Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

  • 07.11.2024
  • 0
  • 49 Views


Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

Արամ Ա-ն վստահություն է հայտնել, որ Թրամփի ընտրվելը խոստումնալից էջ է բացելու ԱՄՆ պատմության մեջ։

«Դուք պատասխանատվություն եք ստանձնում աշխարհի պատմության ճակատագրական հանգրվանին: Վստահ ենք, որ ահավոր տագնապներով և մարդու իրավունքների բռնաբարումներով լեցուն աշխարհում դուք առաջնորդողի դեր պետք է ունենաք՝ արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության ու ճանաչման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արամ Ա-ն նաև վստահություն է հայտնել, որ Թրափն իր «ունեցած հարուստ փորձառությամբ, ուժեղ ղեկավարությամբ և միջազգային լայն կապերով կկարողանա ամուր հավատով ու քաջությամբ դիմագրավել մարդկությանը հուզող ճգնաժամերը»:

Հիշեցնենք, որ ուրբաթ, 1 Նոյեմբեր 2024-ին, հեռաձայնային հաղորդակցութիւն մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախկին նախագահ եւ ներկայ նախագահական ընտրութեան Հանրապետական կուսակցութեան թեկնածու Տանըլտ Թրամփի միջեւ՝ վերջինիս նախաձեռնութեամբ։
Մտերմիկ մթնոլորտի մէջ ընթացած խօսակցութեան սկիզբը, Տանըլտ Թրամփ բարձր գնահատեց Վեհափառ Հայրապետը՝ անոր ցուցաբերած իմաստուն ղեկավարութեան համար, ինչպէս նաեւ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց Արցախի հարցին եւ տարածաշրջանէն ներս ամբողջական խաղաղութեան հաստատման գծով։ Ան նաեւ ջերմօրէն ողջունեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու հայութիւնը՝ իբրեւ կազմակերպ, աշխոյժ եւ ուժական համայնք։

Վեհափառ Հայրապետը, առաջին հերթին, իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայնեց նախագահ Թրամփին՝ քանի մը օրեր առաջ Արցախի հայութեան իրաւունքներուն գծով անոր կատարած հրապարակային արտայայտութեան համար, միաժամանակ ընդգծելով Ամերիկայի Միացեալ Նահանգներու միջազգային դերակատարութեան կարեւորութիւնը, յատկապէս տագնապներով լեցուն ներկայ ժամանակներուն։ Ապա, Նորին Սրբութիւնը նախագահական թեկնածուին յստակօրէն պարզեց իր երկու ակնկալութիւնները՝
ա) անհրաժեշտ է, որ Միացեալ Նահանգներու կազմուելիք նոր կառավարութիւնը ամբողջական զօրակցութիւն յայտնէ՝ իր պատմական հողերը վերադառնալու եւ ինքնորոշման իրաւունքը վերահաստատելու Արցախի հայութեան արդար պահանջքին, միաժամանակ հաշուետուութիւն պահանջելով արցախահայութեան դէմ գործադրուած ցեղասպանութեան համար։
բ) Անհրաժեշտ է, որ նոր կառավարութեան մէջ ըլլայ ամերիկահայ համայնքը ներկայացնող յարմար անձ մը։

Վերջապէս, Հայրապետը առաջարկեց, որ յիշեալ հարցերուն գծով անհրաժեշտ է խորհրդակցիլ Արեւելեան ու Արեւմտեան ազգային առաջնորդարաններու եւ Ուաշինկթընի հայ դատի գրասենեակի պատասխանատուներուն հետ։

Յայտնենք, որ Միացեալ Նահանգներու Արեւելեան Հայոց Թեմին շնորհած Վեհափառ Հայրապետին հովուապետական այցելութեան վերջին օրը, Տիթրոյթի մէջ, հեռատեսիլէն իմանալով Հայրապետին ներկայութիւնը քաղաքին մէջ, նախագահական թեկնածու Տանըլտ Թրամփի կողմէ երկու բարձրաստիճան պատասխանատուներ հանդիպում ունեցած էին Նորին Սրբութեան հետ, իր իջեւանած պանդոկին մէջ, եւ անոր փոխանցած թեկնածուին ողջոյնները եւ պատրաստակամութիւնը կապ հաստատելու Վեհափառ Հայրապետին հետ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում