Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին. երկկողմ հանդիպումներ

  • 07.11.2024
  • 0
  • 95 Views

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:  

Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: 

Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: 

Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: 

Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները: 

Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ:  

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: 

 Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: Այս համատեքստում, կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: 

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն Հայաստանի և Սլովակիայի միջև փոխգործակցության զարգացման առումով ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, որ տեղի ունեցող քննարկումների արդյունքում հնարավոր կլինի պայմանագրի նախագծի բոլոր կետերի շուրջ հասնել համաձայնության և արդյունքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, դրա նպատակներին ու սկզբունքներին:

Ռումեն Ռադևը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Բուլղարիայի նախագահը նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հույս է հայտնել և ողջունել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության նախաձեռնողական քայլերը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ: 

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին:

Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ 

Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակել աջակցությունը և կիսել իր կուտակած փորձն ու գիտելիքները։ 

Կողմերը նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերին։ Էստոնիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում