Զորյան ինստիտուտում կրթությունը եւ ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումը ակադեմիական առաջնահերթություն են, ո՛չ քաղաքական

  • 08.11.2024
  • 0
  • 449 Views

Զորյան ինստիտուտը իր հիմնադրման օրվանից ի վեր մշտապես եղել է եւ է հավատարիմ իր որդեգրած առաքելությանը։

Ցեղասպանագիտությունը օգնում է հասկանալ, թե ինչ պայմանների ներքո կարող են տեղի ունենալ ցեղասպանությունները եւ զանգվածային բռնության այլ ակտերը: Այն բացահայտում է մոտալուտ բռնության նախազգուշական նշաններն ու  օգնում է կանխատեսել նմանօրինակ հանցագործությունների տեւական հետեւանքները:

Շարունակական հետազոտությունների, հրապարակումների, գիտաժողովների կազմակերպման եւ կրթական նախաձեռնությունների միջոցով ինստիտուտը ձգտում է բարձրացնել ցեղասպանության և դրա կանխարգելման անհրաժեշտության մասին իրազեկվածությունը:

Զորյան ինստիտուտը որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն կոչված է իրականացնելու գիտահետազոտական ուսումնասիրություններ եւ բարձրացնելու մարդու համընդհանուր իրավունքներին, ցեղասպանությանը և սփյուռք-հայրենիք հարաբերություններին առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։ Դա արվում է գիտնականների եւ մասնագետների համակարգված շարունակական ջանքերի շնորհիվ՝ օգտագործելով համեմատական ​​և միջգիտակարգային ​​մոտեցում՝ համապատասխան բարձրագույն ակադեմիական չափանիշներին:

Ցեղասպանությունը որպես քաղաքական որոշում եւ հանցագործություն պետք է լինի համայն աշխարհի մտահոգության խնդիր բոլոր ժամանակներում (պատերազմների ժամանակ կամ խաղաղ պայմաններում), քանզի որեւէ ռասսայական, էթնիկ, ազգային կամ կրոնական խումբ լիովին ապահովագրված չէ մարդածին զազրելի հանցագործությունից։

Ցեղասպանությունը քաղաքական ակտ է և աշխարհաքաղական իրողության հետեւանք, որի ծրագրման եւ իրագործման համար, ի թիվս այլ շարժառիթների, կարեւոր դեր ունեն նաեւ ոճրագործ պետության տնտեսական եւ տարածքային ծավալապաշտական նկռտումները:

Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն, իր բնույթով եւս քաղաքական ակտ էր եւ տվյալ ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական իրողություն։ Առաջին աշխարհամարտը հարմար առիթ էր այն իրագործելու համար։

Հարկ է ընդգծել, որ Զորյան ինստիտուտը համագործակցել է Հայաստանի եւ հայաստանաբնակ գիտնականների հետ դեռեւս այն ժամանակ, երբ Հայաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության անդամ էր։ Առաջին համագործակցության հուշագիրը ստորագրվել է երջանկահիշատակ  պարոն Դալլաքյանի հետ, ով Սփյուռքագիտության ինստիտուտի ղեկավարն էր այն ժամանակ։

Այնուհետ Զորյան ինստիտուտը շարունակել է աշխատել անկախ Հայաստանի Հանրապետությունում բոլոր վարչակարգերի օրորք՝ երբեւէ չներքաշվելով արտաքին կամ ներքին քաղաքական քննարկումների կամ քաղաքականության մշակման մեջ, քանզի Ինստիտուտը վեր է քաղաքականությունից, եւ կատարած աշխատանքը ուղղված է օժանդակելու գիտական եւ կրթական ոլորտների զարգացմանը։

Զորյան ինստիտուտում կրթությունը եւ ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումը ակադեմիական առաջնահերթություն են, ո՛չ քաղաքական։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում