Հոկտեմբերի 19-ին Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Վարշավայի «Iluzjon» կինոթատրոնում մեկնարկեց «Փարաջանով․ կինոյի գույները» ֆիլմերի հետահայաց 1-շաբաթյա ցուցադրության ծրագիրը՝ «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրմամբ և Ս․Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ։ Այս մասին հայտնում են Վարշավայում Հայաստանի դեսպանությունից։
Միջոցառմանը ողջույնի ելույթներով հանդես եկան Լեհաստանի Ազգային կինոարխիվ – տեսալսողական ինստիտուտի տնօրեն Տոմաշ Կոլանկևիչը, դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Լեհ-հայկական հիմնադրամի տնօրեն Վիկտորյա Օվսեփյանը, «Zachęta» ազգային պատկերասրահում Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդեսի համադրող Յոաննա Կորդյակը, ֆիլմի մասին դասախոսություն կարդաց կինոգետ, կինոքննադատ Միլոշ Ստելմախը։
«Փարաջանով․ կինոյի գույները» կինոդիտումների ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև «Աշուղ Ղարիբը», «Մոռացված նախնիների ստվերները», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», «Անդրիեշ», «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերի, ինչպես նաև «Ոսկի ձեռքեր», «Կիևի որմնանկարներ», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրում և հաջորդիվ քննարկումներ։
Ծրագիրն անց է կացվում Ազգային կինոարխիվ – տեսալսողական ինստիտուտի, «Iluzjon» կինոթատրոնի, «Zachęta» ազգային պատկերասրահի, Լեհաստանում Հայաստանի դեսպանության, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատարի, Լեհ-հայկական հիմնադրամի, Հայաստանի կինոյի հիմնադրամի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համագործակցաբար։
orer.eu