Խորհրդային Ադրբեվանի մասնակցությամբ ընդունված 105-ամյա որոռումը Լեռնային Արցախի վերաբերյալ

  • 04.07.2026
  • 0
  • 18 Views


Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:

Այսպիսով, Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի իշխանությամբ օժտված մարմիններն իրենց իրավասության սահմաններում ընդունել են իրավական ակտեր և այդ ակտերը հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում: Թվում է՝ կոնֆլիկտը կարգավորվել է: Սակայն, հետագա դեպքերն ու իրադարձությունները ցույց տվեցին ճիշտ հակառակը:

1921թ. հունիսի 27-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի նախագահության նիստը որոշում է ընդունել անդրկովկասյան հանրապետությունների սահմանների վերաբերյալ հարցով հրավիրել արտակարգ պլենում:

Կովկասյան բյուրոյի նախագահության վերոնշյալ որոշման ընդունումից մեկ շաբաթ անց՝ 1921թ. հուլիսի 4-ին, 105 տարի առաջ ճիշտ այս օրը, Թիֆլիսում հրավիրվել է Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենում, որտեղ, բացի բյուրոյի ութ անդամներից, ներկա է գտնվել նաև Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Իոսիֆ Ստալինը։             

Չնայած նրան, որ 1920թ. նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի որոշմամբ Լեռնային Արցախը ճանաչվել է Խորհրդային Հայաստանի մաս, իսկ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանն էլ, հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր դիրքորոշումները, 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ Լեռնային Արցախը այսուհետ հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, այդուհանդերձ, ի շարս բազմաթիվ օրակարգային հարցերի, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոն քննարկվել է նաև Արցախի պատկանելիության վերաբերյալ հարցը:           

Հարցի քննարկման ժամանակ ի հայտ է եկել լուծման երկու տարբերակ՝

1.Ղարաբաղը (Արցախը) թողնել Ադրբեջանի սահմաններում, հանրաքվե անցկացնել ամբողջ Ղարաբաղում (Արցախում) ողջ բնակչության մասնակցությամբ ինչպես հայերի, այնպես էլ մահմեդականների։

2. Ղարաբաղի (Արցախի) լեռնային մասն ընդգրկել Հայաստանի կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում (Արցախում), այսինքն՝ հայերի շրջանում։         

Վերոնշյալ երկու տարբերակներից քվեարկության արդյունքում ընդունվել է երկրորդ տարբերակը, այն է՝ Լեռնային Ղարաբաղն (Արցախն) ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում (Արցախում), այսինքն՝ հայերի շրջանում:

Կովկասյան բյուրոյի ութ անդամներից հինգը՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, Հմայակ Նազարեթյանը, Սերգո Օրջոնիկիձեն, Սերգեյ Կիրովը և Յուրի Ֆիգատները, այսինքն՝ մեծամասնությունը, «կողմ» են քվեարկել երկրորդ տարբերակին, ինչպես պարզորոշ երևում է կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 4-ի պլենումի գաղտնազերծված արձանագրությունից: 

Որոշման ընդունումից անմիջապես հետո Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նարիման Նարիմանովը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․ «Նկատի ունենալով այն կարևորությունը, որն ունի ղարաբաղյան հարցն Ադրբեջանի համար՝ անհրաժեշտ եմ համարում նրա վերջնական որոշման համար այն տեղափոխել Ռուսաստանի կումունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե»:

Նարիմանովի հայտարարության հիման վրա որոշվել է հետևյալը. «Նկատի ունենալով, որ Ղարաբաղի վերաբերյալ հարցն առաջացրել է լուրջ տարաձայնություն՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոն անհրաժեշտ է համարում նրա վերջնական որոշման համար այն տեղափոխել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե»:

Սակայն, հարցի քննարկումը Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե տեղափոխելու փոխարեն, հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, կոպտորեն խախտելով հարցերի քննարկման և քվեարկության ընթացակարգերը, քննարկված և քվեարկված, այսինքն՝ արդեն լուծված հարցի վերաբերյալ ընդունվել է նոր որոշում, որին հանգամանորեն կանդրադառնանք 2026թ. հուլիսի 5-ին՝ ճակատագրական որոշման ընդունման օրը:

Ստորև՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 4-ի պլենումի գաղտնազերծված, 11-րդ արձանագրության բնօրինակի լուսապատճենը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ  

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում