Հայազգի հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ինչպես նաեւ Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնն արժանացել են 2024թ. Նոբելյան մրցանակի

  • 14.10.2024
  • 0
  • 797 Views

Տնտեսագիտության բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել են հայազգի հանրահայտ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ինչպես նաեւ տնտեսագետներ Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը այն ուսումնասիրության համար, թե ինչպես են ձևավորվում ինստիտուտները և ինչպես են դրանք ազդում բարգավաճման վրա։ Այս մասին տարածել է Նոբելյան մրցանակի կոմիտեն իր X-ի էջում։ Տարոն Աճեմօղլուն մեր ժամանակների ամենահռչակավոր տնտեսագետներից է։

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական, տնտեսագետ  ստամբուլահայ Տարոն Աճեմօղլուն եւ Չիկագոյի համալսարանի դասախոս, քաղաքագետ Ջեյմս Ռոբինսոնը հանրահայտ «Ինչո՞ւ են ձախողվում ազգերը» հանրահայտ գրքի հեղինակներն են։

Մրցանակը շնորհվել է երկուշաբթի օրը Ստոկհոլմում: Սա այս տարի տրվող Նոբելյան վերջին մրցանակն է և կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (1,1 միլիոն դոլար):

Ինչպես հայտնում է armradio-ն «Երկրների միջև եկամուտների հսկայական տարբերությունների կրճատումը մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներից մեկն է», — ասել է Տնտեսական գիտությունների մրցանակի կոմիտեի նախագահ Յակոբ Սվենսոնը:

«Դափնեկիրները ցույց են տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը դրան հասնելու համար», — ավելացրել է Սվենսոնը:

Աճեմօղլուն ծնվել է 1967թ., Ստամբուլում (Թուրքիա), հայ ընտանիքում։

Տարոն Աճեմօղլուն 1986 թվականին ավարտել է Գալաթասարայի վարժարանը։ Բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։ 1992 թվականից սկսած Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ էկոնոմետրիակայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։ 19921993 թվականներին տնտեսագիտություն է դասավանդել Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում։

2004 թվականից Մասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է։ Անդամակցում է Առաջավոր հետազոտությունների կանադական ինստիտուտի Տնտեսական աճի ծրագրին։ Ինչպես նաև միացել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյին, Քաղաքական հետազոտությունների կենտրոնին և Տնտեսական ցուցանիշների կենտրոնում։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Աճեմօղլուն պարգևատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով (John Bates Clark Medal), որը տրվում է մինչև 40 տարեկան տնտեսագետներին։ Մրցանակի 36 հաղթողների թվում մեկն է այն յոթից, ովքեր ամերիկացի չեն, և մեկը երկուսից, ովքեր ծագումով ԱՄՆ-ից, Կանադայից կամ Եվրոպայից չեն։

Նրա նշանավոր մտքերից են.

-Բարգավաճման հիմքը հաստատություններն են, այլ ոչ՝ մշակույթը կամ աշխարհագրությունը։

-Չափազանց վտանգավոր է, երբ տնտեսական անհավասարությունը վերաճում է քաղաքական անհավասարության։

«Աճեմօղլուի ատենախոսությունը բաղկացած է յոթ ծավալուն գլխից, որոնցից յուրաքանչյուրը բարձրագույն որակի էր և կարող էր ինքնին մի մեծ հոդված լինել։ Իսկապես, դրանցից երեք համեմատաբար թույլերը լիովին կբավարարեին փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալուն»,- ասել է Ջեյմս Մալքոլմսոն՝ դոկտորական ատենախոսության ընդդիմախոսը:

«Տարոն Աճեմօղլուի գիտելիքի ծավալն աննկարագրելի է, գրեթե անհնարինի սահմանին։ Նրա համահեղինակներից մեկը կատակով բողոքում էր, որ «Տարոնն ավելի արագ է գրում, քան ես հասցնում եմ յուրացնել նրա հետազոտությունները»։ Մեկ այլ տնտեսագետ պնդում էր, որ նրա բացառիկ արդյունավետությունը կարող է բացատրվել միայն երկվորյակ եղբոր գոյությամբ»,- նշել է Դուգլաս Քլեմենթը՝ The Region-ի խմբագիրը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանն արժանացել էր բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի։ 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում