ադրբեջանական զինվորական ոստիկանության կողմից՝ հարևան Հայաստանից սահմանն ապօրինի հատելու պատճառով։ Երկուշաբթի օրը, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «COP29» համաժողովին մասնակցելու առիթով դեպի Բաքու թռիչքից առաջ, Ֆիալան այդ մասին հպանցիկ հիշեցրել է լրագրողներին»,- գրել է novinky.cz-ը։

Չեխական ČTK գործակալության հավաստմամբ, Ադրբեջանի իշխանությունները չեխին դատապարտել են մեկուկես տարվա ազատազրկման. «Նմանատիպ դեպքերի համար սովորաբար տուգանք է նշանակվում, սակայն Դանիել Բ.-ն իր հետ ունեցել է երկու չեխական անձնագիր և հեռաոսպնյակով լուսանկարչական ապարատ, ինչը դուր չի եկել տեղի իրավապահ մարմիններին»,- ընդգծել է ČTK-ն։

Ինչևէ, ամռանը Մեծ Բրիտանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախագահ Ալիևի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Ֆիալայի միջնորդության շնորհիվ, չեխ դահուկորդն Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջապես ազատ է արձակվել հուլիսին՝ ձերբակալությունից մոտ հինգ ամիս անց և վերադարձել հայրենիք։

Նոյեմբերի 11-ին Բաքու մեկնելուց առաջ լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք մտադիր է օգտագործել այդ ուղևորությունը քաղբանտարկյալների ազատ արձակման համար, թե՞ չի վտանգի չեխական զենք արտադրողների առևտուրն Ադրբեջանի հետ, վարչապետ Ֆիալան պատասխանել է, որ իր բոլոր ճամփորդությունների ընթացքում աջակցում է չեխական առևտրին, չեխական բիզնեսին և նաև մարդու իրավունքներին, ինչը ամենևին էլ հակասական չէ։ Միաժամանակ նա հիշել է նախագահ Ալիևի հետ նախորդ հանդիպումը, երբ բանտարկությունից ազատել է Չեխիայի քաղաքացուն։

Ահա սա է շարժառիթ հանդիսացել չեխ լրատու կայքերին՝ այսօր վերհիշելու և բարձրաձայնելու ամիսներ առաջ ձերբակալությունից ազատված ու տուն վերադարձած չեխ զբոսաշրջիկ դահուկորդի հետ պատահարը։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում